Երեկ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) անցացրեց «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի դպրոցական բաղադրիչի 2023-2024 ուստարվա արդյունքների ամփոփիչ արարողությունը։
Միջոցառմանն ամփոփվել են 2023-ի սեպտեմբերից ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ ՀՀ 7 մարզի 15 ավագ դպրոցներում փորձարկվող «ԱԲ սերունդ» ծրագրի առաջին ուստարվա արդյունքները՝ մեկ հարկի տակ հավաքելով ծրագրում ներգրավված գործընկեր կառույցների ներկայացուցիչներին, ուսուցիչներին, վերապատրաստողներին եւ աշակերտներին։
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը եւ FAST-ի Ռազմավարական ծրագրերի փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը։ FAST-ի կրթական ծրագրերի թիմը ներկայացրեց «ԱԲ սերունդ»-ում ընդգրկված ավելի քան 350 աշակերտի ձեռքբերումները, անցած ուսումնական ուղին, ինչպես նաեւ բոլոր այն համագործակցությունները, որ իրականություն են դարձել ոլորտային կառույցների աջակցությամբ։
Միջոցառման երկրորդ կեսում «Այբ» կրթական հիմնադրամի հետ միասին ամփոփվեցին հիմնադրամի հետ գործընկերության շրջանակում իրականացված Ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման արդյունքները՝ եզրափակվելով ուսուցիչներին հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությամբ։
Ներկաները հնարավորություն ունեցան նաեւ ծանոթանալու ծրագրի մասնակից 15 ավագ դպրոցների աշակերտների նախագծային աշխատանքներին, որոնք ցուցադրված էին միջոցառման էքսպո անկյունում։
Վստահ ենք, (խմբ. Fast հիմնադրամի մասին) որ Ձեր ներկայությունը կնպաստի ծրագրի տեսանելիության մեծացմանը եւ կօգնի ավելի մեծ թվով սովորողների հասանելի դարձնելու նորարարության եւ արհեստական բանականության ուղղությամբ այս անվճար կրթական հնարավորությունը, որն իր շարունակությունն է ստանալու նաեւ հաջորդ ուսումնական տարում։
FAST հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծելու նպատակով:
Այս նպատակով հիմնադրամն իրականացնում է տարբեր նախագծեր, որոնք ուղղված են երեք կարեւոր հիմնասյուներում՝ կրթություն, գիտություն եւ գիտական արդյունքի առեւտրայնացում, խորքային փոփոխություններ բերելուն: Իր գործունեության վեց տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 26 ծրագիր ավելի քան 12 հազար շահառուի համար։
ՀԱՅԱՍՏԱՆԻ I-ԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՎԵՆԵՏԻԿԻ ԲԻԵՆԱԼԵԻՆ
Հունիսի 17-ին Վենետիկի AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի ունեցավ բացառիկ միջոցառում: ՀՀ ԿԳՄՍ նախարության, Սարյանի տուն-թանգարանի, «ՍԱՐԵՐ» մշակութային ՀԿ-ի եւ Ազգային պատկերասրահի աջակցությամբ Fastex-ի AKNEYE նախագիծն իրականացրել է կարեւոր միջոցառում, որի ընթացքում ներկաները պատմել են, թե ինչպես մեկ դար առաջ Մարտիրոս Սարյանի ջանքերով Հայաստանը մասնակցել է Վենետիկի 14-րդ բիենալեին՝ ցուցադրելով հայ 6 նկարչի 20 ստեղծագործություն: Օլգա Պեւզները «վերստեղծել է» հայկական պատը, եւ նկարները թվային տարբերակով ցուցադրվել են սրահում՝ նոր շունչ հաղորդելով արվեստի գործերին:
Ելույթ են ունեցել ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանը, «ՍԱՐԵՐ» մշակութային ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Էռնա Ռեւազովան, Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը եւ այլք: Ներկա էին Վենետիկի Կա՛ Ֆոսկարիի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը, հյուրեր հյուպատոսարանից եւ բիենալեի կազմակերպչական թիմից:
Fastex-ի գլխավոր գործադիր տնօրեն Վախթանգ Ամբրահամյանն անդրադարձել է ընկերության՝ հայ արվեստը եւ մշակույթը մշտապես կարեւորելու եւ տարատեսակ նախագծերով դրանց աջակցելու պատրաստակամությանը. ««Ֆասթեքսը», որպես տեխնոլոգիական ընկերություն, փորձում է, ըստ էության, համատեղել տեխնոլոգիան եւ արվեստը: Ուրախ ենք, որ իրականացրինք այս նախագիծը՝ մեր մեծերից մեկի՝ Սարյանի արվեստը ներկայացնելով նորովի՝ թվային տեսքով», – նշել է նա։
Ելույթներին հետեւել է այդ ամենի մասին վկայող «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմի փակ ցուցադրությունը, որի ամբողջական տարբերակը հնարավոր է տեսնել այս հղումով:
ՈՉ ՖՈՐՄԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության եւ տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումից առաջ՝ հունիսի 23-ին, տեղի է ունեցել ոչ ֆորմալ հանդիպում։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, նաեւ որպես Ասիայի նախաձեռնության համանախագահ, Հայաստանի ազգային պատկերասրահում հյուրընկալել է Երեւան ժամանած հյուրերին։
ՊԵԿ նախագահը, ողջունելով ներկաներին եւ նշանավորելով արդյունավետ ու ոգեշնչող հանդիպման սկիզբը, եւս մեկ անգամ վերահաստատել է միջոցառման կարեւոր առաքելությունը՝ ամրապնդելու բոլորի հավաքական ջանքերը՝ ուղղված հարկային թափանցիկության եւ համագործակցության բարձրացմանը ամբողջ տարածաշրջանում։
«Մենք հավաքվել ենք Հայաստանի ազգային պատկերասրահում եւս մեկ անգամ ամրապնդելու մեր ջանքերն ուղղված հարկային թափանցիկության բարձրացմանը եւ Ասիայի տարածաշրջանում տեղեկատվության փոխանակմանը։ Ես համոզված եմ, որ առաջիկա երկու օրերի ընթացքում փոխանակած մտքերն ու պատկերացումները ճանապարհ կհարթեն հարկային թափանցիկության օրակարգի ամրապնդմանն Ասիայի տարածաշրջանում։ Մինչ մենք սկսենք մեր աշխատանքային օրակարգը, ես ուրախ եմ դիմավորել եւ ողջունել ձեզ Հայաստանի ազգային պատկերասրահում եւ հուսով եմ, որ դուք կգնահատեք ձեզ շրջապատող արվեստը։ Մեզ բոլորիս մաղթում եմ հաջողություն Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպմանն ընդառաջ», – ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումն անցկացվում է Հայաստանում, հունիսի 24-ից 25-ը, Երեւանում։
ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին