Անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը 8-րդ գումարման Ազգային Ժողով եկել է 2021 թվականի հունիսի 20-ին «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Մինչեւ քաղաքական կարիերան Թագուհի Թովմասյանն ակտիվ զբաղվել է լրագրությամբ. սկզբում կամավորական հիմունքներով աշխատել է «Իրավունք» թերթում, ապա դարձել հիմնական աշխատակից, ապա «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող է եղել, այնուհետեւ՝ 2011 թվականից, ստեղծել է իր լրատվամիջոցը՝ «Ժողովուրդ թերթի խմբագրություն ՍՊԸ» լրատվական հոլդինգը։ ԱԺ պատգամավորը քաղաքականությամբ սկսել է զբաղվել 2019 թվականից։ Ծանոթանալով նրա կողմից ներկայացված տարեկան հայտարարագրին՝ տեղեկցանք, որ, որպես անշարժ գույք, Թագուհի Թովմասյանը հայտարարագրել է 4 գույք՝ 3 բնակարան Երեւանի բազմաբնակարան շենքերում եւ 1 հողամաս Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, որը ժառանգություն է։ Բնակարանները ձեռք են բերվել 2012, 2014 եւ 2019 թվականներին։ Պատգամավորը տրանսպորտային որեւէ միջոց չունի։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 194 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 3 մլն 300 հազար դրամ եւ 2,5 հազար եվրո։ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 14 մլն 960 հազար դրամ, որից 10 մլն 530 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, իսկ 4 մլն 430 հազար դրամը վճար է «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ից։
Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 40 մլն դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Նկատենք, որ նախորդ տարվա համեմատ Թովմասյանի կանխիկ դրամական միջոցները նվազել են՝ 5 մլն 300 հազար դրամից դառնալով 3 մլն 300 հազար դրամ։
Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանն այն պատգամավորն է, ում իշխող խմբակցությունը ապօրինի զրկեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Հ. ՀԱՋԻԵՎԻ ԴԺԳՈՀ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը մեկնաբանել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Ռուսաստանն է հանձնել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին, հայտարարությունը:
«Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները այդ երկրի նախորդ եւ ներկա ռազմաքաղաքական ղեկավարության մեղքը քողարկելու, այն ուրիշների վրա բարդելու եւ ինքնաարդարացման նպատակ ունեն:
Ցավով պետք է արձանագրենք, որ նման հայտարարությունները Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության մտածելակերպում ռեւանշիստական պատրանքների պահպանման արտացոլումն են, որից խորհուրդ ենք տալիս հրաժարվել», – ասել է Հաջիեւը։
«ՓԱՐԻԶԸ ՁԳՏՈՒՄ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՐԵՎԱՆԸ». ԶԱԽԱՐՈՎԱ
Փարիզն առաջնորդվում է ոչ թե Հայաստանի եւ նրա ժողովրդի շահերով, այլ ձգտում է Երեւանն օգտագործել որպես գործիք՝ սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Պետերբուրգյան միջազգային իրավական ֆորումում լրագրողների համար ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Հայաստանի կողմից ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրետանային կայանքների գնման պայմանագիրը։
«Դա մի կողմից Փարիզի քաղաքականության մի մասն է՝ լինել ամենուր եւ միեւնույն ժամանակ պատասխանատվություն չկրել: Մյուս կողմից՝ եթե խոսենք Կովկասյան տարածաշրջանի մասին, ապա հասկանում ենք, որ կա խաղաղության ծրագիր, ճանապարհային քարտեզ՝ այնտեղ իրավիճակի կարգավորման, տնտեսական հումանիտար ծրագրի հնարավորության բացման, փոխադարձ համագործակցության նպատակով լոգիստիկա կառուցելու համար։ Այդ ամենն ամրագրված է Երեւանի, Բաքվի եւ Մոսկվայի միջեւ ձեռք բերված համաձայնագրերում: Մոսկվան հանդես է գալիս ազնիվ, բաց միջնորդի դերում, ինչն էլ կատաղի խանդ է առաջացնում Արեւմուտքում, որն այդ տարածքը համարում է իր շահերի գոտին եւ, չհասնելով որեւէ արդյունքի, հերթական քաոսն է նախապատրաստում, հնարավոր է, որ դա դիտարկի որպես հատուցում խաղաղասիրական ջանքերին, որոնք գործադրել է Ռուսաստանը, որոնք արդյունք են տվել եւ ուրվագծել բազմամյա փակուղուց դուրս գալու ուղին», – ասել է Զախարովան:
Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի՝ նրանք, ովքեր նման առաջարկներ են բերում տարածաշրջան, ինչպես Փարիզը, վատ խորհրդատուներ են, նրանք գործը տանում են դեպի աղետ։
«Մենք լսում ենք հակամարտությունների վերսկսման ներուժի հռետորաբանություն, եւ այդ ամենն ասում են ֆրանսիացի պաշտոնյաները», – նշել է Զախարովան։
ԽՈՍՆԱԿԻ ԱԶԱՏՄԱՆ «ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ»
Հունիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահի խոսնակ Նելլի Ղուլյանը գրել էր. «Դադարեցնում եմ աշխատանքս՝ որպես ԱԺ նախագահի մամուլի քարտուղար՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով: Որպես 2018 թ. հեղափոխությունից հետո ՀՀ վերադարձած հայ` ինձ համար մեծ պատիվ էր ծառայել պետությանը, որը շարունակելու եմ անել հետայսու եւ միշտ: Շնորհակալություն լրագրող գործընկերներիս արդյունավետ համագործակցության համար: Շուտով կհանդիպենք», – հավելել էր նա:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նելլի Ղուլյանի աշխատանքից հեռանալն այլ՝ խոր արմատներ ունի, եւ պատճառը ոչ այլ ինչ է, քան ԱԺ ներքին ճնշումները։ Պատճառներից մեկը Նելլի Ղուլյանի եւ Հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության ոչ հարթ հարաբերություններն են եղել եւ, կարճ ասած, Նելլի Ղուլյանի «գլխին սարքել են»։
«Ժողովուրդ» օրաթերի տեղեկություններով՝ Նելլի Ղուլյանը մամուլի այն խոսնակներից է եղել, ով մտերիմ է եղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ այնքան, որ Ալեն Սիմոնյանն անգամ Ղուլյանի անձնական հեռախոսազանգերին է պատասխանել։ Հենց սա էլ դուր չի եկել Նելլի Ղուլյանի «թշնամիներին», որի արդյունքում ԱԺ նախագահի խոսնակը լքել է պաշտոնը։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ալեն Սիմոնյանի հրամանագրով Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական։ Մովսես Հարությունյանը հայտնի դարձավ հեղափոխությունից հետո, երբ մասնակցում եւ սատարող ստատուսներ էր գրում հեղափոխության մասին։ Ինչպես ԱԺ ՔՊ-ական շատ պատգամավորներ իշխանության սրտին հաճո ստատուսներ գրելով պաշտոն ստացան, այնպես էլ Մովսես Հարությունյանն է ձգտում ստատուս գրելու հաշվին առաջ գնալ։
ԻՐԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՊԱՂԵՍՏԻՆԻ ՃԱՆԱՉՄԱՆԸ
Իրանի արտգործնախարարությունն արձագանքել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչմանը։
Պատասխանելով ճանաչման վերաբերյալ հարցին՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին նշել է. «Ողջունում ենք Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքներին աջակցելու աշխարհի երկրների դիրքորոշումն ու գործողությունները»: