Հայաստանյան 4 քաղաքական ուժ՝ «Հանրապետություն» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության», «Քրիստոնեա-ժողովրդավարական» եւ «Հայաստանի եվրոպական» կուսակցությունները Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկով դիմել էին իշխանություններին։ Այս հարցով անգամ լսումներ անցկացվեցին խորհրդարանում։
Նիկոլ Փաշինյանը, սակայն, երեկ (խմբ.) հայտարարեց, որ հանրաքվե չի լինելու, քանի որ ինքը արդեն գիտի հանրության դիրքորոշումը։
ArmLur.am-ը այս առիթով զրուցել է նաեւ «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի հետ։
-Պարո՛ն Բաբաջանյան, Ձեր առաջարկը մեծ ոգեւորությամբ ընդունվեց, բայց երեկ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, մերժեց այն՝ ասելով, որ հանրաքվե չի լինելու։ Ինչո՞ւ մերժեցին իշխանությունները ձեր առաջարկը։
-Մենք չորս քաղաքական ուժերով դեռ չունենք հավաքական պատասխան, բայց նորմալ է, մենք առաջարկ ենք արել, իշխանությունները պատասխան են տվել, պետք է փորձենք, հասկանանք՝ սա վերջնակա՞ն պատասխանն է, թե՞ ոչ, եւ ըստ այդմ՝ կծրագրենք մեր գործողությունները։ Այնպես չէ՝ երբ մենք նման առաջակ էինք անում, վստահ էինք, որ իշխանությունը դրական արձագանք է տալու, հասկանում ենք, որ եթե իշխանությունը նման դիրքորոշում ունի, ապա ահռելի աշխատանք կա անելու թե՛ հանրության, թե՛ իշխանության հետ, որպեսզի գանք այն եզրահանգման, որ պետք է հանրաքվեն տեղի ունենա։ Դա անքննարկելի հարց է մեզ համա ր, քանի որ սա ընտրություն է մեռնելու եւ ապրելու միջեւ, ես հույս ունեմ՝ մենք համախոհ ենք, որ ապրել ենք ուզում։ Սրա այլընտրանքը Հաայաստանի համար, հենց վարչապետի ձեւակերպմամբ, մեր պետականության չգոյությունն է։
-Արդյոք սա հետքայլ չէ՞ր իշխանությունների կողմից։
-Ես հետքայլի մասին չգիտեմ։ Խորհրդարանական լսումները եղել են մեր առաջարկը, ես գնացել եմ, հանդիպել եմ ԱԺ նախագահին, այդ առաջարկով եմ հանդես եկել, քննարկում եմ ունեցել ինչպես կարգն է, եւ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը լսումներ է կազմակերպել այս հարցով, բայց թե իշխանությունն ունեցել է դիրքորոշում, որ հանրաքվե պետք է անցկացվի, չունեմ նման տեղեկություն։
-Անգամ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ մոտ ապագայում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե կունենանք։
-Ի սկզբանե, ես այն տպավորություն ունեի, որ իշխանությունը հակված չէ այս փուլում հանրաքվե անցկացնելու, կարծում եմ, որ այս հարցը կտանեն, 2026թ.-ի քարոզարշավի մաս կդարձնեն եւ կփորձեն դրանից քաղաքական դիվիդենտներ ու կապիտալ ստանալ։
-Այսինքն՝ 2026թ.-ի ընտրություններին ԵՄ անդամակցության հարցի շո՞ւրջ կկառուցեն քաղաքական օրակարգը։
-Վստահ չեմ, բայց այդպիսի տպավորություն ունեմ, գոնե այն, ինչ վարչապետն ասաց, ձեւավորեց այն կարծիքը, որ հարցը տանելու են 2026թ։ Մեր առաջարկը նրա մասին էր, որ մենք սպառնալիքների մեջ ենք, եւ այդ սպառնալիքներին դիմակայելու համար պետք է մինչեւ նոյեմբեր կազմակերպել հանրաքվե։
Հանրաքվեն ԵՄ անդամության հարց չի ներկայացնում, դա չի ենթադրում, որ մենք պետք է սպասենք, որ եվրոպացի պաշտոնյաները մեզ ասեն՝ պատրաստ են ընդունել մեզ, թե ոչ. իրենք երբեք դա չեն ասելու։ Եթե մեզ թվում է, որ այստեղ նստած, անգործ, անկյալ, մեզ ԵՄ-ից հրավիրելու են մեր սիրուն աչքերի համար՝ սխալվում ենք։ Մենք պետք է 24/7 ռեժիմով աշխատենք, որպեսզի պետք լինենք ԵՄ-ին, նրա տնտեսությանը, անվտանգությանը եւ ընդհանրապես՝ ԵՄ-ն ոչ թե ստանալու, այլ տալու մասին է։ Ընդհանրապես մենք պատկերացում ունե՞նք՝ ինչ ունենք տալու ԵՄ-ին։
-Իսկ ըստ Ձեզ՝ մենք ի՞նչ ունենք տալու ԵՄ-ին, ինչո՞վ պետք է շահագրգռենք, որ ԵՄ-ն ընդունի մեզ։
-Իհարկե, ունենք, ահռելի շատ բան։ Մենք այդ քաղաքակրթության մասն ենք, այս տարածաշրջանի նկատմամբ կա ընդգծված հետաքրքրություն՝ տնտեսական, քաղաքական եւ աշխարհաքաղաքական ու Հայաստանն այստեղ անելիք ունի, Հայաստանը պետք է իր ավանդն ունենա, որպեսզի շահերի ներդրում լինի՝ ԵՄ-ի եւ մեր միջեւ։
Մենք այստեղ շահերի ու նպատակների ահռելի ընդհանրություններ ունենք, բայց մենք մեր մակերեսային ու կիսատ-պռատ քայլերով շատ կասկածներ ենք հարուցում ԵՄ-ի շրջանում։
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲՆԱՋՆՋՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» վերնագրով լայնածավալ փաստահավաք զեկույց է ներկայացրել, որում մանրամասն կերպով ուսումնասիրության են առնվում ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձությունները՝ սկսած 2020 թվականի երկրորդ ղարաբաղյան պատերազմից մինչեւ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակմամբ եւ դրա հետեւանքներով։
Զեկույցում առանձնացված է հատված «Լեռնային Ղարաբաղի ջնջում» վերնագրով, որում մանրամասն ներկայացվում է Արցախի բնաջնջումը.
«2024 թվականի մարտի 18-ին Ալիեւը պարծենկոտ ելույթ է ունեցել ամայացած Ստեփանակերտից՝ հայտարարելով, որ արդարությունը վերականգնվել է»:
Զեկույցում մանրամասն ներկայացվում է, որ Բաքուն շարունակել է ոչնչացնել հայ համայնքների, մշակույթի գոյության վկայությունները եւ Ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում:
Արբանյակային փաստահավաքից ստացված լուսանկարները ցույց են տալիս հայկական գերեզմանատների, եկեղեցիների եւ բնակելի թաղամասերի ավերումը:
«Նախկինում հայաբնակ Քարին Տակ գյուղը ջնջվել է երկրի երեսից, այս քաղաքականության եւս մեկ վառ օրինակ է՝ ոչնչացումը 18-րդ դարի Սղնախի գերեզմանատունը։ Ինչպես հաղորդում է Caucasus Heritage Watch-ը, Ադրբեջանը տարածքը մաքրել է բուլդոզերներով՝ իբր ճանապարհ կառուցելու համար: Այս քաղաքականությունն անդրադարձել է նաեւ Ստեփանակերտի բնակելի թաղամասերին։ Կան մասնավոր վնասի սեփականության ապացույցներ»:
Զեկույցում նշվում է՝ «Այս իրադարձությունները ցույց են տալիս հաջորդականությանը բոլոր հետքերը ոչնչացնելու ադրբեջանական պետության գործողությունների հայկական ներկայությունն ու ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում: Դրանք համահունչ են ձեռնարկված միջոցառումներին եւ այն նորմատիվները, որոնք օգտագործել է Ալիեւի կառավարությունը 2020 թվականի զինված հակամարտությունից անմիջապես հետո միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը խախտվել է:
Այս մոտեցման հստակ օրինակ էր Ալիեւի հայտարարությունը՝ 2021 թվականի մարտին Հադրութ կատարած այցի ժամանակ, նախկինում հայերով բնակեցված քաղաք, որը գերեվարվել է Ադրբեջանի կողմից 4 ամիս առաջ, կանգնած է 12-րդ դարի հայոց Սուրբ Աստվածածնի մոտ, «Այս բոլոր գրությունները կեղծ են, դրանք գրվել են ավելի ուշ: Նրանք կեղծ պատմություն են ստեղծել իրենց համար մեր հինավուրց հողերում : Մյուսի վրա՝ «նրանց «հայկական» պատմությունը, նրանց անցյալը, նրանց պետականությունը եւ նրանց դիցաբանությունը ոչ այլ ինչ են, քան կեղծիք»:
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱԼԻԵՎԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ
Վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար. այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ի պատասխան Կանադայի դեսպանի՝ վերադարձի իրավունքի վերաբերյալ մեկնաբանությանը։
Ալիեւը պնդել է, թե իբր անցած դարում «բնիկ ադրբեջանական բնակչությունը տարբեր փուլերում, վերջինը՝ 1988 թվականին, ենթարկվել է էթնիկ զտումների Հայաստանի տարածքում, եւ նրա նյութական եւ մշակութային ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է»։
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքը, գոնե դրա հիմնարար սկզբունքների շուրջ, կարող ենք ավարտին հասցնել մի քանի ամսվա ընթացքում:
ԱՊԱ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ հուլիսի 1-ին Կանադայի դեսպան Քեւին Համիլթոնի հետ ունեցած զրույցի ժամանակ:
«Կարծում եմ, որ մենք կարող ենք ավարտել աշխատանքը խաղաղության պայմանագրի տեքստի վրա, առնվազն դրա հիմնական սկզբունքների մասով մի քանի ամսվա ընթացքում: Կարող է տարբերակներից մեկը լինել, որի շուրջ կարելի է համաձայնության գալ, նախաստորագրել դրանք, ապա աշխատել տեքստի վրա»,- ասել է Ալիեւը:
Ա. ԹՈՐՈՍՅԱՆԸ «ՄԵՆԱՄԱՐՏԻ» Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ
ՔՊ-ական Արսեն Թորոսյանը, որը 2021 թ.-ին ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ աթեիստ է, այլեւս անթաքույց «մենամարտի» է դուրս եկել ընդդեմ եկեղեցու: Բազմիցս, ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու արված հայտարարություններով աչքի ընկած ՔՊ-ականը հերթական աղմկահարույց հայտարարությունն է արել:
Ըստ ՔՊ-ականի՝ որքան թույլ է եկեղեցին, այնքան ուժեղ է պետությունը.
«Այս ամեն ինչի արդյունքը եղավ այն, որ առանց այն էլ հեղինակազրկված Հայ առաքելական եկեղեցին ավելի հեղինակազրկվեց, ինչից ես անձնապես ուրախանում եմ, որովհետեւ ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը, ու դա այդպես է բոլոր պետություններում»,- հայտարարել է Թորոսյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ սկսված շարժմանը:
Թե ինչ տրամաբանությամբ է ՔՊ-ականը առաջնորդվում, որ նման եզրահանգումների է եկել, հայտնի չէ, բայց այն, որ ՔՊ-ում ընդդեմ եկեղեցու սկսված այս տհաճ «կռիվը» գնալով թեժանում է, դա ակնհայտ է: