«ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԱՅՑ ԵՎ ԱՄՈԹԱԼԻ ՎԻՃԱԿ Է». ԲԱԲԱՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական ներկա իրավիճակի, ժողովրդական շարժման եւ այլ թեմաների առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է էքստրասենս Սոսե Բաբայանի հետ:

-Տիկի՛ն Բաբայան, այսօր կիզակետում մի իրավիճակ, երբ ժողովուրդը դրսում պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ակցիաներ են իրականացվում, սահմանին լարված է, խնդրում ենք պատմել Ձեր կանխատեսումների մասին այս առիթով, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կտա հրաժարական, եւ եթե կանի դա, ապա ե՞րբ:
-Այդ հարցը կանխատեսումներից դուրս էտապում է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունն այսօր աղետալի վիճակում է գտնվում, դեռ շատ մարդիկ ստիպված լքելու են իրենց տունն ու հայրենի օջախը, քանի որ իրենց տները թշնամուն են անցնելու, եթե վարչապետը զգում է, գիտի դա, եւ ոչ մի բանալի չկա, որով ժողովրդին կարող է հանել այս վիճակից, իսկ Ադրբեջանն էլ դա զգում է, այս խնդիրները թույլ չեն տալիս լավատեսորեն մտածել եւ դուրս գալ այս գերությունից: Ինչպե՞ս է ղեկավարն իրեն թույլ տալիս տասնյակ հազարավոր մարդկանց անվանարկելու, միայն նրա համար, որ իրենց գաղափարակից չեն: Իրենք Արցախի հայաթափման մեղավորներն են, եւ դրա դեմ ոչինչ անել չկարողացան, իսկ այսօր մեղադրում են այն արցախցուն, որը շարժմանն է միանում:
Այս տառապալի երեւույթը բոլորիս համար է վտանգավոր, մենք այլեւս չենք ուզում ողբալ, բայց ցավոք նման վիճակում ենք:
Հիմա պատերազմ է եղել, Փաշինյանն ասում է՝ դավաճաններ շատ կային, բայց մենք չենք տենում՝ ովքե՞ր են այդ դավաճանները:
Այդքան խոսում են դավաճաններից, եթե իսկապես եղել են նրանք, ապա թող հրապարակավ ժողովրդին հայտարարեն նրանց անուններն ու պատժեն՝ անկախ նրանից գեներալ է, թե շարքային զինվոր:
Ես զարմանում եմ նաեւ, թե ինչպես են բոլոր բնագավառներում նշաձողը քայքայում, առողջապահական, կրթական եւ այլ ոլորտներում մասնագիտական նշաձողը չի պահվում: Մեր բնագավառում անգամ ես կողմ եմ, որպեսզի ֆիլտրեն, եւ այն էքստրասենսներին, որոնք խաբեությամբ են զբաղված, հեռացնեն ոլորտից: Նույն կերպ եւ պաշտպանության ոլորտում, երբ ռազմի դաշտում գտնվող զինվորը զգում է, որ բանակն ուժեղ է, նա չի մտածում, որ պարտություն կկրի. սա է նաեւ մեր խնդիրը:
Հիմա 2024 թվականն է, այս տասնյակ տարիների ընթացքում մենք ներքին կարգով «հարստացանք», մինչդեռ ամեն մի շենք որքան ՀՕՊ կարող էր արժենալ: Փաշինյանն ինքն ասում է, որ Ադրբեջանը գրավեց Արցախն ու այն անվանեց է Արեւմտյան Ադրբեջան: Ալիեւն էլ նշում է՝ «Մենք չենք պարտադրել, որ Կիրանցը , Ոսկեպարը հանձնեն Ադրբեջանին, նրանք վախի զգացողության ազդեցության ներքո, պատերազմի եւ նոր զոհերի չգնալու համար տրամադրել են մեզ այդ տարածքները: Սա ստորացուցիչ ու ամոթալի է մեզ համար: Վտանգավոր վիճակ է Սյունիքի սահմաններին եւ ոչ միայն, մի՞թե չեն մտածում այս ղեկավարները, որ վաղը կարող են մտնել Հայաստանի սուվերեն տարածք: Ինչպե՞ս են ասում, թե ապահով է Հայաստանը:
Ես վստահ եմ սակայն՝ դավաճաններն իրենց պատիժը ստանալու են, եւ «Սամվելի «սուրը սպանելու է դավաճան հորը»:
Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ

Ա. ԹԱԹՈՅԱՆԻ ԵՎ Գ. ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն ու ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը համատեղ հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններին, որոնք վերաբերում էին Արցախի քաղաքական վերնախավին եւ արցախցիներին:

Խստագույնս դատապարտելի է իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը, ինչն արտահայտվեց նաեւ հունիսի 12-ին Ազգային ժողովում՝ ՀՀ վարչապետի հայտարարություններում։ Դրանից հետո սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում ավելի են սաստկացել արցախցիների նկատմամբ վիրավորանքներն ու ատելության խոսքը, նրանց ծաղրելու դրսեւորումները։
Էթնիկ զտումների զոհ դարձած Արցախի ժողովրդին ամեն ինչում մեղադրելու, ամեն հարցում թիրախավորելու այս արատավոր երեւույթը դառնում է հանրության մեջ արցախցիների նկատմամբ ատելության գեներացման եւ լայն տարածման պատճառ։
Բազմաթիվ են օրինակները, երբ այդ արշավը տարածում ու անգամ ուղղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, որը բռնի տեղահանված արցախցիների՝ հայաստանյան հասարակությանն ինտեգրմանն ու հանրային համերաշխությանը նպաստելու փոխարեն մասնակից է դառնում հայության մի հատվածի նկատմամբ տարվող ատելության գեներացմանը։ Հանրային հեռուստաընկերության՝ որպես Կառավարության հիմնադրած ընկերության նման քաղաքականությունը ակնհայտ է դարձնում, որ սա իշխանությունների մտադրված քաղաքականություն է։
Նշվածից բացի, բազմաթիվ վկայություններ փաստում են, որ հավաքների վայրերից բերման ենթարկված արցախցների նկատմամբ ոստիկանության ներկայացուցչիները դրսեւորում են առանձնակի թիրախավորում, որն ուղեկցվում է արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններով, իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից Արցախի կորստի մեջ արցախցիներին մեղադրելու, Հայաստանում «տեղ չունենալու», «հյուր լինելու» եւ այլ վիրավորական արտահայտություններով։
Արցախի համայնքների ղեկավարների, մասնավորապես՝ Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի, Հաթերքի համայնքապետերի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները, նրանց ձերբակալումներն ուղեկցվում են ակնհայտ քաղաքական հովանավորչությամբ. դրանք նաեւ որեւէ իրավական հիմք չունեն։ ՀՀ իշխանությունները չունեն Արցախի պետության նկատմամբ Արցախի համայնքային կամ պետական պաշտոնյաների պարտավորությունների, նրանց արարքների քննության որեւէ իրավասություն։ Հայաստանի իշխանություններն իրենք են հրաժարվել Արցախի հետ իրավական ու անգամ բարոյական բոլոր առնչություններից։
Վերոնշյալ համայնքապետերի դեմ հետապնդումները սկսվեցին, եւ նրանք զրկվեցին ազատությունից՝ Հայաստանում իրենց քաղաքացիական, այդ թվում՝ հավաքների մասնակցության կամ այդ հավաքներին աջակցություն հայտնելու համար։

ՈՐՏԵ՞Ղ ԿԼԻՆԻ ՔՊ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շաբաթ օրը՝ հունիսի 22-ին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քաղաքական ժողով կանի:
Սա կուսակցության 4-րդ քաղաքական ժողովն է:
Կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը մեզ հայտնեց, որ ժողովը տեղի է ունենալու Հանքավանում:
Հիշեցնենք, որ կուսակցության քաղաքական առաջին ժողովը տեղի էր ունեցել 2022թ.-ի դեկտեմբերին՝ Ջերմուկ քաղաքում, երկրորդ ժողովը՝ 2023թ.-ի հունիսին՝ Դիլիջանում, իսկ ՔՊ քաղաքական երրորդ ժողովը տեղի էր ունեցել 2023թ.-ի դեկտեմբերին՝ Գյումրիում:
Նշենք, որ քաղաքական ժողովին մասնակցում են կուսակցության վարչությունը, պատգամավորները, մարզպետները, տարածքային կառույցների ղեկավարները եւ հրավիրյալները:

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԵՐ ԿՀՐԱՎԻՐԵՆ
ԱԺ հանձնաժողովներն արտահերթ նիստեր կհրավիրեն:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ից տեղեկացավ, որ հունիսի 17-ին՝ 18:30-ին, նիստ է պլանավորված, սակայն այն տեղի չունեցավ, քանզի բավարար որ քվորում չէր ապահովվել։
Օրակարգում հունիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, ԱԺ նիստերի դահլիճում «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումներ հրավիրելու հարցն է:
Հաջորդ շաբաթ՝ հունիսի 25-ին, նիստ է անելու պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, նիստի օրակարգում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցն է:

ՍԱՄՍՈՆՅԱՆԸ ԼՔԵՑ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության արդեն նախկին անդամ Անի Սամսոնյանը գրում է.
««Լուսավոր Հայաստան» կուսակցությունում ես իմ թիմի հետ անցել եմ բարդագույն քաղաքական ճանապարհ: Դուք եղել եք իմ կողքին, ես եղել եմ ձեր կողքին: Դուք բոլորդ իմ ընկերներն եք: Բայց ես պետք է ասեմ, որ իմ առաքելությունը կուսակցությունում ավարտված է: Մայիսի 29-ին դիմել եմ ԼՀԿ Կառավարման խորհրդին իմ լիազորությունները խորհրդում եւ անդամակցությունս կուսակցությունում դադարեցնելու համար: Լրացուցիչ մեկնաբանություններ չունեմ եւ չեն լինելու: Քաղաքական գործունեությունս շարունակելու եմ», – ասված է հրապարակման մեջ։




Լրահոս