«ՇԱՐԺՄԱՆ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տաղավարում հյուրընկալվել է «Ազգային ժողովրդավարական բեւեռ» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

Ժիրայր Սեֆիլյանի հետ քննարկել ենք «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության մասին, ինչպես նաեւ անդրադարձել ենք շարժման բացերից, հաջորդիվ սպասվող իրադարձություններից։
-Պարո՛ն Սեֆիլյան, իշխանությանը, կարծես թե, հաջողվեց հասնել նրան, որ փողոցային պայքար այսօր չկա, քաղաքացիները այլեւս փողոցային ակցիաներ չեն իրականացնում, ո՞րն էր պատճառը, որ իշխանոթյունը կարողացավ հասնել սրան։
-Շարժումները ունենում են ելեւէջներ, եւ քանի որ հունիսի 12-ը կարեւոր օր էր, պետք չէր բացառել նման փոփոխություն այդ օրվանից հետո։ Իմ տպավորությամբ, քանի որ Բագրատ սրբազանը որդեգրում է անցնցում եւ առաւելեւս՝ անարյուն տարբերակը փոփոխությունների, այդ հանգամանքը գործող թուրքաենթակա իշխանությունները օգտագործում են, եւ պատրաստ են ամեն տեսակի վայրագությունների դիմելու։ Բայց սա չի նշանակում, որ շարժումը կանգ է առել, կամ որեւէ օր ժողովուրդը նորից հրապարակը չի լցնի. ուստի կարող ենք ասել՝ մարտավարական շարժեր են տեղի ունենում գետնի վրա, եւ ես մեծ հաշվով լավատեսորեն եմ տրամադրված: Բագրատ սրբազանի անձի հայտնվելը օգտակար երեւույթ էր այն իմաստով, որ երկար տարիներ մեր քաղաքական դաշտում նման համախմբում տեղի չէր ունեցել՝ հայտնի պատճառներով, կուսակցություն կոչեցյալները այդպես էլ երկխոսության մշակույթը չէին ունեցել, առաջնային խնդրի, առաջնային գաղափարի օրակարգի մշակույթը չէր ձեւավորվել, ու այդ պատճառով համախմբումների էլ ականատես չէինք լինում, սակայն Բագրատ սրբազանի հայտնվելով՝ այդ հնարավորությունն առկա է այժմ, դա երեւաց այս 40 օրվա մեջ: Հուսով ենք՝ առաջիկա օրերին կկատարվեն որոշ ուղղումներ ու շարժումն ավելի հաստատակամ առաջ կգնա։
-Ի՞նչ ուղղումների մասին է խոսքը, պարո՛ն Սեֆիլյան։
-Խոսքը վերաբերում է շարժման առաջնորդի առաջ քաշած գաղափարներին, նպատակներին, արտաքին եւ ներքին թիրախավորումներին։ Բնականաբար, տարբեր ժամանակներում խոսույթի տարբեր առաջնահերություններ կարող են դրվել, եւ շատ կարեւոր է, որ նաեւ ներքին համախմբման ուղղությամբ աշխատանքներ տարվեն։ Ինչպես սրբազանն ինքն է ասում՝ շարժումը ավելի ամրացնելու կարիք կա, տարբեր ուժեր պետք է հասկանան, որ բառի բուն իմաստով որեւէ հավակնություններ չպետք է ունենան: Ինչպես սրբազանն է ասել՝ չակնկալիքների շարժում է սա: Մեզ մնում է համախմբվել, Փաշինյանին հեռացնել, եւ դրանից հետո քաղաքական բանավեճերի միջոցով գնալ առաջ. բայց քանի Փաշինյանը վարչապետ է, անիմաստ է այլ քայլերի մասին խոսելը։
Շատ կարեւոր է, որ այս ընթացքում շարժման ղեկավարությունը կարողանա իր խոսույթով մեր ժողովրդի այն շերտի կասկածները փարատել, որոնք տակավին կասկածով են մոտենում այս ամենին, տարբեր ուժերի ականջներ են տեսնում շարժման մեջ. այս ժամանակը պետք է օգտագործվի նաեւ փարատելու այդ կասկածները։ Լինելով այս ամենի մեջ՝ ես իմ հերթին կարող եմ մեր ժողովրդին վստահեցնել, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման թիկունքում միայն ժոովուրդն է կանգնած, եւ որեւէ արտաքին կամ ներքին ուժեր չկան, որ ղեկավարում են այս այն։

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՎԱՐՏՈՒՆ ՏԵՍՔԸ
Հայաստանը պատրաստ է 1 ամսում ավարտուն տեսքի բերել խաղաղության պայմանագրի տեքստը եւ ստորագրել այն: Այս մասին երեկ՝ հունիսի 27-ին, Տալլինում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահկնայի հետ համատեղ ասուլիսում։
«Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են: Մենք գրեթե վերջնական տեսքի ենք բերել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը: Հայաստանը պատրաստ է մեկ ամսում ամբողջովին ավարտուն տեսքի բերել խաղաղության պայմանագրի տեսքտը եւ պայմանագիրը ստորագրել:
Չեմ կարող ասել, որ մեր ադրբեջանցի գործընկերներից դրական արձագանք ենք տեսել այս առաջարկին՝ խաղաղության պայմանագիրը մեկ ամսում ստորագրելուն…
Ես հավատում եմ, որ մենք կատարելու ենք այն՝ փակելով Հարավային Կովկասում հակամարտության էջն ու խաղաղություն ենք բերելու տարածաշրջանում, ես հավատում եմ, որ այս խաղաղությունը շահավետ է լինելու տարածաշրջանի երկրների ու դրանց քաղաքացիների համար»,-ասաց Միրզոյանը։

ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ Է
«Ես ամաչում եմ, որ մի երկրի քաղաքացի եմ, որի քաղաքացիները Բաքվի բանտերում են»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը:
«2021թ. հունիսյան մի երեկո Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպման էինք։ Հանդիպման ժամանակ տեղեկացրեցին, որ Ռուբենին շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Բառերով հնարավոր չէ նկարագրել նրա հպարտությունը. Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։
Օրեր անց, անձնագիրը ձեռքին Ռուբենը ուղերձով դիմեց հայ ժողովրդին՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ռուբեն Վարդանյանը թերեւս մեր ժամանակների աշխարհում Հայաստանի Հանրապետության ամենահայտնի քաղաքացին է։
Ես հպարտ եմ, որ մի երկրի քաղաքացի եմ, որի քաղաքացի է նաեւ Ռուբեն Վարդանյանը։
Բայց ես ամաչում եմ, որ մի երկրի քաղաքացի եմ, որի քաղաքացիները Բաքվի բանտերում են», – գրել է նա։

«ՀԱՅԱՔՎԵ»-Ն ՀԱՂՈՐԴՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ
«Հայաքվե» նախաձեռնության անդամները հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավոր դատախազություն՝ հունիսի 12-ին Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանական գործողությունների վերաբերյալ։
«Հաղորդում ենք ներկայացնելու հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ընթացքում ոստիկանների բռնությունների վերաբերյալ, որոնք պարունակում են քրեական օրենսգրքով պատժելի արարքներ։ Այս մասով հաղորդում ենք ներկայացնելու Դատախազություն»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ-ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների եւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջեւ։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետեւանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։

ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԸ՝ ՊԵՏԴԵՊԻ ԶԵԿՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ
«Կոլումբոսից առաջ էլ էինք մենք քաղաքական դիսկուրսներով զբաղված». «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած զեկույցին:
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել էր աշխահի շուրջ 200 երկրներում, ներառյալ՝ Հայաստանում կրոնական ազատությունների մասին տարեկան զեկույցը: Զեկույցում Հայաստանի վերաբերյալ բաժնում նշվում է եկեղեցի-կառավարություն հարաբերությունների լարվածության, կրոնական փոքրամասնությունների հետ կապված խնդիրների եւ այլ հարցերի մասին, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
Ըստ զեկույցի՝ Հայաստանի Սահմանադրությունն արգելում է կրոնի վրա հիմնված խտրականությունը եւ սահմանում է կրոնական կազմակերպությունների եւ պետության տարանջատում։
«Այն ճանաչում է Հայ Առաքելական Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը Հայաստանի ժողովրդի հոգեւոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում։ Կառավարության եւ Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները, այդ թվում՝ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ, կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային քննադատական հայտարարություններ են արել միմյանց հասցեին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կառավարության գործունեության եւ քաղաքականության մեջ Հայ Առաքելական Եկեղեցու ներգրավվածության հետ»,- ասվում է զեկույցում։
Ըստ զեկույցի՝ 2023 թ. ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւորականները շարունակել են առանց սահմանափակումների մասնակցել քաղաքացիական դիսկուրսին, իսկ Գարեգին Բ կաթողիկոսը՝ կոչեր հնչեցնել վարչապետ Փաշինյանի հրաժարականի մասին:
«Սեպտեմբերի 19-20-ը՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններից եւ Լեռնային Ղարաբաղից գրեթե բոլոր էթնիկ հայերի հեռացումից հետո, Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսաց հավաքը հոկտեմբերի 3-ին հայտարարություն է տարածել՝ քննադատելով Հայաստանի կառավարության վերաբերմունքը ստեղծված իրավիճակի հանդեպ», – նշված է Պետդեպի զեկույցում: Այն շեշտում է՝ չնայած Հայ Առաքելական Եկեղեցու առարկություններին՝ 2023 թ. ուսումնական տարվա ընթացքում իշխանությունները սկսեցին աստիճանաբար հանել «Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն» դասընթացը պարտադիր դպրոցական ծրագրից՝ փոխարենն այն ներառելով համապատասխան պատմական բովանդակություն ունեցող հայագիտական ավելի լայն ուսումնական ծրագրում:




Լրահոս