ԲԱԿՈՒՆՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ԳՈՐԻՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիսում երեկ տրվել է մեծանուն գրող, գրականագետ Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակի միջոցառումների մեկնարկը:

Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի «Ակսել Բակունցի տուն-թանգարան» մասնաճյուղում կազմակերպված միջոցառումներին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրականության եւ արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր, դպրոցականներ:
ԿԳՄՍ նախարարը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է հոբելյանի կապակցությամբ եւ ընդգծել՝ Բակունցի ծննդյան օրը, իսկապես, համաքաղաքային տոնի է վերածվում, իսկ այդ պատվին քիչ գրողներ են արժանանում. «Սա խոսում է Բակունցի թողած արժեքների, գրական ժառանգության եւ ստեղծագործությունների արդիականության մասին. դրանք ապրում են եւ մի մասն են մեր իրականության եւ կյանքի: Սա, թերեւս, ամենակարեւորն է, որով մենք կարող ենք արժեւորել եւ շարունակել այն կարեւոր ուղին, որը սկսել էր եւ, ցավոք, վաղ տարիքում կիսատ մնաց Բակունցի համար: Անձամբ ինձ համար Ակսել Բակունցն իր առանձնահատուկ տեղն ունի հայ գրողների շարքում: Դեռ դպրոցական տարիներից նա իմ ամենասիրելի գրողներից է: Այն նրբությունն ու նրբանկատությունը, որով տեքստը, կարծես, դառնում է երաժշտություն, յուրաքանչյուրիս սովորելու եւ մտածելու տեղ է տալիս»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Դիմելով միջոցառմանը ներկա դպրոցականներին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ առաջին հերթին դպրոցում պետք է ամենայն խորությամբ եւ մանրամասնությամբ ուսումնասիրել մեր կարեւոր հեղինակներին, որոնցից մեկն էլ Բակունցն է:
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, արժեւորելով Բակունցի արվեստը եւ գրական ժառանգությունը, շեշտել է՝ նա նոր գույն է բերել հայկական արձակին, եւ դպրոցականներն անպայման պետք է շատ կարդան Բակունց. «Բակունցի լեզուն եւ պատմելու ոճը երեւակայական աշխարհներ են բացում. ես ինքս դեռ պատանի տարիքից եղել եմ Մթնաձորում, նրա նկարագրած անտառում եւ դաշտում:
Բակունցն ինքը բնության մի կտոր է: Նրա ոսկեղենիկ հայերենի լեզվի ուժը մեզ անհրաժեշտ է, քանզի գեղեցիկ լեզուն նաեւ սիրո եւ միմյանց հարգելու հարաբերությունների ստեղծման ամուր հիմքն է»:
Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը եւս ողջունել է ներկաներին եւ նշել՝ արդեն ավելի քան մեկ դար Գորիս ասելիս պատկերացնում ենք Բակունցին, իսկ Բակունցի անունը լսելիս մեր աչքի առաջ հառնում է Կյորեսը՝ իր չքնաղ գույներով եւ արեւին ձգտող բնակիչներով:
«Այստեղ՝ Գորիսում, ծիրանափողը դեռ հնչում է, Միրոն պատմություններ է պատմում, իսկ ալպիական մանուշակը բուրում է: Կարծում եմ, որ հենց այստեղ բոլորս մտովի խոստանալու ենք ինքներս մեզ՝ ի հիշատակ Բակունցի սիրել, պահպանել եւ փայփայել այս հողը»,- նշել է Սյուզաննա Խոջամիրյանը:
Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Ակսել Բակունցի տուն-թանգարան» մասնաճյուղի վարիչ Վարդան Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին, ինչպես նաեւ թանգարանի ենթակառուցվածքային պայմաններին: Վարդան Սարգսյանի խոսքով՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ փորձում են ավելի մեծ թվով դպրոցականների եւ այլ այցելուների ներգրավել՝ ներկայացնելով Բակունցի գրական ժառանգությունն ու ապրած կարճ, սակայն բովանդակալից ու ողբերգական կյանքը:
Քննարկվել են նաեւ թանգարանի այգում մոդուլային սրահի կառուցման մանրամասները, որի աշխատանքներն արդեն մեկնարկել են: Սա հնարավորություն կտա միջոցառումները պատշաճ կազմակերպել ոչ միայն ամռանը՝ բակում, այլեւ ամբողջ տարվա ընթացքում՝ անկախ եղանակային պայմաններից:
Հոբելյանական օրվա շրջանակում թատերական ներկայացումներով հանդես են եկել Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները, տեղի է ունեցել համերգային ծրագիր, հանդիպում հրապարակախոս Հակոբ Այնթապյանի հետ, ինչպես նաեւ կայացել են ARLOOPA հավելվածով Ասլամազյանի «Բակունցի եւ մոր դիմանկարի» անիմացիայի եւ «Սյունյաց երկիր» թերթի՝ Ակսել Բակունցին նվիրված հատուկ համարի շնորհանդեսները: Միջոցառումներն ուղեկցվել են հյուրերի հետ զրույց-քննարկումներով, երեխաների համար խեցեգործության, նկարչության վարպետության դասերով։

ՔՆՆԱՐԿԵԼ Է ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ
ԿԳՄՍ նախարարը ««Զորաց քարեր» բնակատեղի» արգելոցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց: Նրան ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը եւ Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

Արգելոցի տնօրեն Արամ Դավթյանի եւ աշխատակիցների հետ քննարկվել են հայեցակարգային զարգացման որոշ խնդիրները, մասնավորապես՝ նախատեսվող մոդուլային կենտրոնի կառուցման, տարածքի հետ կապված որոշ փաստաթղթային եւ տեխնիկական հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ առաջիկա անելիքները:
Նախարարը հետաքրքրվել է, թե կառուցվելիք մոդուլային կենտրոնում ինչ գործընթացներ են կազմակերպվելու, եւ որքանով այն կնպաստի արգելոցի հիմնական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
ԿԳՄՍ նախարարն այցի շրջանակում նաեւ ծանոթացել է տարածքում առկա ենթակառուցվածքներին եւ պայմաններին, շրջել արգելոցի տարածքում:
Տնօրեն Արմեն Դավթյանը նախարարին ներկայացրել է հիմնական խնդիրները՝ կարեւորելով այցելուների թվի ավելացումը, հանրահռչակումն ու զարգացումը:
Ժաննա Անդրեասյանի հանձնարարությամբ համայնքի հետ կքննարկվեն արգելոցի տարածքում շինթույլտվության փաստաթղթային հարցերը՝ նախատեսվող աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպելու նպատակով:

ԿԱՐՎԱԽԱԼԸ՝ ՄԲԱՊԵԻ ՄԱՍԻՆ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը խոսել է ակումբի նորեկ Կիլիան Մբապեի մասին։
«Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, իսկ լավագույնները պետք է խաղան լավագույն ակումբում։ Հավաքականում հուսով ենք, որ նա Եվրոպայի առաջնությանը այնքան էլ լավ չի մասնակցի, բայց օգոստոսին կրկին կվերադառնա իր լավ մարզավիճակին։
Մբապեի դեմ խաղալով` ես բազմիցս խնդիրներ եմ ունեցել։ Նա ամենաուժեղ մրցակիցներից էր արագության եւ տեխնիկայի տեսանկյունից։
Անկեղծ լիենք` Մբապեն «Ռեալին» անպարտելի չի դարձնելու։ Ֆուտբոլը մաթեմատիկա չէ։ Այստեղ միայն աստղային խաղացողներով հարց չես լուծի։ Հաղթելու, գավաթներ նվաճելու համար պետք է ստեղծել թիմ եւ համոզվել, որ բոլորը գնում են նույն ուղղությամբ»,- Կարվախալին մեջբերում է RMC Sport-ը։
Օրեր առաջ «Ռեալը» պաշտոնապես հայտարարեց, որ ազատ գործակալի կարգավիճակում 5 տարվա պայմանագիր է կնքել Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ։

«ՆՈԱ»-Ն ՆՈՐ ՄԱՐԶԻՉ ՈՒՆԻ
Երեւանի «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պորտուգալացի մարզիչ Ռուի Մոտան նշանակվել է «Նոա» ՖԱ-ի գլխավոր մարզիչ։ 45-ամյա մասնագետը 2024 թվականի հունվարին գլխավորեց վրացական «Դիլա» ակումբը եւ դուրս բերեց թիմին մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։
Մինչեւ «Դիլա» ակումբը գլխավորելը, Մոտան աշխատել է նաեւ պորտուգալացի Ռիկարդո Սա Պինտույի մարզչական շտաբում եւ աշխատել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են իրանական «Էսթեղլալ»-ը, պորտուգալական «Մորեյրենսե»-ն, բրազիլական «Վասկո դա Գամա»-ն, պորտուգալական «Բրագա»-ն, բելգիական «Ստանդարտ»-ը, լեհական «Լեգիա»-ն եւ այլն։
«Շատ ուրախ եմ այս մեծագույն ակումբին միանալու համար։ Մեծ ոգեւորվածությամբ եմ գալիս, որպեսզի միասին պատմություն կերտենք։ Մենք ամեն օր քրտնաջան աշխատելու ենք, որ հասնենք մեր նպատակներին։ Միասին մենք ավելի ուժեղ ենք լինելու»,-ասել է Մոտան։

ՄԵՍՍԻՆ ԲԱՑԱՌԵԼ Է ՄԱՐԶՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Լիոնել Մեսսին նշել է, որ մեծ հավանականությամբ կարիերան ավարտելու է ամերիկան «Ինտեր Մայամիում»։
38-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ մտադիր չէ մարզչական աշխատանքի անցնել կարիերան ավարտելուց հետո։
«Ես միշտ ասել ոմ, որ չեմ ցանկանում դառնալ մարզիչ։ Դա դուր չի գալիս ինձ»,- ասել է արգենտինացին։




Լրահոս