«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐՃ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ». ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 9-ին՝ ժամը 18։30-ին, Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վճռորոշ հանրահավաքը։

Շարժման մասնակիցները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա եւ լարված իրավիճակից ու վիճաբանությունից հետո գիշերեցին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկների հատվածում։
ArmLur.am-ը զրուցել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ։ Զրուցել ենք իշխանական պատգամավորների հայտարարությունների, իմպիչմենտի գործընթացի, «Շարժման» պահանջների եւ այն հաջողելու քայլերի մասին։
-Պարո՛ն Մանուկյան, հունիսի 9-ին Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ իմպիչմենտի եւ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծը արդեն իսկ Ազգային ժողովի օրակարգ պետք է մտնի. սակայն, եթե նույնիսկ օրակարգ մտնի, պետք է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից 18 ձայն եւս: Ինչպե՞ս եք պատրաստվում իրագործել այս նախագիծը եւ հասնել արդյունքի:
-Իրականում հանրային տրամադրությունների արտահայտությունն է դա: Հունիսի 9-ին արդեն «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները ստորագրել են այդ օրակարգի համար, այսօր (խմբ.)՝ ժամը 16:00-ին, կայանալու է Ազգային ժողովի խորհրդի նիստը, եւ այդ օրակարգով Ազգային ժողովի օրակարգում արտահերթ նիստ գումարելու առաջարկն է լինելու, բայց, կրկնում եմ, հանրային ճնշում, հանրային տրամադրությունների ազդեցությունը, վստահ եմ՝ ՔՊ-ում էլ լավ հասկանում են: Սա հերթական փորձերից մեկն է՝ այս ամբողջ ընթացքը կասեցնելու: Բոլոր գործիքակազմերը պետք է օգտագործվեն:
-Պարո՛ն Մանուկյան, իշխանական պատգամավորները հունիսի 9-ին՝ երթի ընթացքում էլ պարբերաբար ծաղրում էին, ասում էին՝ «Մեկ անգամ՝ մեկ ժամ ժամանակ տվեցին Նիկոլ Փաշինյանին, հետո ավելացրին 15 րոպե, հիմա՝ 96 ժամ…ինչի՞ համար են հիմա այստեղ սպասում, եթե նախկինում տրված ժամանակներն այդպես էլ արդյունք չունեցան»:
-Գիտեք, նրանցից մեծ մասն այն տարիքում է որ չի ունեցել քաղաքական լուրջ կենսագրություն, նրանք չեն տեսել թե մի քանի տարի առաջ ինչ է կատարվել Հայաստանում: Ես իմ քաղաքական գործունեության 30 եւ ավելի տարիների ընթացքում այնպիսի ամբարտավան իշխանությունների եմ տեսել, որոնք մի գիշերվա մեջ այնպես են ճամբարափոխ եղել, որ դժվար է անգամ պատկերացնել: Ինքս 1991 թվականից քաղաքական գործընթացների մեջ եմ, երբ այդ տարի Բաղրամյան պողոտայում նստացույց էր, մասնակցում էի այդ ակցիային եւ ընդամենը 21 տարեկան էի:
Պարզապես գործող իշխանության ներկայացուցիչներից շատերի քաղաքական կենսագրությունն այնքան կարճ է, որ չունեն այդ հիշողությունը:
-Այսինքն՝ չե՞ն կարող բավարարող մեկնաբանություն տալ ստեղծված իրավիճակին:
-Ոչ, պարզապես մի ամբարտավանություն է մտած իրենց մեջ, որ փուչիկի նման ամեն վայրկյան կարող է պայթել:
-Պարո՛ն Մանուկյան, ընթերցեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մեկի հայտարարությունը՝ ժամեր առաջ (խմբ.) հրապարակված. Սոնա Ղազարյանն է գրել: «Ո՞վ կմտածեր, որ հենց հերթական նիստերի հայտարարության ժամը կարելի էր ներկայացնել շարժման հանգուցալուծում՝ արտահերթ նիստ
ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենք Հոդված 40 Հերթական նիստերի ընթացքը
3) հերթական նիստերի երեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում, որի ընթացքում պատգամավորները կարող են հանդես գալ հայտարարություններով…»
-Ներողություն եմ խնդրում, այդ պատգամավորը երիտասարդ կին է, ամոթ է պարզապես… Սրբազանի լեզվական սայթաքումը, հասարակ վրիպակն էր պարզապես պատճառը, որ ժամային այդ գրաֆիկն է նշել. սակայն դա դարձնել ֆեյսբուքյան «ստատու՞ս, մի՞թե դա քաղաքական գործչի մակարդակի գործողություն է:
Լավ կլիներ այս պարագայում ավելի լուրջ դրսեւորեին իրենց:
Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

ԱՌԱՋԱՐԿԸ ՄԵՐԺՎԵՑ, ԲԱՅՑ ՆԻՍՏԸ ԿԿԱՅԱՆԱ
«ԱԺ խորհրդի մեծամասնության կողմից հերթական անգամ մերժվեց մեր առաջարկը»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ոչ մի հիմնավորում չկար, մենք ասել ենք, որ այս իրավիճակը քննարկման համար անհրաժեշտություն է, որովհետեւ մեր ժողովրդի մի մասը դժգոհ է այս իշխանությունից՝ ելնելով նրանից, որ իշխանությունները չեն կատարում 2021-26 թթ. կառավարության ծրագիրը։ Նախագիծը մերժվել է, բայց իրավունքի ուժով որպես արտահերթ նիստ այն կայանալու է ամսի 17-ին », – ասաց Օհանյանը։
Վերջինս նշեց, որ ունեցել են 27 ստորագրություն, ինչը խնդիրներ չի ստեղծել, իսկ բացակա պատգամավորները չեն մասնակցել, քանի որ հուղարկավորության են մասնակցել։

ՇԱՐԺՈՒՄԸ ԹԱՓ ՀԱՎԱՔԵԼՈՒ ՊՐՈՑԵՍՈՒՄ Է
«Համբերություն է պետք, որ շարժումն ունենա հաջողություն». այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
«Ստրատեգիական համբերությունը շատ կարեւոր է, եթե մենք ունենանք համբերություն, հաջողություն ունենալու ենք։ Հայաստանում ստեղծվել է լուրջ ճգնաժամ, ստեղծվել է լուրջ ներհանրային, տոքսիկ մթնոլորտ եւ ստեղծվել է լուրջ լարվածություն մեր սահմաններին, ու այս ճգնաժամը պետք է հաղթահարվի։ Ճգնաժամի հաղթահարման միակ ճանապարհը նոր իշխանությունն է։ Նոր սոլիդ իշխանություն, որը կփորձի խաղաղություն բերել երկրի ներսում եւ սահմաններին»,- ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ «շարժումն» ընթանում է բավականին գրագետ։ «Ես կարծում եմ՝ «շարժումը» դինամիկ թափ հավաքելու պրոցեսում է եւ դեռ չի հասել իր պիկին, ունի կոնսոլիդացիոն մեծ ռեսուրս, նոր սոցիալական շերտեր են միանալու»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է իշխանությանը, Հովհաննիսյանը նշեց, որ այս շարժումը նրանց համար լավ շանս է՝ սահուն, անցնցում, խաղաղ, բանակցային ճանապարհով իշխանության հանձնման համար։ «Այս երկրին ո՛չ ցնցում է պետք, ո՛չ արյուն, ո՛չ նոր լարվածության փուլեր են պետք։ Եթե նրանց հաշվարկը շարժումը ինչ-որ պահից մարելն է, բա դրանից հետո ի՞նչ է լինելու, դրանից հետո լինելու է ռադիկալիզացիա», – ասաց նա։
Ըստ նրա՝ շարժման նկատմամբ նաեւ բավականին դրական արտաքին ֆոն կա։

«ՀԱՍՆԵԼՈՒ ԵՆՔ ԼՈՒԾՄԱՆ». Հ. ՄԱՄԻՋԱՆՅԱՆ
Մերժման համար որեւէ տրամաբանական պատճառաբանություն չի բերվել բացառությամբ մեկի։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԱԺ խորհրդակցական նիստի ժամանակ ընդդիմադիր խմբակցությունների` արտահերթ նիստ անցկացնելու առաջարկին։
«Իրենք համարում են, որ մեր երկրում ամեն ինչ նորմալ է։ Գյուղեր են հանձնվում, մարդիկ են փողոցում ծեծվում, մարդիկ դառնում են քաղբանտարկյալ, ու դա իրենց համար նորմալ է։ Միայն մեկ լուծում կա. իրենք պիտի լսեն ու կլսեն, որ երկրում ամեն ինչ նորմալ չէ՛ ու հաշվի կնստեն ժողովրդի ցանկության հետ։ Դրա պատասխանը դրսում Բագրատ Գալստանյանը տալիս է։ Այս առաքելությանն այլընտրանք չկա», – ասաց Մամիջանյանը։
Անդրադառնալով Սրբազանի՝ 96 ժամում հարցը լուծելու մասին հայտարարությանը, Մամիջանյանն ասաց. «Մինչեւ այդ շատ ջրեր կարող են հոսել, գուցե 96 ժամ հետո հարցը դեռ լուծված չլինի, բայց ակնհայտ լինի, որ հասնելու ենք լուծման»։

ԿԱՆԽԵԼ Է ՊԵՏՔ ԱՐԱՏԱՎՈՐ ԸՆԹԱՑՔԸ
«Մենք ալյեւս չենք խոսելու սահմանազատում, սահմանագծում տերմիններով: Հայրենիք հանձնելու մասին է այս ամբողջ պատմությունը»: Այս մասին երեկ՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում ցուցարարներին ասաց Բագրատ Սրբազանը:
«Եթե չկանխենք, շարունակաբար է դառնալու. Վերին Ոսկեպար, Ազատամուտ են հասնելու: Ամեն ինչ հանձնելու են իրենց աթոռը պահելու համար: Սա մեր երկրի պատկերն է: Կասեցնելու պահանջը մեկն է՝ այս մարդու հեռացումը», – հավելեց նա:
«Երկուշաբթի օրով՝ աշխատանքային ժամին այսքան մարդու ներկայությունը արդեն իսկ վկայում է այն մասին, որ մեր երկրում փոփոխությունների գործընթացները չեն ավարտվելու: Ի հեճուկս բոլոր զազրախոսների՝ չեն ավարտվելու: Դուք այնքան խորությամբ եք այդ ցավը հասցրել մարկանց, այնքան բազմակողմանի, որ այդ գործողությունների ընթացքը չի ավարտվելու», – ասաց նա՝ նշելով, որ իրեն չի հուզում, թե ինչ վերագրումներ են անում իշխանության ներկայացուցիչները:
«Թող ասեն, որ մարդկանց բախումների ենք տանում: Բախում հրահրողն էլ եք դուք, անօրեն գործողն էլ եք դուք, մարդկանց խաբած՝ քվեով այդ փափուկ աթոռներին հայտնվածն էլ եք դուք», – ասաց նա:




Լրահոս