Հունիսի 1-ին «Երեմյան Փրոջեքթս»-ը «Սիզընս» այգում մրցույթ-միջոցառում էր կազմակերպել, որի ընթացքում 1 ժամում 6000 մարդ մեկ բաժակ կաթ պետք է խմեր՝ «Գինեսի» ռեկորդի գրանցման համար։
Միջոցառման դեմքը բլոգեր, երգիչ Կարո Այրումյանն էր, որն այդ օրը նաեւ համերգային ծրագրով հանդես եկավ։ Կարելի է ասել՝ միջոցառմանը հավաքված մարդիկ ոչ թե կաթ խմելու, կամ «Երեմյան Փրոջեքթս»-ի համար էին այդ օրը հավաքվել, այլ հենց սիրված բլոգերի համեգին մասնակցելու. համենայնդեպս, մեր հարցումները դա ցույց տվեցին:
Բայց, արի ու տես, «Երեմյան Փրոջեքթս»-ը սիրված բլոգերի անվան հաշվին մրցույթ է կազմակերպում, մեծ թվով մարդիկ հավաքում, իսկ հետո հաղթանակը նվիրում է էկոնոմիկայի նախարարությանը։
Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը հունիսի 24-ին հանդիպել էր Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին եւ նրան նվիրել 1 ժամում ամենաշատ բաժակներով կաթի մատուցման համար սահմանած՝ «Գինեսի» համաշխարհային ռեկորդը հավաստող վկայականը։
Այսինքն՝ «Երեմյան Փրոջեքթս»-ը ոչ թե իր, այլ Կարո Այրումյանի հեղինակության հաշվին ձեռք բերած մրցանակը նվիրեց իշխանություններին. հավանաբար, քաղաքականացրեց այդ «անմեղ» ակցիան, որպեսզի արտոնություններ ստանա:
Թե որքանով է արդար, թերեւս հանրությունը կդատի։
«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով պարզաբանում խնդրեց նաեւ «Երեմյան Փրոջեքթս»-ի PR ղեկավար Անահիտ Գեւորգյանից, թե ինչու է որոշվել վկայականը նվիրել Էկոնոմիկայի նախարարությանը։
Վերջինս էլ նշեց. «Ռեկորդը երկրինն է, նվիրել ենք Հայաստանին՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարությանը։ Նախորդ միջոցառման ժամանակ էլ ռեկորդը նվիրել էինք Երեւանին՝ ի դեմս քաղաքապետարանի։ Այսինքն՝ ճիշտ չի լինի, որ ռեկորդը մեզ մոտ պահենք, դրա համար նվիրում ենք երկրին»։
Իսկ ինչու չեն նվիրել Կարո Այրումյանին, որի համար հավաքվել էին երեխաները՝ կաթ խմելու:
Աչքի չընկած նախարարի կողմից տրանսպորտային գնումներ եւ 19 մլն տարեկան եկամուտ. ԲՏԱ փոխնախարարի ունեցվածքը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի հունիսի 20-ին։ Մինչեւ փոխնախարար դառնալը՝ Պողոսյանը 2019 թվականի մարտից մինչեւ դեկտեմբեր եղել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականը, ապա 2019-2022 թվականներին՝ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը։ Պողոսյանը վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից ազատվեց այն բանից հետո, երբ վերահսկողության վարչությունը սկսեց ստուգումներ իրականացնել Կենտրոնի թաղապետարանում։ Քաղաքապետարանից դեռ այն ժամանակ այս թեմայով «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցել էին, որ սա պարզապես ստուգում է, այնինչ այն վատ ավարտ ունեցավ Ավետ Պողոսյանի համար։ Վատ ավարտ, սակայն նոր եւ ավելի յուղալի պաշտոնի սկիզբ։ Այսպիսով՝ ուսումնասիրենք այժմ ԲՏԱ փոխնախարար Ավետ Պողոսյանի ունեցվածքը։ 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի համաձայն՝ Պողոսյանը չի հայտարարագրել որեւէ անշարժ գույք, սակայն տրանսպորտային միջոցների հարցում շռայլ է գտնվել։ Պողոսյանը 2023 թվականի տարեսկզբին ունեցել է մեկ՝ 1980 թվականի արտադրության VAZ մակնիշի ավտոմեքենա, տվյալ տարվա ընթացքում ձեռք է բերել 2 ավտոմեքենա 2 մլն դրամ արժողությամբ, 2005 թվականի արտադրության, PORSCHE մակնիշի մեքենա եւ 18 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ 2019 թվականի արտադրության KIA մակնիշի մեքենա, որը ներկրված է եղել ԱՄՆ-ից։ Տվյալ տարվա ընթացքում փոխնախարարը 2 մլն դրամով վաճառել է PORSCHE մակնիշի մեքենան, արդյունքում՝ տարեվերջում ունեցել է 2 մեքենա՝ KIA եւ VAZ մակնիշների։
Հանձնված և վերադարձված փոխառությունները կազմել են 25 մլն 977 հազար դրամ, որը, ըստ երևույթին հիփոթեք է, քանի որ Պողոսյանը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 3 մլն 160 հազար դրամ եկամուտ, ըստ այդմ՝ այն եկամտահարկի վերադարձի օրենքով է տրվել, սակայն Պողոսյանը ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնում հիփոթեքի մասին ոչինչ չի հայտարարագրել։
Փոխնախարարի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 4 մլն 500 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 15 հազար դոլար։ Փոխնախարար Ավետ Պողոսյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 19 մլն 676 հազար դրամ, որից 2 մլն դրամը մեքենայի վաճառքից գոյացած գումարն է, իսկ 14 մլն 516 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Հավելենք, որ Ավետ Պողոսյանը Կենտրոն վարչական շրջանի հաջողություն չունեցած ղեկավարներից է, որի չարածներով նրան ավելի լավ են ճանաչում, քան արած գործերով։ Հիմա էլ փոխնախարարի պաշտոնում նրան չենք տեսնում ելույթներ ունենալիս։
Նիկոլ Փաշինյանը որոշել է «հանրության մեջ դուրս գալ»: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը որոշել է ամեն շաբաթ-կիրակի մարզեր գնալ: Ըստ կառավարության մոտ կանգնած մեր աղբյուրի՝ շատ ոգեւորված է հետ եկել Սյունիքի մարզից, որտեղ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ջանք ու եռանդ չէր խնայել կազմակերպելու այնպիսի հանդիպումներ, որոնցում Փաշինյանն իրեն կոմֆորտ կզգա, ու ահա դա է պատճառը, որ հայրենի իշխանության տարբեր ներկայացուցիչներ, մարզպետներ ու համայնքապետեր ամեն բան անում են՝ մարզում բնակիչների հետ անթերի հանդիպումներ կազմակերպելու համար, որտեղ բոլորը ջերմ խոսքեր կասեն Փաշինյանին, կհամբուրեն ու կասեն, որ ինքը պետք է մնա իշխանության ղեկին: Փաշինյանի՝ մարզեր գնալու բուն նպատակը նաեւ ընդդիմությանը ցույց տալն է, թե ժողովուրդը իր կողքին է, ու ինքը մինչեւ 2026 թվականը վարչապետի աթոռին է մնալու: ՀՀ վարչապետի տրամադրությունը, ըստ մեր աղբյուրների, բարձր է, քանի որ իրեն զեկուցած տեղեկությունների համաձայն՝ իշխանության փոփոխություն այս պահին իրագործելի չէ: Ի դեպ, դեռ հստակ չէ, թե որ մարզ կգնա Փաշինյանը, քանի որ նա իր այցերը գաղտնի է պահում ու վերջին պահին է հայտարարում, որ պատրաստվեն, ու մեկնեն մարզ:
Իշխանությունները արցախից բռնի տեղահանված արցախցիներին շահագրգռում, համոզում են քաղաքական ակտիվություն չցուցաբերել, որեւէ դեպքում չմասնակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած հանրահավաքներին ու ակցիաներին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վերջին շրջանում ՔՊ-ականները տարբեր վարչական շրջաններում ու մարզերում փակ հանդիպումներ են ունենում Արցախից բռնի տեղահանվածների հետ ու իբրեւ սոցիալական ծրագրերի առնչությամբ հարցեր քննարկում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բացի սոցիալական հարցերից, իշխանականները ձեռքի հետ էլ արցախցիներին հասկացնում են, որ եթե ուզում են օգտվել սոցիալական այդ ծրագրերից, ապա պետք է քաղաքական չեզոքություն դրսեւորեն, չքննադատեն ՔՊ-ին ու չխառնվեն քաղաքական գործընթացներին, մասնավորապես «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքների մասին է խոսքը, որին, ինչպես գիտենք, նաեւ մեծ թվով արցախցիներ են մասնակցում: