ԱՅՑԵԼԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ՔՆՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մեկնարկել է բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների հիմնական փուլը. քննական առաջին օրը 1176 դիմորդ գիտելիքը ստուգել է «Քիմիա» առարկայից, 259-ը՝ «Ռուսաց լեզվից»:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երեւանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ եւ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցներում տեղակայված քննական կենտրոններում հետեւել է «Քիմիա» առարկայի միասնական քննությանը։
Մինչ քննության մեկնարկը նախարարը ԳԹԿ տնօրեն Արմեն Փաշայանի ուղեկցությամբ շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, հետաքրքրվել՝ ինչ մասնագիտություն են ընտրել, արդյոք մասնակցել են հունվարին կազմակերպված առաջին փուլի միասնական քննությանը եւ այլն: Դիմորդներից շատերը նշել են, որ հունվարին նույն առարկայի քննությունից դրական միավորներ են ստացել, անգամ միջինից բարձր արդյունք ունեն, սակայն երկրորդ անգամ են փորձում` միավորները բարելավելու հույսով։
Նախարարը հաջողություն է մաղթել դիմորդներին եւ խորհուրդ տվել ապավինել գիտելիքին. «Խորհուրդ եմ տալիս հիշել, որ ամենահուսալի ճանապարհը գիտելիքն է։ Հույսը պետք է դնել գիտելիքի եւ սովորածի վրա` քննությունը հաղթահարելու համար»:
Այս տարի քննությունների ընթացակարգում կատարվել է նորամուծություն. մինչ քննասենյակ մտնելը աշակերտները համապատասխան սարքի՝ մետաղորսիչների միջոցով ստուգվում են՝ բացառելու կապի միջոցների առկայությունը քննության ընթացքում եւ ապահովելու բոլորի համար հավասար եւ անաչառ պայմաններ:
«Տեխնոլոգիաները զարգանում են, մեր երեխաներն էլ շատ հնարամիտ են դրանց օգտագործման հարցում, եւ լրացուցիչ միջոցների կարիք կար, որպեսզի վստահ լինենք, որ որեւէ մեկն իր հետ տեխնիկական սարք չի բերում», – մեկնաբանել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Ըստ նրա՝ արդեն երկրորդ տարին է, որ քննության երկրորդ հնարավորություն է տրվում դիմորդներին, ինչն արվել է՝ հաշվի առնելով սթրեսի ու լարվածության նվազեցումը, ըստ այդմ նաեւ որեւէ տեսակի սարքերի կարիքի բացառումը: Երկրորդ անգամ քննությանը մասնակցելու հնարավորությունը, նախարարի խոսքով, թույլ է տալիս դիմորդին առավել գիտակցված մոտենալ եւ պլանավորել առաջիկա անելիքը՝ կառավարելով ժամանակը:
«Մասնագիտությունների ընտրության հարցում նկատելի է տարկետման կարգի ազդեցությունը. Բնագիտական ուղղությամբ բավականին դրական արդյունքներ են գրանցվել»,- ասել է նախարարը։ Նա անդրադարձել է նաեւ կրկնուսույցների դերի նվազման խնդրին, ինչին ուղղված է հանրակրթության նոր չափորոշիչը, որը գալիք ուսումնական տարում կներդրվի նաեւ 10-րդ դասարանում:
«10-րդ դասարանում ներդրվող նոր չափորոշիչը մեծ փոփոխություններ է ենթադրում. գնալու ենք կրեդիտային համակարգի ներդրման ճանապարհով, ինչը նշանակում է` երեխաները դպրոցում հավաքելու են կրեդիտներ, որոնք բուհում սովորելու համար որոշիչ դեր են ունենալու: Ինչպես նաեւ հրաժարվելու ենք հոսքային ուսուցումից՝ այն փոխարինելով անհատականացված ուսուցմամբ: Յուրաքանչյուր սովորողի առաջարկվելու է ընտրել իր մասնագիտական կողմնորոշմանը համապատասխանող առարակայացանկ: Սա ենթադրում է խորացված ուսուցում նախընտրած մասնագիտության համար անհրաժեշտ առարկաներից»,- ներկայացրել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նշենք, որ մարզերում «Քիմիա» առարկայից քննություն է հանձնում 677, Երեւանում՝ 499 դիմորդ: «Ռուսաց լեզու» առարկայից քննություն հանձնողները մարզերում 199-ն են, Երեւանում՝ 60-ը: Գործում է 15 քննական կենտրոն, որից 11-ը՝ մարզերում եւ 4-ը՝ Երեւանում:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԱՆՑԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Օրերս հայտնի դարձան այն ջութակահարների անունները, որոնք հաղթահարել են Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի 2-րդ փուլը եւ եզրափակիչ փուլում կպայքարեն դափնեկրի կոչման համար։

Մրցույթի երրորդ փուլ են անցել Սերգեյ Մկրտչյանը (Ռուսաստան), Ռիո Արաին (Ճապոնիա), Տոմոտակա Սեկին (Ճապոնիա), Զոֆիա Աննա Օլեսիկը (Լեհաստան)։
Երեկ մեկնարկել է երրորդ՝ եզրափակիչ փուլը, որի ընթացքում մասնակիցները ելույթ են ունեցել մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Կատարման պարտադիր ծրագրում ներառված էր նաեւ Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Իսկ ահա հունիսի 13-ին՝ մրցույթի փակման գալա համերգի ընթացքում, կհայտարարվեն մրցանակակիրների անունները։
Հիշեցնենք, որ այս օրերին Երեւանում անցկացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից Ժնեւում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է եւ գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։ Խաչատրյանի անվան մրցույթի գլխավոր աջակիցն է Երեւանի քաղաքապետարանը։ Մրցույթն ավանդաբար կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ԻՆԴՈՆԵԶԻԱ
Հայաստանի հավաքականի 32-ամյա կոլումբացի կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն տեղափոխվել է Ինդոնեզիայի «Մալութ Յունայթեդ»՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի ինստագրամյան էջը։
Նրա նախորդ ակումբը Երեւանի «Ալաշկերտն» էր, որի կազմում վարձակալությամբ անցկացրեց ավարտված մրցաշրջանի երկրորդ կեսը։ Անգուլոյի տրանսֆերային իրավունքը պատկանում էր Երեւանի «Արարատ-Արմենիային», որի հետ պայմանագիրն ավարտվել է հունիսին։
«Մալութ Յունայթեդը» նվաճել է Ինդոնեզիայի ուժեղագույնների լիգայի ուղեգիր։ 2020 թվականին Հայաստանի քաղաքացիություն ստացած Վբեյմար Անգուլոն ազգային թիմում մասնակցել է 10 հանդիպման, խփել 2 գոլ։

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ՝ ԵՎՐՈ-2024-Ի ԺԱՄԱՆԱԿ
Գերմանիայում կայանալիք Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչություն իրականացնելու նախապատրաստության կասկածանքով եռաքաղաքացիություն ունեցող անձ է ձերբակալվել, հայտնում է Bild-ը:
Գերմանիայի, Մարոկկոյի եւ Լեհաստանի քաղաքացիություն ունեցող 23-ամյա Սուֆյան Թ.-ն ՈւԵՖԱ-ի միջոցով փորձել է աշխատանքի անցնել որպես Եվրոպայի առաջնության ստյուարդ:
Հետաքննությամբ պարզվել է, որ այդ անձը աշխատանքի անցնելու դիմումներ է ներկայացրել նաեւ Rock am Ring երաժշտական փառատոնի եւ «Նյուրբուրգրինգ 24 ժամ» ավտոմրցարշավի ժամանակ:
Քննիչների կարծիքով՝ ձերբակալվածը կարող է լինել «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական խմբավորման անդամ: Այս խմբավորումն էր մարտին Ռուսաստանի «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչություն իրականացրել:

ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ
Եվրո 2024-ին մասնակցող թիմերի հայտացուցակներում ընդգրկված են 35 տարեկանից բարձր 28 ֆուտբոլիստներ։ Սա 8-ով ավելի է, քան նախորդ առաջնությունում։ Նրանցից ամենատարեցը Պորտուգալիայի հավաքականի պաշտպան 41-ամյա Պեպեն է։
Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Պորտուգալիայի ազգային հավաքականից Պեպեն, որը փետրվարին դարձավ 41 տարեկան։ Երկրորդ տեղում նրա հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուն է (39 տարեկան): Երրորդ ամենատարեց ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչն է։
Տասնյակում ընդգրկվել են նաեւ Խեսուս Նավասը (Իսպանիա), Գիորգի Լորիան (Վրաստան), Մանուել Նոյերը (Գերմանիա), Օլիվյե Ժիրուն (Ֆրանսիա), Պետեր Պեկարիկը (Սլովակիա), Կասպեր Շմեյխելը (Դանիա) եւ Յուրայ Կուչկան (Սլովակիա):




Լրահոս