ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՖԻԶԻԿԱ. ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սույն թվականի հունիսի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Ժամանակակից ֆիզիկա. հանրամատչելիացման եւ ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով գիտաժողովը։ Այն կազմակերպվել է «Գիտությունը՝ հանրակրթությանը» ծրագրի շրջանակում եւ նախատեսված է ՀՀ ավագ դպրոցների ուսուցիչների համար։

Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, գիտնականներ ՀՀ գիտական եւ կրթական հաստատություններից, ՀՀ ավագ դպրոցների ֆիզիկայի ուսուցիչներ։
Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանը։ «Այսօր գիտությունը թեւակոխել է մի այնպիսի ժամանակաշրջան, երբ գիտական արդյունքն այլեւս ինչ-որ տեղ գերազանցում է մարդկային երեւակայությունը։ Գիտությունն ավելի մեծ արագությամբ է զարգանում, եւ գիտելիքների մշտական թարմացումը եւ կապն առաջնագծային հետազոտությունների հետ առաջնային է ձեզ համար՝ որպես առաքյալների, որոնք լույսը պետք է առաքեն աշակերտներին եւ, ընդհանրապես, հասարակությանը», – ասաց Արթուր Իշխանյանը։
«Ավագ դպրոցի ուսուցիչները պետք է թելադրող լինեն՝ ինչ ծրագրերով եւ մեթոդով իրականացնել դասավանդումը, որպեսզի աշակերտը կարողանա որոշել՝ ինչ մասնագիտություն ընտրել։ Այս միջոցառման ընթացքում դուք կծանոթանաք ֆիզիկայի ոլորտի վերջին նորություններին, նոր ուղղություններին եւ նոր հետազոտություններին, որոնք կարող եք օգտագործել դասավանդման գործընթացում՝ ավելի գրավիչ դարձնելով ֆիզիկան աշակերտների համար», – ասաց ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս- քարտուղար, ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը։
«ֆիզիկան այն ոլորտն է, որը Հայաստանում ունեցել է լավ ավանդույթ, եւ մենք ցանկանում ենք շարունակել այդ ավանդույթը», – նշեց ՀՀ ԳԱԱ նախագահի գիտության եւ տեխնոլոգիաների գծով տեղակալ Վարդան Սահակյանը։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրամատչելիացման եւ զարգացման ծրագրերի վարչության պետ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Աթայանն ընդգծեց գիտության հանրամատչելիացման կարեւորությունը։ «Մեր նպատակն է գտնել մեթոդներ, որոնք կնպաստեն Հայաստանում գիտության եւ կրթության սերտացմանը։ Ֆիզիկայի ոլորտում մենք միշտ ունեցել ենք հաջողություններ։ Այսօր հետաքրքրությունը որոշակի անկում է ապրում, եւ փորձում ենք հանրամատչելիացման միջոցով հաղթահարել այդ անջրպետը։ Դրա իրականացնողներն ուսուցիչներն են։ Մենք առաջարկել ենք ստեղծել ֆիզիկայի ուսուցիչների ասոցիացիա, մի հարթակ, որտեղ կարող են բարձրացվել հարցեր եւ առաջարկվել փոփոխություններ», – ասաց Կամո Աթայանը։
Գիտաժողովի երկրորդ մասն անցկացվեց Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում։
Քառօրյա գիտաժողովի ընթացքում առաջատար գիտնականները Հայաստանի եւ արտերկրի գիտական եւ կրթական հաստատություններից հանդես կգան զեկուցումներով՝ նվիրված ֆիզիկայի զարգացման ժամանակակից միտումներին, ժամանակակից աստղաֆիզիկային, քվանտային ֆիզիկային, ակուստաֆիզիկային, ատոմային եւ միջուկային ֆիզիկային։
Հունիսի 19-ին գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, հունիսի 20-ին՝ Հայկական ատոմային էլեկտրակայանում, իսկ հունիսի 21-ին՝ ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում։ Հունիսի 21-ին կամփոփվեն գիտաժողովի աշխատանքները եւ մասնակիցները կստանան վկայագրեր։
Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը։
«Գիտությունը՝ հանրակրթությանը» ծրագրին աջակցում են Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան եւ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն։

ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Հ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Մեծանուն հայեր. Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակ» թեմայով նամականիշերի մարման արարողությանը, որը տեղի է ունեցել Պոդպոմոգովի արվեստանոցում:

Միջոցառմանը մասնակցել են նաեւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Գեւորգ Մելիքսեթյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Վալենտին Պոդպոմոգովի այրին՝ Ասյա Պոդպոմոգովան:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ պատիվ է մասնակցել մեծանուն վարպետի 100-ամյակին նվիրված միջոցառմանը:
«Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական տարում նրա հիշատակն արժեւորելու նպատակով ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի կինոգործիչների միության կինոյի տան մեծ դահլիճում տեղի է ունեցել հոբելյանական երեկո, ինչպես նաեւ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոնի շրջանակում Շառլ Ազնավուրի անվան հրապարակի աստղային ճեմուղում տեղադրվել է վարպետի՝ մեծանուն անիմատոր, նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի անվանական հուշաստղը», – ներկայացրել է ԿԳՄՍ փոխնախարարը։
Պոդպոմոգովի այրին՝ Ասյա Պոդպոմոգովան, ներկայացրել է վարպետի կենսագրությունից հատվածներ, նրա «Նոստալգիա» եւ «Մեա կուլպա» («Իմ մեղքը») գեղանկարների պատմությունը: Ըստ նրա՝ Պոդպոմոգովը հայկական մուլտիպլիկացիայի վերածննդի հայրն է, աշխատել է «Հայֆիլմում» 50 տարի, շուրջ 20 ֆիլմերի նկարիչ է, ինչպես նաեւ եղել է Երեւանի առաջին գլխավոր նկարիչը, իսկ գեղանկարչությամբ սկսել է զբաղվել 50 տարեկանում:
«Պոդպոմոգովը գեղանկարչությամբ զբաղվել է 50 տարեկանից, եւ «Նոստալգիան» նրա առաջին գործն է. նկարել է 1974 թվականին: Ինքն իրեն համարում էր սիմվոլիստ գեղանկարիչ», – պատմել է Պոդպոմոգովի այրին:
Արվեստանոցում պահպանվում են Պոդպոմոգովի՝ տարբեր տարիներին ստեղծած կտավներ, քանդակներ եւ այլ աշխատանքներ, նրա իրերից:
320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովը (1924-1998 թթ.) իր՝ «Վերջին մղոնը» կտավի խորապատկերին, իսկ 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է նրա «Իմ մեղքը» կտավը:
Նամականիշերի վրա նաեւ առկա է «ՎԱԼԵՆՏԻՆ ՊՈԴՊՈՄՈԳՈՎ» գրառումը՝ հայերեն եւ անգլերեն:

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ
Շվեյցարական Նիոն քաղաքում կայացել է ֆուտբոլի ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը:
Հայաստանի առաջնության փոխչեմպիոն Երեւանի «Նոա»-ի մրցակիցը որակավորման փուլում կլինի Հյուսիսային Մակեդոնիայից «Շկենդիա»-ն:
Երեւանի «Ուրարտու»-ի մրցակիցը որակավորման առաջին փուլում կլինի էստոնական «Կալեւ Տալին»-ը:
Հանդիպումների ժամանակացույցը դեռեւս հայտնի չէ:

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԾԵԾԿՌՏՈՒՔ
Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» արենայի տրիբունաներում զանգվածային ծեծկռտուքի են մասնակցել Թուրքիայի եւ Վրաստանի հավաքականների երկրպագուների խմբերը։ Այդ մասին տեղեկացնում է stavkinasport.com կայքը։
Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին մրցափուլի Թուրքիա – Վրաստան հանդիպման նախաշեմին երկրպագուների խոշոր բախում է տեղի ունեցել։ Դորտմունդի «Բորուսիայի» տնային մարզադաշտի երկու հատվածների մենամարտը հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Անվանական տանտերերի խորհրդանիշերով հանդիսականներն ու հյուրերը սկզբում միմյանց վրա են նետել բաժակներ եւ այլ առարկաներ։ Այնուհետեւ որոշ երկրպագուներ ուղղակի ենթարկվել են բռնության:

ԵՎՐՈ 2024-Ի ԱՌԱՋԻՆ ՏՈՒՐԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ
Իսպանական Marca պարբերականը ներկայացրել է Գերմանիայում ընթացող 2024 թվականի Եվրոպայի առաջնության մեկնարկային տուրի խորհրդանշական հավաքականը։
Դարպասապահ՝ Բարտ Վերբրյուգեն (Նիդերլանդներ):
Պաշտպաններ՝ Դանի Կարվախալ (Իսպանիա), Դավիդ Գանկո (Սլովակիա), Ալեսանդրո Բաստոնի (Իտալիա), Տեո Էրնանդես (Ֆրանսիա):
Կիսապաշտպաններ՝ Ֆաբիան Ռուիս (Իսպանիա), Նգոլո Կանտե (Ֆրանսիա), Դենիս Ման (Ռումինիա)։
Հարձակվողներ՝ Արդա Գյուլեր (Թուրքիա), Ջամալ Մուսիալա (Գերմանիա), Կոդի Գակպո (Նիդերլանդներ)։
Հատկանշական է, որ Իսպանիայի, Իտալիայի եւ Նիդերլանդների հավաքականները ներկայացված են երկուական մասնակցով։




Լրահոս