ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը պաշտոնի է նշանակվել 2021 թվականի հունվար ամսին։ Մինչ պաշտպանության նախարարություն գալը՝ Սարգսյանը 2019-ից մինչեւ 2020 թվականները եղել է ՀՀ ոստիկանապետը։
Արման Սարգսյանը 2018 թվականին ձեռք է բերել 1 բնակարան, 1 ավտոտնակ եւ հողին ամրակցված այլ կառույց, որը, ըստ 2023 թվականի հաշվետու տարվա եկամուտների, գույքի, ծախսերի եւ շահերի հայտարարագրի, նկուղ է։
Անշարժ գույքերը գտնվում են մայրաքաղաք Երեւանի Նորք-Մարշ վարչական շրջանում։
Այժմ ՀՀ ՊՆ փոխնախարար բնակարան ձեռք բերելու ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մայիսի 18-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ։
Տվյալ տարվա սկզբում առկա որպես առկա տրանսպորտային միջոց 2021 թվականին գնել է 2013 թվականի արտադրության Lexus մակնիշի մեքենա, որի արժեքը կազմել է 13 մլն 500 հազար դրամ։
Փոխնախարարի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 108 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 15 հազար ԱՄՆ դոլար եւ 7 մլն 500 հազար դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18 մլն 405 հազար դրամ, որից 14 մլն 578 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ պաշտպանության նախարարությունից, իսկ 3 մլն 694 հազար դրամը զինվորական կենսաթոշակ է Միասնական սոցիալական ծառայությունից։ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից որպես աշխատանքի վարձատրություն փոխնախարար Սարգսյանը ստացել է 132 հազար դրամ
Պաշտպանական եւ անվտանգային ոլորտի հարցերին ոչ միշտ պատասխանող փոխնախարար Սարգսյանի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 14 մլն 280 հազար դրամ, որից 9 մլն 614 հազար դրամը բնակարանի, ավտոկայանատեղիի եւ նկուղի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Օրերս խորհրդարանում լրագրողները պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվեցին, թե Տավուշի մարզում տեղադրված փշալարերը որքանո՞վ են պաշտպանում անվտանգությունը, սակայն հարցին պատասխանելու փոխարեն՝ Արման Սարգսյանն ասաց, որ կրկնելու է նույն նախադասությունը, որը լրագրողների համար լինելու է կրկնություն, ինչը գուցե ժպիտ առաջացնի։
«Պաշտպանության նախարարությունը, ինչը վերաբերում է ծառայությանն ու ՊՆ-ին, շատ օպերատիվ արձագանքում են, յուրաքանչյուր տեղեկություն տրամադրվում է։ Եթե նախկինում ինչ-որ չափով դժգոհություն կար արագության հետ կապված, վերջին ժամանակներում այդ խնդիրը, կարծես թե, չկա։
Ես չեմ ցանկանա պատասխանել հարցերի, որոնց անընդհատ պատասխանում ենք», – նշեց Արման Սարգսյանը։
Ըստ նրա՝ պաշտպանության նախարարությունը համարժեք արձագանքում է Ադրբեջանի կողմից տարածվող տեղեկությունների, ըստ որի՝ իբրեւ հայկական կողմից տեղի է ունենում սահմանային իրավիճակի լարում։
Լրագրողի դիտարկմանը, որ հակառակորդն ակտիվացել է, զինծառայողների ծնողներն անհանգստանում են, Արման Սարգսյանը նկատեց. «Դուք ի՞նչ գիտեք, որ հակառակորդն ակտիվացել է, տեղեկատվական իրականությունը անհամապատասխան տվյալներ է անընդհատ տարածում, որի վերաբերյալ ՊՆ-ն հանդես է գալիս հայտարարություններով։
Եթե որեւէ խնդիր է ծագում, մենք անընդհատ տեղեկատվություն ենք տրամադրում դրա առնչությամբ, ընդ որում՝ տրամադրում ենք ստուգված տեղեկատվություն, որպեսզի որեւէ խնդիր չծագի։
ՊՆ-ին վերաբերող բոլոր հարցերի՝ թե՛ սահմանային իրավիճակի, թե՛ անկայուն ու կայուն վիճակի վերաբերյալ, մեր լրատվականը տրամադրում է տեղեկատվություն», – եզրափակեց Արման Սարգսյանը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔԸ
ԿԱՐԵՎՈՐ Է
Հնդկաստանի համար Հայաստանի դիրքը շատ կարեւոր է, որովհետեւ այն գտնվում է Եվրոպայի եւ Արեւելքի միջեւ, հետեւաբար երկու երկրների միջեւ հաստատվել են լավ հարաբերություններ:
Նման դիրքորոշում է հայտնել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը Եվրասիական գոտու երկրներից Հնդկաստան ժամանած լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ:
«Կան շատ հնարավորություններ` զարգացնելու փոխշահավետ կապերը մի շարք բնագավառներում՝ տնտեսական, մշակութային, քաղաքական եւ այլն: Այնպես որ այստեղ շատ անելիքներ կան»,- ասել է Ջայշանկարը՝ խոսելով հայ-հնդկական հարաբերությունների մասին:
Հնդկաստանի արտգործնախարարն անդրադարձել է նաեւ վերջին շրջանում շատ երկրների կողմից քննարկման թեմա դարձած լոգիստիկ մեգա ծրագրերի իրականացման խնդրին:
«Վերջին տասնամյակներին տեղի են ունեցել մեծաթիվ փոփոխություններ, ինչի արդյունքում ընձեռնվել են նոր տրանսպորտային եւ լոգիստիկ միջանցքներ բացելու հնարավորություններ: Շատ է խոսվում Հյուսիս-Հարավ տրանսպորտային ուղու մասին, որի առանցքում շատ պետությունների համար կարեւոր դերակատարում ունի Չաբահարի նավահանգիստը: Որպես այլընտրանքային ճանապարհ է դիտարկվում նաեւ միջինասիական միջանցքը: Կլինեն նաեւ այլընտրանքային ուրիշ տարբերակներ, որովհետեւ նախկին բոլոր միջանցքները հիմնադրվել են ութ-ինը տասնամյակ առաջ եւ դրանց ռեսուրսներն ու հնարավորությունները մաշվել են», – ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը:
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանը զենք-զինամթերք է ձեռք բերում միայն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մինչեւ այս պահը ձեռք բերված բոլոր զենքներն օգտագործվելու են միայն ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար», – ասաց նա։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ տարածաշրջանի խաղաղության համար պատասխանատու են բոլորը, առաջին հերթին՝ տարածաշրջանային երկրները, բայց նաեւ միջազգային գործընկերները։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությանը՝ Գրիգորյանը նշեց. «Բնականաբար, Հայաստանին անհանգստացնում են նման հաղորդագրությունները, որովհետեւ միանշանակ է, որ հայկական կողմից էսկալացիայի որեւէ քայլ չի եղել, կրակոցներ չեն եղել, մեզ անհանգստանցում է, որ նման կեղծ լուրեր են տարածում, բայց նաեւ խնդրին լուծում տալու նպատակով մենք Ադրբեջանին առաջարկել ենք, որպեսզի համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծենք՝ դա կարող է լինել քննչական կամ այլ մարմիններ», – ասաց նա։
Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանը դեռեւս Հայաստանի այս առաջարկին չի արձագանքել։
«Եթե Ադրբեջանը պնդումեր է կատարում, որ այդպիսի դեպքեր են եղել, բնականաբար, Հայաստանն ասում է, որ նման բան չի եղել, մենք վստահ ենք, որ չի եղել, եթե Ադրբեջանը հետաքրքրված է իրականությունով, ապա, կարծում եմ, որ առաջարկը լավ հնարավորություն է»,- նշեց նա։
ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՉԻ ԿԱՊՈՒՄ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ
Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա գործընթացները ՀՀ-ն դիտարկում է որպես միմյանցից առանձին ու տարբեր ուղղություններ: Այս մասին «ԱՊՐԻ ֆորում 2024»-ի ընթացքում ասել է Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հնչող տեսակետին, թե Թուրքիան չի կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները, քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության չեն եկել:
«Մենք երկու գործընթացները տեսնում ենք տարբեր ուղիներով: Կան Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ եւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններ: Մեր մոտեցումը հետեւյալն է՝ եթե լուծելու երկու բարդ բանաձեւեր կան, ու դուք այդ բարդ բանաձեւերը միացնում եք, ապա լուծումն ավելի դժվար կլինի: Այսպիսով՝ դրանք պետք է բաժանել», – ասել է Գրիգորյանը:
Գրիգորյանը նշել է՝ Հայաստանն ակնկալում է, որ դիվանագիտական անձնագրեր ունեցողների եւ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը բացելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը կյանքի կկոչվեն: Նա նկատել է, որ Հայաստանը Թուրքիայից սպասում է գործողությունների՝ առաջ շարժվելու համար: ԱԽ քարտուղարի խոսքով՝ այս գործընթացում ժամկետ սահմանված չէ:
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
«Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10 փաթեթ», – այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Արմեն Գրիգորյանը։
Նա նշել է, որ գործընթացը դինամիկ է։ Գրիգորյանի խոսքով՝ երբեմն առաջընթաց կա, երբեմն՝ ոչ «Մենք քրտնաջան աշխատում ենք», – նշել է նա ։
Գրիգորյանը խոսել է նաեւ Արցախի հանձնման մասին՝ մասնավորապես ասելով. «Ռուսաստանը եկել է, հանձնել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին ու վերադարձել Ռուսաստան», – հայտարարել է ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։
«Երբ Հայաստանն ամբողջությամբ կախված էր Ռուսաստանից, պատերազմ չե՞նք ունեցել՝ ունեցել ենք։ Եկեք արձանագրենք, որ մինչեւ այս գոյություն ունեցող իրավիճակի պատճառով ենք մենք հայտնվել պատերազմում, մենք փորձել ենք այս փոփոխություններով կայունություն բերել ու համոզված ենք, որ այս փոփոխությունները կայունություն են բերելու», – նշեց նա՝ խոսելով արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին։
Արմեն Գրիգորյանի հայտարարությանն ի պատասխան՝ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը ասել է. «Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Կարող ենք տեսնել հայ քաղաքական գործիչների, այդ թվում՝ բարձրագույն ղեկավարության գրառումներն ու ելույթները։ Դրանց մեջ կա այդ հարցերի պատասխանները։ Այդ գրառումները հայտնի են, թող կարդա»: