«ՊԱՐԶԱՊԵՍ ՎԱՅՐԷՋՔԻ ԱՆՑՈՂԻԿ ՓՈՒԼ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործողությունների, եկեղեցու դեմ սկսված արշավի եւ այլ հարցերի շուրջ զրուցել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազան Աջապահյանի հետ:

-Սրբազա’ն, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործունեությանը զուգահեռ հանրության մեծ մասը, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցիչները տարբեր տեսակետներ են հնչեցնում, թե շարժումը սպառել է իրեն, այն մարված է, եւ վկայակոչում են այն, որ հանրահավաքներին շատ մարդիկ ներկա չեն գտնվում։ Դուք ի՞նչ տեսակետ ունեք, համամի՞տ եք արդյոք, թե շարժումը սպառել է իրեն։
-Շարժումը սպառված չէ, գուցե այն հիմա որոշակիորեն վայրէջք է գրանցում, սակայն Բագրատ սրբազանը հաստատակամ է իր ընթացքի մեջ եւ կարող է իրավիճակ փոխվել։ Իշխանությունները, իհարկե, հիմա այս փուլը պիտի օգտագործեն, ամեն բան անեն, որ այս կարճատեւ վայրէջքը տեւական դարձնեն։
-Մենք հիմա էլ տեսնում ենք, որ շարժման մասնակիցների նկատմամբ քրգործեր են հարուցվում, հետապնդումներ իրականացվում։
-Նրանք իրոք աշխատում են այդ ուղղությամբ, բայց կարծում եմ՝ Բագրատ սրբազանը կգտնի ձեւերը շարժումը թարմացնելու, քանզի դրա անհրաժեշտությունը կա։ Հասարակության լայն զանգվածը ուրախ չէ, որ շարժումն անկում է ապրում։
-Ի՞նչ պետք է արվի, որպեսզի բեկում մտցվի եւ թափ առնի ակցիան։
-Հիմա այն փուլում ենք, որ խորհուրդ տալը հեշտ է, բայց արժե՞ արդյոք. վերջիվերջո, այմբողջ տեղեկատվությանը Բագրատ սրբազանն է տիրապետում, եւ նա կիմանա, թե ինչ ուղղությամբ գնա։ Մենք որքան էլ ինչ-որ տեղեկության տիրապետում ենք, միեւնույնն է` դա ամբողջականը չէ, եւ այս մասնակի ինֆորմացիայով կանխատեսումներ անել գլոբալ գործընթացների մասին, ճիշտ չի լինի։ Թուլացման պատճառը ես տեսնում եմ դրական լույսի ներքո, քանզի սրբազանը հոգեւոր գործիչ է եւ պատրաստ չէր քաղաքական վայրիվերումների եւ անդրադարձների։
-Սրբազա’ն, շատ խոսակցություններ են շրջանառվում, որ շարժման ներսում՝ անդամների միջեւ, տարաձայնություններ կան, ու հիմնական պատճառը այն է, որ շարժումն իր նպատակին, վերջնարդյունքին չի հասնում։ Դուք նման տարաձայնություններ նկատե՞լ եք։
-Ես ինքս այն աստիճան ընդգրկված չեմ, որպեսզի հստակ իմանամ` կա՞ն տարաձայնություններ, թե՞ ոչ, իմ շփումը միայն Բագրատ սրբազանի հետ է, հետեւաբար, թե ինչ խմորումներ են ընթանում ներսում, տեղյակ չեմ։
-Սրբազա’ն, այս պայքարի ընթացքում Բագրատ Գալստանյանը նաեւ տարբեր քաղաքներում եղավ, եւ այստեղ ակնհայտ էր, որ միայն Գուգարաց թեմի առաջնորդը եւ նաեւ Դուք եղաք, որ Շիրակ այցելելիս` որպես Շիրակի թեմի առաջնորդ, նրան դիմավորեցիք եւ Ձեր աջակցությունը հայտնեցիք, մյուս թեմերի առաջնորդները, ինչպես նաեւ վեհափառը, իրենց հստակ աջակցությունը շարժմանը չեն հայտնել, ինչո՞ւ։
-Սա Բագրատ սրբազանի շարժումն է, որին աջակցում են որոշ հոգեւորականներ, որոշ հոգեւորականներ վերապահություն ունեն, եւ որոշ հոգեւորականներ էլ դեմ են, որպեսզի եկեղեցական գործիչը քաղաքականություն մտնի։
-Ինչպես նշեցինք, իշխանությունները տարբեր ճնշումներ են կիրառում, քրեական գործեր հարուցում ակցիայի մասնակիցների դեն, այդ թվում՝ տեղեկություններ կան, որ Բագրատ սրբազանի դեմ եւս քրգործ են ուզում հարուցել, ի՞նչ կասեք այս մասին, սպասու՞մ եք նման զարգացումների, որ անգամ հոգեւորականների հետ այդպես կվարվեն։
-Այս իշխանություններից ես ամեն բան սպասում եմ, ոչինչ չպետք է բացառել. եթե այս իշխանությունը կարողացավ մայիսի 28-ին արգելել Վեհափառ հայրապետի տեղաշարժը, ապա ամեն ինչի ընդունակ է, մեկ հոգեւորականն ի՞նչ է նրանց համար, որ չկարողանան որեւէ քրեական գործով դատապարտել….։

ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ՈՐՈՇՄԱՆԸ
Մեկ օր առաջ՝ վաղ առավոտյան, Վարդենուտ գյուղի բնակիչները փակել էին Ապարան-Երեւան մայրուղին։

Բնակիչները բողոքում են ՀՀ կառավարության 2023 թ. մարտի 2-ի որոշմամբ գյուղի հողերը գերական շահ ճանաչելու դեմ։
Վերոնշյալ որոշմամբ՝ «ՌԻԴ» ՍՊԸ կողմից ներկայացված` ամառային եւ ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման եւ ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագիրը իրականացնելու նպատակով մի շարք հողամասեր հանրային գերակա շահ են ճանաչվել։ Վարդենուտ գյուղի հողատարածքներից հանրային գերակա շահ է ճանաչվել 110 հա հողատարածք։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը հայտնել է, որ ճանապարհն արդեն բաց է, իսկ պատճառը բնակիչների եւ «ՌԻԴ» ՍՊԸ-ի միջեւ անհամաձայնությունն է։
«Ինչ-որ կոնկրետ բան դեռ չենք որոշել, կքննարկենք, կհասկանանք, փաստաթղթերը կբերեն, դատարանի որոշումների հետ կապված կհասկանանք՝ ինչ ենք անում։ Բնակիչները գումարը շատ են ուզում, իսկ կազմակերպությունն էլ ուզում է ֆիքսված գումարը տալ, որը քիչ է բնակիչների պահանջածից։ Ֆիքսված գումարը տարբեր է, մինչեւ 300 դրամի կարգի է հողի գնահատված արժեքը։ Բնակիչները տարբեր բաներ են ուզում՝ շատ գումար, մի մասը չի ուզում հողը վաճառել։ Հողի կադաստրային արժեքն ավելի էժան է, սա գնահատված արժեքն է», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ՀՀ Արագածոտնի մարզպետը։
Ըստ կառավարության ընդունած որոշման՝ սահմանվել է, որ ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի (Վարդենուտ, Արագած, Արայի եւ Շենավան բնակավայրեր) տարածքում 4489.0 հա ընդհանուր մակերեսով հողամասում։ Ըստ մարզպետի՝ բանկիչները բացի ֆինանսական պահանջից այլ պահանջ չեն ներկայացրել մարզպետին։
Հիշեցնենք, որ Վարդենուտ գյուղի բնակիչների կողմից 2024 թվականի մարտի 10-ին եւս փակել էին մայրուղին, նրանք պահանջում էին դադարեցնել ընկերության կողմից Արագածի էկո-հագստավայրի կառուցումը, որի նախագծով գյուղի տարածքում լեռնադահուկային կոմպլեքս եւ ճոպանուղի է ստեղծվելու։
Նշենք, որ «ՌԻԴ» ընկերությունը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանին:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2023 թվականի մարտի 2-ին hավանություն տվեց «ՌԻԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ ամառային եւ ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկո-գյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման եւ ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագրին։ Որոշումն ընդունելուց 4 ամիս անց, սակայն, նախագծի վերաբերյալ կրքերը թեժացել են։
Մանրամասները՝ ArmLur.am կայքում:

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Ադրբեջանի գլխավոր դատախազը խոսել է Բաքվում ապօրինաբար կալանավորված քաղաքական գործիչների քրեական գործերի վերաբերյալ։
«Քրեական գործերով քննչական գործողություններն ավարտվել են եւ առաջիկայում կուղարկվեն դատարան։ 15 անձի վերաբերյալ նախաքննությունն արդեն ավարտվել է։ Մեղադրյալները, փաստաբանները, տուժողները ներկայումս ծանոթանում են քրեական գործի նյութերին, ծանոթացման փուլն ավարտվելուց հետո՝ մեղադրական եզրակացությունը կուղարկվի դատարան», – ասել է նա։
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել «Միջազգային եւ համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչ է անում հայկական կողմը, վերջինս պատասխանեց, որ վաղ է պատասխան քայլերի մասին խոսելը:
«Նախ նախաքննությունը ընթացքի մեջ է եղել, ընդամենը այս հաղորդագրությամբ նրանք ազդարարել են նախաքննության ավարտը, ինչը նշանակում է, որ մեր կողմից կանխատեսվող դատավարությունները կսկսվեն, կընթանան»:
Նրա խոսքով՝ մնում է հասկանալ դատավարությունների անցկացման կարգը՝ դռնփակ, դռնբաց, հանրայնացման աստիճանը եւ մի շարք այլ հանգամանքներ:
«Հայկական կողմի դիրքորոշումը այն է, որ ի սկզբանե ազատությունից զրկելը եղել է ապօրինի, այդ դատավարությունները ցուցադրական են, թե՛ նախկին թե՛ ներկա ռազմագերիների առնչությամբ չեն պահպանվում արդար դատաքննության իրավունքի կարեւոր տարրերը, այստեղ մենք կարեւոր խախտումների հետ ենք գործ ունենալու, եւ այդ դատավարությունների արդյունքները չեն կարող ընդունելի լինել միջազգայնորեն:
Սրան պետք է հավելենք նաեւ ընդհանուր դատական համակարգի ծայրահեղ վատ վիճակ է Ադրբեջանում, որը միջազգային կառույցների կողմից քննադատվում է քաղբանտարկյալներ ունենալու հարցով, բազմիցս արձանագրվել է հեռախոսային դատավարությունը եւ նախագահի վարչակազմում արդարադատություն իրականացնելու անթույլատրելի պրակտիկան, ուստի հայկական կողմը ընդամենը միջազգային մեխանիզմների գործարկմամբ պետք է նաեւ իրավական առումով չեզոքացնի դատական ակտերը»:
Սիրանուշ Սահակյանը կարծում է, որ զուգահետաբար պետք է աշխատանք տարվի, հիմնականում՝ դիվանագիտական եւ քաղաքական, որպեսզի Ադրբեջանը ազատ արձակի նաեւ ապօրինաբար բանտարկության վերցրած հայերին:




Լրահոս