Մայիսի 25-ին, Երեւանում, Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) փոխըմբռնման հուշագիր ստորագրեց «Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտ» հիմնադրամի (ԱՊՐԻ Արմենիա) հետ։
Հուշագիրը նշանավորում է երկու կազմակերպությունների համատեղ աշխատանքները 2024 թվականի նորարարության եւ տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT2024//DigiTec) կազմակերպման աշխատաքներին օժանադակումը, համատեղ իրականացումն ու ոլորտի քաղաքականության հետազոտության եւ երկխոսության գործում համատեղ ջանքերի ներդրումը։
Փոխըմբռնման հուշագիրը ստորագրեցին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը եւ Հայաստանի կիրառական քաղաքական հետազոտությունների ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Լարա Սեդրակյանը։
Հուշագրի շնորհիվ կմիավորվեն երկու կառույցների ջանքերը՝ ի նպաստ WCIT2024//DigiTec միջոցառման կազմակերպչական աշխատանքների, հեղինակավոր հյուրերի ներգրավման եւ այլ ուղղություններով, ինչպես նաեւ քաղաքականության ձեւավորման գործում լրացուցիչ փորձագիտական մտքի ու ներուժի ներգրավման։
«Շնորհակալ ենք ԱՊՐԻ Արմենիային այս համագործակցության համար։ Փոխըմբռնման հուշագիրը նշանակալի քայլ է WCIT2024/DigiTec-ի հաջողության գործում: Ներդնելով մեր հսկայական փորձը, վստահ եմ, որ կկազմակերպենք ուշագրավ իրադարձություն, որը կզարգացնի տեխնոլոգիան եւ կնպաստի ոլորտի ընդլայնմանը Հայաստանում»,-ասաց WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը։
WCIT2024//DigiTec-ը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական Բանականությունը Սահմաններից այն կողմ` էթիկայի շրջանակներում» խորագրով։
«Մենք շատ ոգեւորված ենք մեր ուժերը միավորելու Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության եւ WCIT2024/DigiTec-ի հետ: Այս համագործակցությունը ընդգծում է մեր հավատարմությունը ընդհանուր նպատակին եւ մեր պատրաստակամությունը միասին աշխատելու՝ Հայաստանում առաջատար տեխնոլոգիական ոլորտի քաղաքականության հետազոտության եւ երկխոսության զարգացման համար: Մեծ հաճույք է ԱՏՁՄ-ի հետ աշխատելը եւ նպաստելը WCIT2024/DigiTec-ի հաջողությանը», – ասաց Հայաստանի կիրառական քաղաքական հետազոտությունների ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Լարա Սեդրակյանը:
Չորս օր շարունակ WCIT2024//DigiTec-ը Հայաստանը կվերածի տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հարթակ դառնալով ոլորտի առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների եւ B2B հանդիպումների համար։ Համաժողովը կհյուրընկալի նաեւ մեծ ճանաչում ունեցող՝ ստարտափ ընկերությունների համար WITSA-ի համաշխարհային գավաթը (WITSA World Cup (WWC)), նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ եւ այլն միջոցառումներ:
«Շուրջ 20 տարի է, ինչ ԱՏՁՄ-ը մեծ ջանքեր է գործադրում Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի քաղաքականության մշակման գործում։ Այժմ եկել է համատեղ գործելու պահը. ԱՊՐԻ Արմենիայի հետ այս համագործակցությունը եւ մեր ջանքերը WCIT2024/DigiTec-ի համար կհամախմբեն մեր ուժերը եւ ռեսուրսները՝ խթանելու տեխնոլոգիաների եւ ոլորտի ռազմավարական քաղաքականության կարեւոր առաջընթացը մեր երկրում»,-ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն, Սարգիս Կարապետյանը WCIT2024/DigiTec համաժողովը կդառնա գլոբալ հարթակ, որը նպատակ ունի ուժեղացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը, խթանելու ներդրումները եւ ընդգծելու ՏՀՏ լուծումների կարեւորությունը տարբեր տարածաշրջաններում ու տնտեսություններում։
Համաժողովի օրակարգը մասնակիցների լայն աշխարհագրություն է ընդգրկում՝ ավելի քան 2,000 միջազգային պատվիրակներ կայցելեն Հայաստան միջոցառման օրերին։ Մասնակիցներին բացառիկ հնարավորություն կունենան մասնակցելու համաշխարհային նորարարական եւ տեխնոլոգիական լավագույն արդի փորձի փոխանակմանը, ինչպես նաեւ՝ մասնակիցը դառնալու առաջադեմ լուծումների բազմաբովանդակ հանդիպումների: Համաժողովն Արհեստական բանականության (ԱԲ) ապագայի եւ դրա սոցիալական ազդեցությունը եւ էթիկան ձեւավորող կարեւորագույն թեմաների շուրջ մի շարք միջոցոռումներ է նախատեսում անցկացնել։
2 ԴՊՐՈՑ ԿԴԱՌՆԱ ԷՆԵՐԳԱԱՆԿԱԽ
«Ակբա» բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցությամբ Վայոց ձորի Շատին եւ Աղավնաձոր համայնքների երկու դպրոցների տանիքներին արեւային կայաններ կտեղադրվեն, որի արդյունքում դպրոցները տարեկան 5 միլիոն դրամ կխնայեն։ Խնայված միջոցներով նշված դպրոցների առաջինից չորրորդ դասարանի երեխաները կստանան անվճար սնունդ։
Ծրագիրն իրականացվում է Visa Բարերար քարտապանների կատարած անկանխիկ վճարումներից ձեւավորվող միջոցներով, որոնք «Ակբա» բանկն իր սեփական միջոցների հաշվին ուղղում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին։ «Շատ կարեւոր է, որ դպրոցական հասակից երեխաները տեսնեն, թե նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ ձեւավորված խնայողություններն ինչ արդյունք կարող են գրանցել։ Այս նախագծով դպրոցներում լուծելու ենք երկու խնդիր. դպրոցները դառնալու են էներգախնայող եւ կրթական բարձր համակարգ է ձեւավորվելու այնտեղ։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որքան որակյալ է երեխաների սնունդը, այնքան բարձր է նրանց կրթության որակը»,- նշել է «Ակբա» բանկի հասարակայնության հետ կապերի թիմի ղեկավար Նարեկ Ասատրյանը։
«Սա հետաքրքիր նախաձեռնություն է, որի շրջանակում տեղադրվող արեւային կայանները օգնելու են դպրոցներին խնայողություններ անել եւ գումարը ծախսել դպրոցականների սննդի համար: Հայաստանում շատ արեւ կա եւ արեւային էներգիան կարող է օգնել. այս ամենը հիանալի է», – նշել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի տնօրեն Նանա Սկաուն։
«Սա շատ լավ ծրագիր է, որն իրականացվում է Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։ Հիմնադրամը, լինելով այլընտրանքային էներգիայի ջատագով եւ կարեւորելով համայնքների զարգացումը, մեծ ուրախությամբ ներառվել է այս համագործակցության մեջ։ Ծրագիրն իրականցվում է «Ակբա» բանկի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ թողարկած Visa Բարերար քարտապանների կատարած գործարքներից ձեւավորված միջոցներով»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի բաժնի ղեկավար Զարուհի Ազնաուրյանը։
ԹԱՔՑՆՈՒՄ Է ՎՆԱՍԻ ՉԱՓԸ
Մայիսի 26-ին վարարած Դեբեդը, Աղստեւը մեծ վնասներ են հասցրել Տավուշի մարզին։ Այրում ՀԷԿ-ից մինչեւ Վրաստանին սահմանակից Դեբեդավան գյուղ ընկած տարածքում վարարած Դեբեդից տուժել է մոտ 400 հեկտար հող, մեծ մասամբ՝ պտղատու այգիներ, շարքից դուրս են եկել 3 ավտոմոբիլային, մեկ հետիոտնի կամուրջներ, ոռոգման պոմպակայաններ, ջրագծեր։ Նոյեմբերյան համայնքի՝ Դեբեդի հովտի բնակավայրերում ջրհեղեղից վնասված 40 շենք-շինություններից 12-ը բնակարաններ են, որոնք ամբողջությամբ լցվել էին ջրով: Արճիս գյուղի վարչական ղեկավար Սոս Միկիչյանը հայտնեց,որ Արճիսը Դեբեդի ափին 52 հեկտար տարածք ունի,որը «Ճալա» է կոչվում։ Այդտեղ ելակի ցանքեր էին,տարատեսակ մրգատու այգիներ, նաեւ գյուղատնտեսական ցանքեր։ Վարչական ղեկավարն ասաց, որ վարարած Դեբեդն այդ տարածքն ամբողջությամբ լցրել է տիղմով, քարերով, տարբեր առարկաներով, ավերել է ճանապարհներ,ջրահավաք պատնեշներ, ոռոգման ջրագծեր, թեեւ որոշ ծառեր կանգուն են մնացել, դրանք այլեւս պիտանի չեն։ Այգիները վերականգնելու համար այգեգործները հսկայական ծախսեր պետք է կատարեն։ Ջրհեղեղի պատճառած վնասները գնահատել են համայնքի եւ մարզային հանձնաժողովները, բնական տարերքից տուժած գյուղացիները այդ առթիվ ձեւաթղթեր են լրացրել, նաեւ լուսանկարներ ներկայացրել իրենց կրած վնասների մասին։ Սոս Միկիչյանը հայտնեց, որ ջրհեղեղի պատճառած վնասներին տեղում ծանոթացել են ՄԱԿ-ի աշխատակիցները։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք արել՝ նրան հարցնելով. «Մայիսի 26-ի ջրհեղեղից որքա՞ն նյութական վնաս է պատճառվել Տավուշի մարզին, դրանցից որքա՞նը՝ մասնավոր սեկտորին, որքա՞նը՝ համայնքներին, որքա՞նը՝ պետական հատվածին»: Մարզպետարանից պատասխանել են. «Մայիսի 26-ի ջրհեղեղի նյութական վնասները գույքագրված են, բայց արձանագված չեն մասնավորի, համայնքի եւ պետական հատվածների վնասների չափը»: Կարծում ենք, որ մարզպետը միտումնավոր թաքցրել է ջրհեղեղի պատճառած վնասի չափերը, քանի որ դրանք մեծ են, իսկ տուժածներին պետության կողմից դրամական փոխհատուցում կամ աջակցություն դեռեւս չի ցուցաբերվել։
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ
ԴՐՈՇԸ՝ ԿԻՐԱՆՑՈՒՄ
Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 24-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կատարված պայթեցման աշխատանքների մասին՝ հանրությանը հորդորելով չանհանգստանալ։ Սահմանազատման անվան տակ Կիրանցի կամուրջը, Կիրանց գյուղից տներ, տարածքներ միակողմանի՝ ապօրինի կերպով Ադրբեջանին են հանձնել, Ադրբեջանի դրոշը Կիրանց գյուղի գլխին տնկվել է, գյուղի նորակառույց դպրոցի շենքը ադրբեջանցի սահմանապահ զինյալներից մոտ 50 մետր հեռավորությամբ է գտնվելու, Կիրանցի բնակիչները այդ ամենի՞ց, թե՞ պայթեցման աշխատանքներից պիտի անհանգստանային։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ