ՄԱՐԶՊԵՏԸ՝ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վերջերս Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մարզի տարբեր ներկայացուցիչների հետ։
Թեժ քննարկումներ են եղել, որոնց ընթացքում Կարեն Սարգսյանը հայտարարել է, որ շուտով սկսվելու է Գեղարքունիքի մարզի սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքում ադրբեջանական զինված ուժերը հաստատվել էին դեռ 2021 թվականի մայիսի 12-ից։
Նրանք մեծաքանակ զինվորականներով եւ զինտեխնիկայով հատել էին Հայաստանի Հանրապետության տարածքը Սյունիքի մարզի Սեւ Լճի տեղամասում, ապա նաեւ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա եւ Կութ բնակավայրերի տեղամասում եւ դիրքավորվել։
Կարեն Սարգսյանը վստահեցրել է, որ այն տարածքները, որտեղ ադրբեջանական ուժերն են այսօր օկուպացրել, հետ են գնալու, ազատելու են մեր տարածքները։
Սարգսյանը վստահեցրել է, որ սահմանազատումն անձամբ ինքն է իրականացնելու մարզում, տիրապետելու է բոլոր տվյալներին եւ գործողություններին, հավատացրել է՝ անհանգստանալու ոչինչ չկա։ Ըստ մարզպետի՝ Ադրբեջանը հետ է գնալու առանց որեւէ խնդրի։
Բայց, չնայած մարզպետի լավատեսությանը, հարեւան բայց ոչ ամենեւին բարեկամ Ադրբեջանն այլ բան է հոխորտում։ Մասնավորապես՝ Ալիեւը 2020 թվականի պատերազմից հետո մի քանի անգամ հայտարարել է, որ իր զորքերը հետ չեն քաշվելու, եւ սրան զուգահեռ Հայաստանից նոր տարածքների զավթման պահանջներ է դնում՝ ՀՀ ողջ տարածքը համարելով Ադրբեջան եւ պահանջելով փոխել ՀՀ Սահմանադրությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մարզպետից տեղեկանալ՝ որտեղից ունի վստահություն, որ ամեն ինչ Գեղարքունիքի բնակիչների սրտով է լինելու։
«Ես բնակիչների հետ հանդիպում միշտ ունեցել եմ, բայց այդ թեմայով քննարկում չեմ հիշում», – ստեց Կարեն Սարգսյանը։
Ստացվում է, որ Կարեն Սարգսյանի վստահությունը եւ հավաստիություը, թե ամեն ինչ լավ է լիելու եւ առանց խնդիրների, մտացածին է, քանի որ Ալիեւն ինքն է ամեն օր քար նետում խաղաղության գործընթացի վրա։

Երեկ ՀՀ իշխանությունները ազդարարեցին հերթական ձախողման մասին: Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարվեց, որ միասնական տոմսային համակարգի, այն է՝ տրանսպորտի թանկացման նախագծի ներդրման ժամկետները երկարաձգվում են: Միասնական տոմսային համակարգը պետք է ներդրվեր սեպտեմբերի 1-ից, սակայն երեկ հայտարարվեց՝ համակարգի ներդրումը կհետաձգվի այնքան ժամանակ, մինչեւ նոր ավտոբուսները գան եւ երթուղի մտնեն։ Ընդ որում, հստակ ժամկետներ էլ չնշվեցին՝ որքան ժամանակով է այն հետաձգվում, միայն փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ նոր ավտոբուսների ներմուծումը ժամանակացույցով նախատեսված է հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ իշխանությունները սխալ հաշվարկների պատճառով հերթական անգամ ձախողել են, այս անգամ՝ իրենց կողմից մեծ շուքով եւ աղմուկով անոնսված նախագիծը, որը հանրության շրջանում էլ դժգոհությունների մեծ ալիք էր բարձրացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններով՝ ՔՊ-ում այս ձախողման պատասխանատու համարում են փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, ում համակարգման տակ է եղել այս նախագիծը եւ ձախողվել: Բանն այն է, որ Սուրեն Գրիգորյանը, բացի ձեռքը գրպանում քաղաքացիների հետ արագ անհասկանալի զրույց ծավալելու գործառույթից, տրանսպորտի հարցով որեւէ այլ քայլով աչքի չի ընկել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե իրավապահները ինչ հարցեր են տալիս քաղաքացիներին, որոնք հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից կիրառված լուսաձայնային նռնակներից վիրավորում էին ստացել: Մասնավորապես, նրանք քաղաքացիներին հարցնում են, թե ինչ գործ ունեին Բաղրամյան պողոտայում, արդյոք իրենց ստիպել են ու տարել են ակցիայի կամ շահագրգռել։ Դատելով իրավիճակից՝ իրավապահները տուժած քաղաքացիներին հարցաքննում են ոչ թե նրանց հետ կատարվածի մեղավորներին՝ ասել է թե՝ ոստիկաններին պատժելու եւ նրանց իրավունքները պաշտպանելու համար, այլ քաղաքացիներին հանրահավաքի հրավիրողներին կամ կազմակերպողներին հայտնաբերելու նպատակներով։ Ի դեպ, նռնակների պայթյուններից տուժած շատ քաղաքացիներ էլ դեպքից 6 օր անց դեռ սպասում են դատաբժիշկներին, որոնք ուշացնում են հասարակ եզրակցությունների տրամադրումը։ Այս պատկերին զուգահեռ իրավապահները ակտիվ գործընթաց են սկսել եւ «քաղաքական հրահանգի արդյունքում» կալանավորում են «Տավուշը հանուն հայրենիքի շարժման մասնակիցներին»։ Ապրիլից մինչեւ օրս տեղի ունեցած ակցիաների հետեւանքով կալանավորված է 29 քաղաքացի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում նոր կալանավորումներ եւս կլինեն։

Երեկ ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից: Չնայած, որ Սամսոնյանն իր գրառման մեջ պատճառների մասին չէր խոսել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել այս մասին: Նախ՝ տեղեկացանք, որ Անի Սամսոնյանը դեռ վաղուց է ԼՀԿ-ն լքելու մտադրություն ունեցել, քանի որ տեւական ժամանակ տարբեր հարցերի շուրջ տարաձայնություններ է ունեցել կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի հետ: Մեր տեղեկություններով՝ այդ տարաձայնությունները դեռ եղել են այն ժամանակ, երբ պատերազմից ու ցավալի կորուստներից հետո Էդմոն Մարուքյանը որոշեց ստանձնել Նիկոլ Փաշինյանի՝ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը ու տարբեր առիթներով աջակցում էր իշխանություններին: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սամսոնյանի ու Էդմոն Մարուքյանի միջեւ տարաձայնությունները վերջին ժամանակահատվածում ավելի են խորացել, ինչի արդյունքում Սամսոնյանը որոշել է այլեւս իր ճանապարհը չշարունակել կուսակցության ներսում: Տեղեկացրել է Մարուքյանին ու լքել ԼՀԿ շարքերը: Նշենք, որ Սամսոնյանը կուսակցության առանցքային դեմքերից է, ու ակնհայտ է, որ այս որոշումը խոր արմատներ ունի: Ի դեպ, Անի Սամսոնյանը առաջիններից էր, որ Սրբազան շարժմանը իր աջակցությունն է հայտնել ու, կարծես թե, դա եւս նպաստել է վճռական որոշում կայացնելուն` ԼՀԿ-ից հեռանալու համար: Ըստ մեր տեղեկությունների՝ Սամսոնյանը քաղաքականությունը չի թողնելու, իր ակտիվ գործունեությունը կշարունակի, սակայն դեռեւս պարզ չէ, թե ինչ ձեւաչափով: Անի Սամսոնյանը հայտարարել է, որ կուսակցությունը լքելու հետ կապված որեւէ մեկնաբանություն չի անելու. այդպես է որոշել, եւ վերջ: Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն լքած առաջին կին ներկայացուցիչ նախկին պատգամավորը Աննա Կոստանյանն էր, որը այժմ Սրբազան շարժման ակտիվ մասնակիցն է, արմատական ընդդիմություն:




Լրահոս