Լուսանկարը՝ համացանցից
Շոգ ամռանը զովանալու կարիք ունեն ոչ միայն մարդիկ այլեւ կենդանիները: Ահա այս շունը քաղաքի կենտրոնի ցայտաղբյուրներից մեկի վրա «վաստակել» է իր թարմանալու իրավունքը:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Եթե աշխատողի եկամտահարկը ճիշտ չի պահվել, ապա ի՞նչ պետք է անի: Արդյոք սահմանափակող ժամկետ գոյություն ունի՞, թե՞ ոչ:
Նելլի Պողոսյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ կետի` հարկային գործակալի կողմից «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներին համաձայն` ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից ժամանակին չպահված (կամ պակաս պահված) հարկի գումարները ֆիզիկական անձանցից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են պահվել ոչ ավելի, քան վերջին երեք ամսվա համար, իսկ հարկերի սահմանված չափից ավելի պահված (գանձված) գումարները հաշվանցվում են առաջիկա պահումների հաշվին կամ վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում` սահմանված չափից ավելի գանձման օրվան հաջորդող երեք օրացուցային տարվա համար:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամտից կարող են կատարվել օրենքով նախատեսված նվազեցումները (նվազեցվող եկամուտներ, անձնական նվազեցումներ եւ ծախսեր):
ՏՈՒԳԱՆՔՆԵՐ
ՀԱՐՑ. Եթե անձը ապրանքներ եւ տրանսպորտային միջոցներ է ներմուծել եւ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ է նշել, ապա այդ դեպքում տուգանք սահմանվո՞ւմ է, թե՞ ոչ: Նշեմ, որ, խախտումն առաջացրել է մաքսային վճարների պակաս հաշվարկում: Ուզում եմ իմանալ՝ խախտում սահմանելու դեպքում ինչ չափ է նախատեսվում:
Հարություն Գեւորգյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 203 հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները եւ տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելը կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը, որի արդյունքում առաջանում է մաքսային վճարների պակաս հաշվարկում կամ չհաշվարկում, հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում առաջացնում է չհաշվարկված կամ պակաս հաշվարկված մաքսային վճարների գանձում՝ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաեւ տուգանք` այդ մաքսային վճարների 50 տոկոսի չափով:
Հայաստանի Հանրապետության պետական
եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ սահմանված ժամկետում մաքսային մարմիններին ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ մաքսային հայտարարագիր չներկայացնելը, անկախ գրավոր հայտարարագիր ներկայացնելուց, առաջացնում է տուգանքի նշանակում` 50,000 դրամի չափով: Ի դեպ, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 212 հոդվածի համաձայն` մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքները ենթակա են վերցման: