Հանրապետության հրապարակում «շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց. «ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հունիսի 11-ին ժամը 16:30-ին նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ կառավարության հրաժարականի եւ նոր խորհրդարան ձեւավորելու օրակարգով»։
Նա Հանրապետության հրապարակում ակցիայի մասնակիցներին ներկայացրել է քայլերի հաջորդականությունը.
«Հասկանում ենք, որ հուսալով այս մարդկանց բարոյական վերջին նշույլների վրա՝ խնդիրը լուծել չենք կարող։ Մենք այս պահին պետք է որոշում ընդունենք, մենք կարող ենք խնդիրը լուծել, եթե վաղվանից սկսած՝ ընդամենը 4 օր, 96 ժամ, առանց դադարի, առանց աշխատանքի գնալու, առանց հանգստի, առանց երկար-բարակ քնելու, լինենք փողոցում եւ մեր կամքը պատադրենք։
Այս մարդուն առաջարկել ենք հրաժարական տալ, հանդիպել ու քննարկել. քննարկել անցնցում հեռանալու պայմանները, որոնք անտեսվել են։ Ես ձեր առջեւից՝ այստեղ կանգնած, դիմում են ԱԺ բոլոր խմբակցություններին: Մեր պահանջով՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, խմբակցությունները նախաձեռնում են խորհրդարանի նիստ հունիսի 11-ին՝ 16։30-ին կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու օրակարգով», – ասաց Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով՝ հունիսի 10-ին ԱԺ-ի խորհուրդը ժողովրդի որոշմամբ՝ պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին. քաղաքական մեծամասնությունը, ՔՊ պատգամավորները պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով եւ համոզմունքով։ Բագրատ Սրբազանը ներկայացրեց նաեւ երրորդ քայլը. «Համաժողովրդական պահանջի հիման վրա՝ խորհրդարանը իր արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականին եւ նոր կառավարություն ձեւավորելու որոշմանը»։
Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություններից հետո քայլերթով շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա։ Իրավիճակը կտրուկ լարվեց Բաղրամյան, Դեմիրճյան եւ Պռոշյան փողոցների հատվածում։ Լեզվակռիվ եւ վիճաբանություն սկսվեց Բագրատ Սրբազանի եւ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի միջեւ։ Ոստիկանական ուժերը արգելեցին Ազգային ժողովի պատգամավորներին մտնել խորհրդարան՝ ասելով, որ սա իրենց անվտանգության համար է արվում։
Իրավճակը լարվեց, քայլերթի մասնակիցները որոշում կայացրին գիշերել Ազգային ժողովի հարակից՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկների հատվածում։
ԱԺ-ի դիմաց գիշերը, համեմատաբար, խաղաղ էր անցել. քաղաքացիները շարունակում են մնալ վրաններում։
Երեկ՝ հունիսի 10-ին ԱԺ խորհուրդը մերժեց ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած միջնորդությունը:
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ԱՆԴՐԱԴԱՐՁ՝ Ա. ՍԻՄՈՆՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԻՆ
«Ալեն Սիմոնյանի երեկվա ճեպազրույցը նման էր դավադրության մեջ ներքաշված, բայց դեռեւս պատասխանատվության չենթարկված մարդու «հաթաթաների»»: Այս մասին facebook-ի իր էջում երեկ գրել էր պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Արտաքին քաղաքական թեմաների վերաբերյալ նրա ճամարտակություններին չարժե անդրադառնալ, քանի որ դրանց հետեւանքները առավել քան ողբերգական են: Հենց իրենց «վարած արտաքին քաղաքականությունն» է նաեւ պատճառներից մեկը, որ Նիկոլի ու ՔՊ վարկանիշը վախվորած թաքնվել է ոստիկանության վահանների հետեւում:
Ժողովրդի մասին Ալենի դատողությունները եւս կեղծ են ու անիրատեսական: Ժողովրդի ճնշող մեծամասնությունն այլեւս իրենց հենարանը չեն: Գուցե ժողովրդի մի մասը նաեւ ընդդիմության հետ չեն, բայց հաստատ ծափահարելով տոնելու են կապիտուլյացիայի եւ նսեմացման դեմ պայքարող ժողովրդական հատվածի հաղթանակը:
Քաղաքական օրակարգերի մասով՝ Ալենը կրկին սխալվում է: Կյանքը ցույց է տալիս, որ հենց ընդդիմությունն ունի հրապարակված օրակարգ՝ բաղկացած մի քանի կետերից: Իսկ Նիկոլի եւ Ալենի քաղաքական օրակարգի բացակայությունն ակնառու է. ադրբեջանական միակողմանի պահանջների կատարում, խաղաղության խոստման ձախողում, հայկական կամ խաղաղության խաչմերուկի ֆիկցիա (չգոյություն), քարուքանդ եղած ասֆալտապատում եւ ոստիկանության ռեսուրսից կառչած իշխանություն:
Ալենը իր ճեպազրույցում Բագրատ Սրբազանին «իրավունք վերապահեց» աղոթքներ հնարել: Կարծում եմ՝ վատ խորհուրդ չէ, որովհետեւ Քրիստոնեությունն այնքան ներողամիտ եւ հումանիստական հավատք է, որ գուցե նաեւ հայրենիքի դեմ գործած դավադրության ապաշխարհության աղոթք եւս պետք է ունենա: Գուցե:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի «մերժված լինելու» մասին Ալեն Սիմոնյանի հերթական դատողություններին՝ ապա պետք է խորհուրդ տամ՝ պլաստինկան փոխե՛ք: Արդեն չեն աշխատում ձեր մանիպուլյացիաները: Հայ ժողովրդին խաբելու եւ մոլորեցնելու ձեր ռեսուրսները վաղուց սպառվել են: Ժամանակն արդարեցրել ու ցույց է տվել, թե ով ի՞նչ է արել մեր երկրի ու ժողովրդի համար», – գրել է Զաքարյանը։
ՀՀ-ԱՄՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՆԻՍՏԸ
Հունիսի 11-ին Երեւանում տեղի կունենա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը:
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ նիստի շրջանակում ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛ Բրայենի հանդիպումը, որին կհաջորդի երկխոսության՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով անցկացումը:
ԿԿԱՆԳՆԵՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ
Լեհաստանը Ռուսաստանը դիտարկում է որպես սպառնալիք, որը չի կարելի անտեսել, Վարշավայում լրագրողների հետ զրույցում ասել է երկրի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին։
Արեւմտյան առաջնորդները վերջերս հայտարարեցին, որ լրջորեն քննարկում են ՆԱՏՕ-ի սահմանային երկրների վրա` Ռուսաստանի հարձակման սպառնալիքը:
Սիկորսկին համաձայն է այս մտահոգությունների հետ։ «Եթե Ուկրաինան ընկնի, Լեհաստանը եւ Բալթյան երկրները ռուսական հարձակման անմիջական սպառնալիքի առաջ կկանգնեն»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ Լեհաստանի իշխանությունները սկսել են ամրացնել սահմանը եւ պաշտպանության վրա ծախսում են ՀՆԱ-ի 4 տոկոսը։
Անցյալ շաբաթ, արտասահմանյան լրագրողների հետ զրույցում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «անհեթեթություն» անվանեց ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակվելու՝ Ռուսաստանի ծրագրերի մասին խոսակցությունները:
Խոսելով Ռուսաստանի հետ ապագա հարաբերությունների մասին՝ Սիկորսկին ասել է, որ «Լեհաստանի իշխանությունները բոլոր ռուսներին չեն նույնացնում Պուտինի ռեժիմի հետ» եւ «չեն կորցրել հավատն ապագայում ժողովրդավարական Ռուսաստանի ի հայտ գալու հարցում»։
«Ռուսաստանը միշտ կմնա մեր ամենամոտ հարեւանը, եւ մենք հուսով ենք, որ այն կլինի խաղաղ եւ բարեկամական հարեւան», – ընդգծել է Լեհաստանի արտգործնախարարը։
ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ 90 ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է ԳՐԱՆՑՎԵԼ
Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդը հայտնել է, որ Ուկրաինայի հարցով Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար գրանցվել է 90 պետություն։ Այն տեղի կունենա Շվեյցարիայի Բյուրգենստոկ քաղաքում հունիսի 15-16-ը, գրում է kommersant.ru-ն։
«Այսօրվա դրությամբ գրանցվել է 90 երկիր, որոնց կեսը Եվրոպայից եւ Հյուսիսային Ամերիկայից են, մյուս կեսը՝ Հարավային Ամերիկայից, Աֆրիկայից, Մերձավոր Արեւելքից եւ Ասիայից», – ասել է Ամհերդը:
Ընդհանուր առմամբ, հանդիպմանը հրավիրվել է ավելի քան 120 պետություն, այդ թվում՝ G7-ի, ԲՐԻԿՍ-ի եւ G20-ի ներկայացուցիչներ: Ռուսաստանը գագաթնաժողովին հրավիրված չի, ինչի պատճառով էլ Կրեմլն անօգուտ է համարում առաջիկա իրադարձությունը։
Չինաստանը հրաժարվել է այցելել՝ պնդելով Ռուսաստանի մասնակցությունը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ բանակցությունների ժամանակ շնորհակալություն է հայտնել Պեկինին՝ Ուկրաինայի հարցով շվեյցարական գագաթնաժողովին չմասնակցելու որոշման համար։ Նախարարները հանդիպել են Նիժնի Նովգորոդում ԲՐԻԿՍ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում։