«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 23-րդ հոդվածով՝ կանխարգելման մանդատի շրջանակում Հանձնաժողովին է վերապահվել անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների կիրառման միասնականության ապահովումը եւ պետական պաշտոն զբաղեցնող անձանց, համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երեւան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների, պաշտոն զբաղեցնող անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների պահպանմանը հետեւելը։
ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 2023 թվականին անհամատեղելիություն գտնելու նպատակով թիրախում են հայտնվել եւ մշտադիտարկվել են գործադիր իշխանության՝ կառավարության, կառավարությանը ենթակա մարմինների, վարչապետին ենթակա մարմինների ղեկավար կազմը՝ ընդհանուր պաշտոն զբաղեցնող 108 անձ։
Մշտադիտարկման արդյունքում անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտում արձանագրվել է հանրային պաշտոն զբաղեցնող երկու անձի շրջանում, որոնց նկատմամբ հարուցվել է համապատասխան վարույթ։ Վարույթների համար հիմք է հանդիսացել վերջիններից՝ իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն զբաղեցնելու սահմանափակ խախտումը, մասնավորապես՝ հանրային պաշտոն զբաղեցնոլուն զուգահեռ նշված անձինք զբաղեցրել են համայնքի ավագանու անդամի պաշտոնը։
ԿԿՀ-ն 2023 թվականի հունիս ամսվա հաշվետվության մեջ առկա տվյալների համաձայն՝ կարգավիճակով չպայմանավորված այլ պաշտոն զբաղեցնելու, այն է՝ հանրային պաշտոն եւ ավագանու անդամի պաշտոնի մեկտեղման դեպքերը եւ դրանց արձանագրումը առերեւույթ աճել է հաշվետու ժամանակահատվածում։
Ըստ հանձնաժողովի՝ սա կարելի է բացատրել մի կողմից՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում 2022 թվականին կատարված փոփոխությամբ, ըստ որի՝ անհամատեղելիության պահանջներից բացառություն սահմանվեց համայնքի ավագանու անդամների համար, մյուս կողմից՝ Հանրապետության տարբեր համայնքներում 2022 եւ 2023 թվականների ՏԻՄ ընտրությունների անցկացմամբ։
Հավելենք, որ Հանձնաժողովի կողմից մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ ուսումնասիրության սույբեկտ հանդիսացած 108 անձանցից 57-ը կամ 52.7-ը երբեւէ ներգրավված չեն եղել բիզնես գործընթացներում՝ չեն հանդիսացել առեւտրային կազմակերպության մասնակից կամ գործադիր մարմինների ներկայացուցիչ, իսկ 51-ը կամ 47.3%-ն ունեն կամ ունեցել են բաժնեմասնակցություն եւ ներկայացվածություն տարբեր առեւտրային կազմակերպություններում, հանդիսացել են անհատ ձեռնարկատեր, այդուհանդերձ պահպանել են «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջները՝ պաշտոնի ոտանձնումից հետո օրենքով սահմանված ժամկետներում բաժնեմասերը հավատարմագրային կառավարման հանձնելով եւ ներկայացվածությունը դադարեցնելով կամ համապատասխան դեպքերում՝ ԱՁ-ն հաշվառումից հանելով։
Ստացվում է, որ վարչապետի ղեկավարած եւ նրան առընթեր մարմինների աշխատակիցներին են գրանցել ԱՊ ընտրացուցակում, որպեսզի մի քանի ավելի ձայն հավաքի իշխող խմբակցությունը։
Սակայն հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում Տիգրան Ավինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 65 մանդատներից 24-ը՝ ձայների 33%-ով, կորցնելով նախկին ընտրությունների համեմատ բացարձակ մեծամասնությունը։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԻԳՐԱՆԱՇԵՆԻ ՇՈՒՐՋ
«Մենք անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը համարում ենք բարձրագույն գործիք մեր երկրի՝ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը, արդարությունը եւ երջանկությունն ապահովելու համար», – այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ:
«Հանկարծ չմտածեք, թե շատերը կան, որոնք մեր նման ուզում են այս պետությունը լինի», – հայտարարել է վարչապետը։
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ խորհրդի անդամ Արման Աբովյանի հետ` հասկանալու համար, ի՞նչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ, որին ի պատասխան՝ ասաց, որ նախ պետք է պարզել, թե ինչ պետության մասին է խոսքը գնում:
Նրա խոսքով՝ իշխանության բոլոր խոսքերը պետք է ընկալել 180 ասիտճան հակառակ: Հաշվի առնելով իշխանության քաղաքականությունը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունը գնում է դեպի տոտալ ապամոնտաժման, դա նվազագույնը կարելի է որակավորել, որպես մանիպուլյացիայի նոր դրսեւորում:
«Ըստ էության, ունենք մի իրավիճակ, երբ իշխանությունը կասկածի տակ է դնում Հայաստանի Հանրապետության սահմաները, ջարդուխուրդ անում անվտանգային ճարտարապետությունը, որը Հայաստանի շուրջ ձեւավորվել է տարիներ ի վեր, եւ դրա հետ մեկտեղ հնազանդ կերպով կատարում է Ադրբեջանի եւ Թուրքիայի պայմանները, հետո դա ներկայացնելով որպես ներքին որոշում՝ երկիրը տանում է դեպի ապամոնտաժման:
Եթե դուրս գանք հուզական դաշտից, պարզապես դիտարկենք իրավիճակը փաստերով, ապա կտեսնենք, որ Հայաստանի հյուսիսը՝ պաշտպանական գոտին փլուզեցին՝ անունը դնելով «դեմարկացիա եւ դելիմիտացիա»: Հիմա նույնը փորձելու են անել Հայաստանի հետ, արդեն պայմանական՝ կենտրոնական մասերի հետ: Ես մտավախություն ունեմ որ Տիգրանաշենի հերթն է գալիս»:
«Ժողովուրդ» օրաթերթը, Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ արտահայտության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, կապ հաստատեց նաեւ քաղաքագետ Թեւան Պողոսյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով, վերջինս մեջբերեց Մոնթե Մելքոնյանի խոսքերը. «Կորցնելով Արցախը՝ շրջելու եք հայոց պետականության վերջին էջը»:
Քաղաքագետի խոսքով՝ Ալիեւը շրջել է տվել, գրիչը դրել է գործող իշխանության ձեռքին եւ ասում է՝ «Սահմանադրություն պիտի փոխես, Սեւանի ջրի ավազանը համատեղ ենք օգտագործելու», հրամայում է քարտեզներ հրապարակել, թե ինչպես է պատկերացնում Սեւանը՝ մեջտեղից կիսած, ասել է՝ Սյունիքի միջանցքը տալու եք, կամավոր չտաք՝ ուժով եք տալու:
«Ես մի բան գիտեմ՝ ցանկացած բան կարելի է արտասանել, բայց գործողություններին պետք է նայել», – նշել է Թեւան Պողոսյանը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը դեռ կիրակի օրը մեկնել է Սյունիք ու այցելել նաեւ այն համայնքները, որոնք գտնվում են թշնամու թիրախում, ավելին՝ նրա հսկողության տակ են կարեւոր ենթակառուցվածքները։
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«ՄԱՐԴԻԿ ԿԱՌՉԱԾ ՉԵՆ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ». ՍՐԲԱԶԱՆ
«Ընդդիմադիր պատգամավորների մանդատները վայր դնելու քննարկումները շատ են եղել, հավատացե՛ք՝ մարդիկ կառչած չեն մանդատներից», – այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով հարցին՝ չե՞ք գտնում, որ ընդդիմությունը խորհրդարանում հարց չի կարող լուծել, իմպիչմենտի գործընթաց չի հաջողվում սկսել, ժամանակը չէ՞, որ մանդատները վայր դնեն, գուցե քաղաքական ճգնաժամ առաջանա։
«Վայր կդնեն այն ժամանակ, երբ արդյունավետ կլինի։ Մանդատները խորքում որեւէ նշանակություն չունեն։ Իրենք էլ են ասել, որ մանդատներ վայր դնելու հարցը օրակարգում միշտ էլ կա, կախում ունի, թե դրա արդյունավետությունը ո՞րն է լինելու, ի՞նչ ժամանակ, ինչպե՞ս։ Անիմաստ կերպով մանդատ վայր դնելն ինչի՞ է ծառայելու, բայց օրակարգում կա դա, իրենք էլ են հասկանում, թե ինչ վիճակում են գտնվում», – ասաց Սրբազանը։
Անդրադառնալով ՔԿ կողմից կաշառք բաժանելու մեղադրանքներին՝ Բագրատ Սրբազանն ասաց, որ Արգիշտի Քյարամյանն ու իր կառույցը, դժբախտաբար, մաս են կազմում այս հանցագործ իշխանության ամբողջ գործունեությանը։
«Ընդհանրապես, իրավական համակարգն այսօր ծառայում է մեկ մարդու, եթե այդքան արդար են իրենք ոստիկանական բռնությունների հանդեպ ինչո՞ւ որեւէ «ծպտուն» չեն հանում, թե՞ ոստիկանության կանոնագրքում այդպես է գրված։
Գրվա՞ծ է, որ մարդկանց հայր, մայր, ընտանիք ինչ ասես կարող են հայհոյել, գրվա՞ծ է, որ երեխա կծեծեք, կանանց, երեխանների վրա ռումբ կնետեք՝ այն էլ արգելված…. Գրվա՞ծ են դրանք։ Արգիշտի Քյարամյանը, եթե արդար մարդ է իր քննչական կոմիտեով, ուրեմն նաեւ դրա հետաքննությունը պետք է անի։ Մեր երկրում քաղաքացիները որեւէ կողմից պաշտպանված չեն, եւ նրանք էլ ենթարկվում են մի մարդու քմահաճույքին՝ ինչ հրամայում են, դա էլ անում են, այդ պահին խելքը ինչ փչեց, այդպես էլ անում է իրավապահ համակարգը։ Կարծում են՝ այս բռնաճնշումներով պետք է ճնշե՞ն… Չարաչար սխալվում են», – ասաց նա։
Սրբազանը նշեց, որ երեկ եւս այցելել է հիվանդանոցներ, պետք է կալանավորվածների ընտանիքներին այցելի եւ, ըստ նրա, ոչ ոք ընկրկելու խնդիր չունի։ «Նույնիսկ ինձ են պարտադրում, ասում՝ հանկարծ որեւէ կերպով չնահանջես, որ մեզ հետ նման բան է պատահել, ո՛չ, մենք գիտակցաբար ենք գնացել», – պատմեց նա։