Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ, նպատակ ունենալով բարձրացնել մեր աշխատանքի թափանցիկությունը եւ ստանդարտացնել ածխաթթու գազի արտանետման հաշվարկը, «Արդշինբանկը» միանում է Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությանը (PCAF):
Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությունը (PCAF) գործընկերություն է ֆինանսական հաստատությունների միջեւ ամբողջ աշխարհում, որի նպատակն է բացահայտել եւ ներդաշնակ գնահատական տալ ներդրումների եւ վարկավորման արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումների մասին տեղեկատվությանը: Ունենալով ավելի քան 480 ֆինանսական հաստատություն 6 մայրցամաքներից՝ այս խումբը արագ աճում է Հյուսիսային Ամերիկայում, Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, Աֆրիկայում եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Միանալով PCAF-ին՝ մենք ձգտում ենք հաշվառել եւ բացահայտել մեր կողմից ֆինանսավորվող արտանետումների մասին տեղեկատվությունը: Այս պարտավորությունը համընկնում է մեր բնապահպանական օրակարգի հետ՝ ընդգծելով մեր հավատարմությունը պատասխանատու ներդրումներին եւ վարկավորման պրակտիկայի արդյունքում առաջացած կլիմայի փոփոխությունները մեղմացնելուն:
PCAF-ին անդամակցությունը մեզ թույլ է տալիս առավել հիմնավորված եւ հավակնոտ կլիմայական նպատակներ դնել՝ ցույց տալով, որ մենք առաջինն ենք ֆինանսական հատվածում՝ ցածր ածխաթթվային տնտեսությանը անցման մեջ:
«Ես ուրախությամբ հայտնում եմ, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն PCAF-ի հետ ռազմավարական համագործակցության մեջ է մտնում ածխաթթու գազի արտանետման հաշվառման համապարփակ նախաձեռնություն սկսելու վերաբերյալ: Այս կարեւոր համագործակցությունը կոչված է բարելավելու մեր աշխատանքը շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ՝ ջերմոցային գազերի մասին տեղեկատվության առավել ճշգրիտ եւ որակյալ բացահայտման հաշվին:
Այս նախաձեռնությունը վկայում է մեր հավատարմության մասին կայուն զարգացմանը եւ պատասխանատու բիզնեսի վարմանը: Եվ մենք հավատում ենք, որ այս գործընկերությունը ոչ միայն կբարելավի մեր թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բնապահպանական հաշվետվության մեջ, այլեւ կսահմանի համապատասխան ուղեգիծ ֆինանսական հատվածում:
«Արդշինբանկը» հպարտ է, որ կատարել է այս նշանակալի քայլն առաջ՝ ամրապնդելով մեր հավատարմությունը բնապահպանական պատասխանատվությանն ու կայուն աճին», – ասաց «Արդշինբանկի» վարչության նախագահ Արտակ Անանյանը:
«Արդշինբանկի» մասին
«Արդշինբանկը» Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաեւ փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ «Արդշինբանկը» ունի ավելի քան 380.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ եւ օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաեւ ներկայացուցչություն Փարիզում։
«Արդշինբանկը» ստանձնել է այլընտրանքային էներգետիկայի ոլորտում ներդրումներ կատարելու պարտավորությունը, ինչը փաստում է բանկի որդեգրած քաղաքականությունը դեպի կանաչ բանկինգի զարգացում: Բանկի գործառնական կառուցվածքը հիմնված է սոցիալական եւ բնապահպանական պատասխանատվության վրա՝ հզոր կորպորատիվ կառավարման համադրությամբ: Այս պարտավորությունը արտացոլում է «Արդշինբանկի» հավատարմությունը կայուն զարգացման սկզբունքներին եւ ցույց է տալիս, որ բանկը շարժվում է ճիշտ ուղղությամբ:
PCAF-ի մասին
Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությունը կամ PCAF-ը գործարկվել է 2019 թվականի սեպտեմբերին: Ներկայումս 480 ֆինանսական կազմակերպություն միացել են PCAF նախաձեռնությանը: PCAF մասնակիցները միասին աշխատում են մշակել Ջերմոցային գազերի հաշվառման եւ հաշվետվության գլոբալ ստանդարտ՝ սեփական ներդրումների եւ վարկավորման արդյունքում առաջացած ջերմոցային գազերի արտանետման բացահայտման եւ հաշվառման համար:
«ԿՈՆՎԵՐՍ» ԲԱՆԿԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԲԻԶՆԵՍԻՆ
«Կոնվերս» բանկը ներկայացրել է պարտատոմսերի թողարկմամբ ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորությունը եւ այդ հարցում իր փորձառությունը: Սա լավագույն այլընտրանքն է պարտքի դիվերսիֆիկացման տեսանկյունից, որի շնորհիվ, միաժամանակ, ընկերությունը դառնում է առավել ճանաչելի կապիտալի շուկաներում, բարձրանում է վստահությունն ընկերության նկատմամբ:
«Կոնվերս» բանկի կորպորատիվ ներդրումային բանկային ծառայությունների բաժնի պետ Էլեն Քարիմյանի խոսքով՝ միջոցներ ներգրավելու այս ուղին բիզնեսին հնարավորություն է տալիս որոշակիորեն անկախ լինել բանկային վարկային պրոդուկտներից ու ավելի լավ կառավարել ներգրավված միջոցները, ինչպես նաեւ ստեղծում է կորպորատիվ կառավարման նոր մշակույթ։
«Սա բիզնեսի զարգացման նպատակով ներդրումների ներգրավման լավագույն եղանակներից է, որը հնարավորություն է տալիս միջոցներ ներգրավել առանց էական հավելյալ ծախսերի, առանց գրավի ու երաշխավորության, իսկ պարտատոմսերի շրջանառման ընթացքում չմարել անվանական արժեքը՝ այդ գումարն ուղղելով բիզնեսի զարգացմանը»,- ասել է նա:
«Եվրոթերմ» ընկերության տնօրեն Վահե Ղազարյանը ներկայացրել է պարտատոմսերի թողարկման հարցում բանկի հետ համագործակցությունը: «Կոնվերս» բանկի աջակցությամբ այդ ընկերությունը թողարկել, հաջողությամբ տեղաբաշխել եւ ցուցակագրել է 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով պարտատոմս:
Նրա խոսքով՝ «պարտատոմսերի թողարկումը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսվարողների համար, սովորական կարճաժամկետ նախագծերից հնարավոր է դառնում անցում կատարել երկարաժամկետ ռազմավարական նախագծերի մշակմանն ու իրականացմանը»:
Անդրադարձ է կատարվել նաեւ պետական սուբսիդավորման ծրագրից օգտվելու հնարավորությունը: Դրա շրջանակում պարտատոմսերի՝ բորսայում ցուցակվելուց հետո տնտեսվարողը ստանում է սուբսիդավորում թողարկման անվանական արժեքի 2%-ի, իսկ շրջանառման տարիների համար՝ 3-ական տոկոսի չափով:
«Կոնվերս» բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՋՐՀԵՂԵՂԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ
«Հայէկոնոմբանկը» 100 մլն դրամի օգնություն է հատկացրել Լոռու եւ Տավուշի մարզերում մայիսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի ծանր հետեւանքներից տուժած բնակիչներին:
Նվիրաբերված միջոցները փոխանցվել են աղետից տուժածներին աջակցելու նպատակով ՀՀ Ֆինանսների նախարարությունում բացված գանձապետական հաշվին: