ՆԿՐՏՈՒՄՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀՍԿԵԼ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ասում են՝ ճնշման արդյունքում է, որ Ոսկեպարի հատվածում այդ առաջընթացն այնքան չեղավ, ինչքան Ադրբեջանն ակնկալում էր։ Այսինքն՝ միայն պայքարի արդյունքում կարող ենք զսպել Ադրբեջանի պահանջները, որոնք անհատնելի են։

Հիմա էլ ադրբեջանական կողմը սպասում է, որ այս շարժումը մարի, Հայաստանում բողոքողներ չլինեն, որ հերթական պահանջը ներկայացնի։ Մենք նաեւ կանգնեցնում են գործընթացներ, աշխարհաքաղաքական խաղաքարտեր ենք խառնում իրար», – Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման հաջողություններին։ Լրագրողների դիտարկմանը՝ «խոստանում էիք, որ պայքարը վճռական փուլ է մտնելու, բայց ընդամենը ԱԺ-ում ուղերձի նախագիծ է ներկայացվել», եւ հարցին՝ «համարում եք, որ այդպես մարդկանց սպասելիքները կարո՞ղ են բավարարվել», պատգամավորն արձագանքեց. «Կարծում եք՝ այդ նախաձեռնությունը պակա՞ս կարեւոր է։ Բոլոր նախաձեռնությունները եւ անելիքները չափազանց կարեւոր են։ Այսօրվա ակցիան կարեւոր է. թվում է, որ ընդամենը ակցիա է, բայց շատ մեծ խորհուրդ ու նշանակություն ունի։ Մեր երկիրն այն վիճակում է, որ ցանկացած փոքր քայլ, մեծ քայլ կարող է արդյունք տալ»։ Խոսելով շարժման ձեռքբերումների մասին՝ նա ասաց. «Կարողացել ենք ամբողջ աշխարհում բարձրացնել մեր բողոքի ու անհամաձայնության ձայնը։ Մինչեւ այդ ամբողջ աշխարհը մեզ ասում էր՝ ասում եք, որ իշխանությունը լեգիտիմ չէ, բայց ՀՀ ժողովուրդը որեւէ կերպ իր դժգոհությունը չի հայտնում, գործընթացներ չկան։ Մեր աշխատանքի արդյունքն է, որ Հանրապետության հրապարակում հավաքվում են տասնյակ հազարավոր մարդիկ»։ Լրագրողների հակադարձմանը՝ միեւնույն է, Տավուշում սահմանագծում եղավ, Գառնիկ Դանիելյանը պատասխանեց. «Իրենց խնդիրը հետեւյալն էր. մենք ասացինք, որ նման բան տեղի է ունենալու։ Առաջիններից մեկը ես եմ բարձրացրել այդ տարածքների հանձնման հարցը։ Իշխանավորներն իմ աչքերի մեջ նայելով՝ ստել են, ասել են՝ նման բան գոյություն չունի, հետո իրենց առաջնային տարբերակում նաեւ փակ քննարկման ժամանակ է այդ խոսակցությունը եղել։ Ես ասել եմ՝ պատրաստվում եք ոսկեպարցիների անմիջապես քթի տակ տեղակայել ադրբեջանցիներին։ Ադրբեջանցիները պետք է տեղակայվեին Ոսկեպարի դպրոցի հարեւանությամբ։ Իրենք խոստովանել են. Արարատ Միրզոյանն ինձ ասել է՝ լավ էլ տեղերը գիտեք։ Նաեւ մեր ճնշմամբ է, որ մենք կարողացել ենք պայքարելով այդ ժողովրդի հետ այս պահի դրությամբ, համենայն դեպս, գյուղի դպրոցի մոտով չի անցնում սահմանը։ Սա որոշակի հաջողության արդյունք է։ Մեր պլանների մեջ մտել է այն, որ առհասարակ առաջխաղացում տեղի չունենա, որ այն սահմանները, որոնք կան, մնան»։
Ըստ Գառնիկ Դանիելյանի՝ մինչեւ խոշտանգումները, ծեծը պատասխան չստանան, մեղավորները պատասխանատվության չկանչվեն, ԱԺ-ում նստածներ կմտածեն, որ ամեն ինչ ճիշտ են անում։ Գառնիկ Դանիելյանը չմանրամասնեց հետագա անելիքների մասին՝ նշելով, որ նախապես իմանալու դեպքում իշխանություններն իրենցից առաջ գործողություններ են նախաձեռնում:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՎԱՅՐ ԴՆԵԼ ՄԱՆԴԱՏԸ
Եթե խորհրդարանում չկա ընդդիմադիր խմբակցություն, ապա այս իրավունքները վերանում են եւ դրանք ամբողջությամբ անցնում է ընտրատարածքային հանձնաժողովին, որն ամբողջությամբ ձեւավորված է իշխանության ներկայացուցիչներից։ Այսինքն՝ պահանջելով ընդդիմությանը մանդատներից հրաժարվել, դուք զրկում եք ընդդիմությանը ընտրական հանձնաժողովներում առնվազն 50 %-ը վերահսկելու հնարավորություններից, որպեսզի ընտրությունները չկեղծվեն: Այս մասին երեկ՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Մեզ համար չափազանց կարեւոր է այն իրավիճակը, երբ այս իշխանությունը բերում է ակնհայտ հակապետական, հակաիրավական, հակասահմանադրական մի նախաձեռնություն, որին ի պատասխան՝ չափազանց կարեւոր է լինում մանդատներից հրաժարվելը, որպեսզի հետագայում դու կարողանաս վիճարկել նման փաստաթղթի ընդունումը», – ասել է նա:

ԻՐ ԴԵՄ ՇԱՐԺՈՒՄՆ ՈՒՂՂՈՐԴՎԱԾ Է ՀԱՄԱՐՈՒՄ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նշել է. որ իր անվան շուրջ աղմուկը ուղղորդվում է. «Ես գիտեմ՝ ովքեր են, չեմ հրապարակում, հետո իմ հուշերի գրքում մի օր կգրեմ էդ մասին, չեմ ուզում, որ տնից ամոթով դուրս չգան:
Ինձ համար, իմ ընտանիքի համար ցավալի է, երբ կարդում ենք, որ Գեղամ Նազարյանին Նիկոլ Փաշինյանը 3,5 մլն դոլար է տվել, որ ֆրակցիայում բաժանի, Սեյրան Օհանյանն էլ անտառը «ճղելով» շուտ ուզում էր հասնի Կիրանց, որ 100 հազարը վերցնի: Այս մակարդակի ենք հասել: Իրոք, ուզում եմ շարժմանը քիչ երեւալ, որովհետեւ անհարկի մեղադրանքներ են լինում՝ այս բառը այսպես չասացիր, շեշտը սխալ դրեցիր. ո՛չ ասել եմ ես եմ վարչապետի թեկնածուն, ո՛չ ասել եմ, որ ուզում եմ հեղափոխություն անեմ, միապետություն հաստատեմ, ես միապետ դառնամ, ոչ ասել եմ՝ ուզում եմ օդանավակայանը վերցնեմ ինձ, անկեղծ եմ ասում, իրոք, չեմ հասկանում»:
Գեղամ Նազարյանը վստահեցրեց, որ միտք չի ունեցել Կիրանցում ճանապարհը փակողներին ցրելու. «Մեջքիս հետեւից, անունները չտամ, մի քանի հոգի ասացին՝ ժողովուրդ, Գեղամն եկել է, որ ասի՝ «ճանապարհը բացեք», անմիջապես որակում են սադրանք: Այնքան այն դպրոցի մասին ասացին՝ «Գեղամի առանձնատուն դարձավ», «սահմանային եսիմ ինչ»: Գեղամի տառապանքները հասկանո՞ւմ են ինչ է, երբ իր այգուց տեսնում է սահմանը»:
Հարցին՝ դուք պատրաս՞տ եք ներել Նիկոլ Փաշինյանին, նա պատասխանեց. «Ես Նիկոլ Փաշինյանին վաղուց եմ ներել, իմ Աբգարը ինձ ասել է, որ ես իրեն ներեմ, ինձ տեսիլք է եկել, ասել է, բայց ներել՝ չի նշանակում իրեն հանդուրժել վարչապետի պաշտոնում»:

ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿՐԿԻՆ ԽԱՓԱՆՎԵԼ Է
Դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը կրկին խափանվել է. արդեն երկու օր է: Այս մասին Facebook-ի իր էջում խնդրի մասին ահազանգել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա հիշեցրել է՝ այդ էլեկտրոնային համակարգն է պատահականության սկզբունքով որոշում, թե որ դատավորը պետք է քննի, օրինակ, կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքը։
«Պատճա՞ռը, կհարցնեք դուք… Շատ պարզ է պատճառը. նորից ուժգնացել են քաղաքական հետապնդումները եւ պրոգրեսիվ աճում է քաղբանտարկյալների թիվը», – նշում է փաստաբանը։

ՇՈՒՇԻՆ «ԴՐԱԽՏ» Է ԱՆՎԱՆԵԼ
Բելառուսը կմասնակցի օկուպացված Արցախի տարածքներում վերականգնման աշխատանքերին, ինչի մասին հայտնել է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սախիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ ջերմությամբ է հիշում այդ տարածքներ իր այցը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ուղեկցությամբ։
«Շուշայում (Շուշի-Խմբ.) ես նրան ասացի. «Դրախտում եք ապրում»: Լինելով մեր մոլորակի շատ անկյուններում՝ ես ոչ մի տեղ չեմ տեսել նման վայր՝ մաքուր օդ, գեղեցիկ բնություն։ Համոզված եմ, որ այս տարածքներում կյանքը վերականգնելով՝ եւս մեկ սխրանք էլ կանեք։ Մենք ուրախ կլինենք մասնակցելու այս աշխատանքներին, մենք որոշել ենք ուղղությունները, ոչ մի խոչընդոտ չկա», – ասել է Լուկաշենկոն։

ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄ
Հունիսի 10-ին կայացել է Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը: Կողմերը քննարկել են Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ այժմ ադրբեջանական օկուպացիայի ներքո գտնվող Լեռնային Ղարաբաղին (Արցախ) ու Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությանը վերաբերող հարցեր: Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան հետեւում է Ղարաբաղում տեղակայված (44-օրյա պատերազմից հետո-խմբ.) ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերման գործընթացին։
COP29 – Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) «Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի գումարում»:




Լրահոս