ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ Է ՔՆՆԱՐԿՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Լայպցիգի քաղաքապետ Բուրքարդ Յունգի հետ, քննարկել առկա եւ հնարավոր համագործակցությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառի տնօրեն Աստրիդ Բյոհմիշը: ՀՀ պատվիրակության կազմում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Հանդիպման ընթացքում կարեւորվել է երկկողմ կապերի զարգացումը: Այս համատեքստում շեշտվել է, որ Երեւանն ու Լայպցիգը հանդիսանում են քույր քաղաքներ, ինչը համագործակցությունը խորացնելու նոր հնարավորություններ է ստեղծում։ Մասնավորապես, կարեւորվել է Երեւանի եւ Լայպցիգի բարձրագույն, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաեւ հանրկրթական դպրոցների միջեւ ուղիղ կապերի ստեղծումը: Քննարկվել են փոխանակման ծրագրերի իրականացման եւ համատեղ միջազգային կրթական ծրագրերի դիմելու հնարավորությունները:
Հանդիպմանը քննարկվել է նաեւ Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանի հնարավոր մասնակցության հարցը: ԿԳՄՍ նախարարը գերմանական կողմին հրավիրել է Հայաստան՝ սեպտեմբերին կայանալիք Գրքի երեւանյան միջազգային փառատոնին՝ քննարկելու համագործակցության հեռանկարները: Անդրադառնալով մշակույթի ոլորտում համագործակցությանը՝ կողմերը քննարկել են համատեղ համերգների անցկացման, երիտասարդ կատարողների համար համապատասխան հարթակների ձեւավորման եւ այլ հարցեր:
Քննարկվել է նաեւ հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի՝ Լայպցիգում ուսանելու տարիներին զբաղեցրած բնակարանի բակում հուշատախտակ տեղադրելու հնարավորությունը:
ՀՀ պատվիրակությունն այցելել է նաեւ Լայբնից գիտահետազոտական ինստիտուտի Արեւելյան Եվրոպայի պատմության եւ մշակույթի ինստիտուտ (GWZO), փոխտնօրեն Յուլիա Հերցբերգի ուղեկցությամբ շրջել ինստիտուտում, ծանոթացել վերջինիս գործունեությանը եւ ենթակառուցվածքներին: Կողմերը քննարկել են համատեղ կրթաթոշակային ծրագիր ունենալու հնարավորությունը՝ հայագիտական հետազոտությունների ուղղությամբ: ԿԳՄՍ նախարարն առաջարկել է նաեւ դիտարկել գերմանացի եւ հայ հետազոտողների՝ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի՝ արտերկրի գիտնականների համար նախատեսված ծրագրերին համատեղ մասնակցության հնարավորությունը:
Լայպցիգում ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաեւ փոխքաղաքապետ, Երիտասարդության, դպրոցների եւ ժողովրդավարության բաժանմունքի ղեկավար Վիկի Ֆելթհաուսի հետ: Քննարկվել են երիտասարդների փոխանակման, ինչպես նաեւ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի եւ Լայպցիգի երիտասարդական կազմակերպություններից մեկի միջեւ համագործակցության հնարավորությունները՝ փոխադարձ այցերի եւ այլ ծրագրերի իրականացման տեսանկյունից:
Գերմանական կողմը նաեւ հետաքրքրվել է տեխնոլոգիական կրթության ուղղությամբ հայաստանյան փորձով, մասնավորապես՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, ԱՐՄԱԹ լաբորատորիաների, ՔՈԱՖ կենտրոնների գործունեությամբ, ինչպես նաեւ դպրոցներում Շախմատ առարկայի դասավանդմամբ:
Երիտասարդական քաղաքականության ուղղությամբ համագործակցության հեռանկարները քննարկվել են նաեւ ԵԽ որակի հավաստագիր ունեցող երիտասարդական կենտրոնների հետ: Մասնավորապես, քննարկվել է ՀՀ-ում բացվող երիտասարդական կենտրոնների հետ համագործակցությամբ փոխանակման եւ կարողությունների զարգացման ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: ԿԳՄՍ նախարարը նշել է, որ ՀՀ երիտասարդական քաղաքականության առաջնահերթություններից են եվրոպական երիտասարդական կենտրոնների ցանցի հետ համագործակցությունն ու կապերի սերտացումը, որը նաեւ կնպաստի կարողությունների բարելավմանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաեւ Սաքսոնիայում ՀՀ պատվո հյուպատոսություն, հանդիպել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի վարչապետ Միխաել Կրեչմերիի հետ:

ՀՈՍԱՆՔԱԶՐԿՈՒՄՆԵՐ՝ ԴԱՎԹԱՇԵՆՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվում այն մասին, որ իրենց վարչական շրջանում կա՛մ հոսանքազրկումներ են լինում, կա՛մ հոսանքն ակտիվ տատանվում է։

Օրինակ՝ Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 2/9 շենքում հոսանքի պարբերաբար անջատումներ են լինում, եւ այդ անջատումների պատճառով փչացել են որոշ բնակիչների կենցաղային տարբեր սարքեր, 16 թաղամասում երեկ հոսանք չի եղել, իսկ «Հույսի ավան» թաղամասում՝ պարբերաբար հոսանքազրկումներ են լինում։
«Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել ՀԷՑ-ի հետ՝ պարզելու՝ ի՞նչն է պատճառը հոսանքազրկումների եւ/կամ տատանումների։
ՀԷՑ-ից պարզաբանեցին, որ ենթակայանում վերակառուցման աշխատանքներ են կատարվում, եւ այդտեղ փոխանջատումներ են կատարվել, ինչի պատճառով էլ բնակիչներին թվում է, որ դա տատանում է։
«Դավթաշենի նշված հասցեում 1 վթար ենք ունեցել ամսի 20-ին, իսկ մնացածը, որ ասում են՝ անընդհատ անջատվում է, ենթակայանում իրականացվող վերակառուցման աշխատանքները նկատի ունեն, այդտեղ փոխանջատում ենք կատարել, դրա համար բնակիչներին թվում է, որ դա տատանում է, բայց իրականում տատանում չէ, այլ փոխանջատում: Այսինքն՝ անջատում եւ մեկ ուրիշ տեղից ենք միացնում հոսանքը, դա կարող է 1 կամ 2 րոպե տեւել, եւ դրանից ոչ մի տեխնիկա չի կարող վնասվել։ Այսինքն՝ այդտեղ լարման եւ շեղման խնդիր չկա։ Տեխնիկան փչանում է միայն այն ժամանակ, երբ լարման շեղում է գրանցվում։ Հույսի ավան թաղամասն ու 16 թաղամասը Դավթաշեն վարչական շրջանի ենթակայանից են սնվում, այդտեղ ամսի 21-ին ենք ունեցել միայն 1 վթարային անջատում, որը տեւել է մոտավորապես 1-2 ժամ», – ասացին ՀԷՑ-ից։
ՀԷՑ-ից նաեւ հավելեցին, որ այնուամենայնիվ, եթե ինչ-որ բնակչի տանը ինչ-որ կենցաղային սարք է վնասվում, բնականաբար, եթե դա լարման շեղման արդյունքն է, ապա ՀԷՑ-ը փոխհատուցում է վնասները, սակայն այս պարագայում, մասնագետների փոխանցմամբ, տեխնիկա վնասվել չէր կարող։

ՆՈՐ ԿԱՄՈՒՐՋԸ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ 10-15 ՕՐԻՑ
Միջպետական ավտոճանապարհը Խաշթառակ գյուղին կապող կամուրջը մայիսի 26-ի ջրհեղեղից վնասվել է, այդ հատվածով երթեւեկն արգելված է։ Կամուրջը նաեւ Խաշթառակի հարեւան Լուսահովիտ գյուղն էր արտաքին աշխարհին կապում. թեեւ կամուրջը չի քանդվել, կանգուն է, սակայն այն խիստ վթարային է, դրանով երթեւեկը խստիվ արգելված է։ Իջեւանի համայնքապետարանը Խաշթառակը Իջեւան քաղաքին կապող այլըտնտրանքային ճանապարհ է բացել։ Այդ աշխատանքների շնորհիվ Խաշթառակից 7 կմ անցնելուց հետո՝ հասնում են Իջեւան քաղաքի «Ռեմբազի թաղ»։ Համայնքապետարանն աշխատանքներ է կատարում հողային այդ ճանապարհը բարեկարգելու, հարթեցնելու համար։ Խաշթառակի վարչական ղեկավար Անդրանիկ Վիրաբյանն ասաց, որ խաշթառակցիների մեծամասնությունը այժմ գերադասում է ավտոմեքենայով հասնել վնասված կամուրջ, ոտքով անցել այն, կամրջի մյուս կողմում նստել Իջեւանից պատվիրած ավտոմեքենան։ Խաշթառակի վարչական ղեկավարը հայտնեց, որ 10-15 օր հետո պատրաստ կլինի ջրհեղեղից վնասված կամրջից փոքր-ինչ ներքեւ կառուցվող, մոտ 60 տոննա ծանրություն կրելու ունակ, 6 մետր լայնություն ունեցող կամուրջը, որը կառուցվում է բետոնե հենքի վրա, մետաղյա վերնամասով։

ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐ ԵՆ ՆԵՐԿՐՎՈՒՄ
Նոյեմբերյան համայնքի Դեբեդի հովտի այգեգործները դժգոհում են, որ վերջին տարիներին մեծ չափով ավելացել են Հայաստան մտնող բույսերի վնաստուների քանակը եւ տեսականին։ Դրանք Հայաստան են ներկրվում Վրաստանից, կամ Վրաստանի տարածքով այլ երկրներից ներմուծվող բույսերի, տնկիների, սերմերի, մրգերի միջոցով։ Բագրատաշենի մաքսակետում, ինչպես այլ մաքսակետերում, գործում է ֆիտոսանիտարիայի ծառայություն, անհրաժեշտ փաստաթղթերը լրացվում են, սակայն բույսերի եւ բուսական ապրանքների վնասատուների Հայաստան մուտքը կանխարգելելու, դրանց չեզոքացնելու աշխատանքները հաճախ ձեւական բնույթ են կրում։ Դեբեդի հովտի այգեգործներն ասում են, որ Բագրատաշենի մաքսակետով Հայաստան ներկրվող տնկիները պետք է մաքսակետում կարանտին անցեն, սահմանային անցակետում որոշակի ժամանակ փակ խցերում մնան, որպեսզի պարզվի՝ դրանք առողջ են, թե ոչ, սակայն դա չի արվում։ Բույսերի եւ բուսական արտադրանքի վարակվածության դեպքում պետք է կատարվի ֆումիգացիա՝ փակ տարածքում վնասատուների դեմ պայքար, որը թունավոր գազի միջոցով վերացնում է վնասատուներին։ Վերջին տարիներին Տավուշի եւ Լոռու մարզում բույսերի վնասատուների քանակի, տեսականու աճը հետեւանք է նաեւ այն բանի, որ վաճառվող բուժանյութերը հաճախ անորակ են, վնասատուների դեմ դրանցով պայքարն արդյունք չի տալիս։ Բուժանյութեր վաճառողները, հաճախ այդ գործից անտեղյակ, «ոչ մասնագետներ» են, որոնք չեն կարողանում այգեգործներին հայտնել, թե արտերկրից ներկրված տվյալ բուժանյութը ինչպե՞ս, որքա՞ն դոզաներով պետք է օգտագործել, որպեսզի այն արդյունավետ լինի։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս