ՀԷԿ-Ի ԱՇԽԱՏԱՆՔԸ՝ ԽԱՓԱՆՎԱԾ ԵՎ ՎՏԱՆԳՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբովյան խոշորացված համայնքի Պտղնի գյուղին հարող Սեւան-Երեւան մայրուղու հատվածում գտնվող թմբերը փորվել են, հողը տեղափոխել, լցրել են հարակից ձորակը։ Արդյունքում վնասվել է «Գնդասար ՓՀԷԿ» ՍՊԸ-ին պատկանող խողովակաշարը, որի արդյունքում տուժել է ե՛ւ պետությունը, ե՛ւ ՓՀԷԿ-ի սեփականատերը։

 

Ամեն բան պատմենք հենց սկզբից.

«2023 թվականի հուլիս ամսին ինձ տեղեկացրին, որ հուլիս ամսին ՓՀԷԿ-ի սերվիտուտով հատկացված տարածքի մոտ հողային աշխատանքներ են կատարվում: Ճշտեցինք՝ ովքեր են իրականացնում աշխատանքները եւ հանդիպեցինք նրանց հետ։ Երբ հանդիպեցինք, ինձ ասացին. «Սխալ տեղ ես կառուցել քո ՀԷԿ-ը, խողովակաշարերը պիտի հավաքես, տանես, որովհետեւ այս ամբողջ տարածքը՝ ձորը ներառյալ, մենք ենք ձեռք բերել, մեր սեփականն է»»,- ասաց «Գնդասար ՓՀԷԿ»-ի հիմնադիր Սարգիս Գամբուրյանը։

Գնդեսար ՓՀԷԿ-ի եւ Պտղնի համայնքապետի միջեւ «Կամավոր սերվիտուտի պայմանագիր» կնքվել է 2012 թվականի մայիսի 10-ին։ 12 տարի անց ՀԷԿ-ի աշխատանքը խափանված է եւ վտանգված։ Սարգիս Գամբուրյանն, ով ՀԷԿ-ի հիմնադիրն է, փաստաթղթեր է ներկայացրել, թե ինչպես է ձեռք բերել հողակտորը, ինչպես է ստացել կառուցապատման համապատասխան թույլտվությունը, տարածքում գտնվող իրեն պատկանող հողամասի սեփականության վկայականը, սակայն ոչինչ չի օգնել՝ աշխատանքները սկսվել են եւ շարունակվում են։

«Ես ստիպված դիմեցի Աբովյան քաղաքի համայնքապետարան՝ իմ խոսքերը հիմնավորելու համար։ Պատասխան ստացա, որ՝ այո՛, ճիշտ եք. հողը համայնքին է պատկանում, որը սերվիտուտի պայմանագրով տրված է ինձ ՀԷԿ-ի կառուցման համար։ Փորձեցի կապվել աշխատանքներ իրականացնողների հետ՝ գրությունը ցույց տալու համար, քանի որ աշխատանքների հասել էին խողովակաշարի սահմանագծին, սակայն ավելի արագացված տեմպով սկսվեցին աշխատանքներ իրականացնել։» ,- պատմում է Գամբուրյանը։

Ակունք գետը համարվում է սելավատար, որը ոռոգում է նաեւ Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանը, որի վթարման արդյունքում բնապահպանական աղետը կլինի անխուսափելի եւ ամեն ինչ տանում է դրան։ Google Earth-ում կարող ենք տեսնել, թե ինչպես է Երեւան-Սեւան մայրուղուն հարող տարածքում փոփոխվել ռելիեֆը։ Օրինակ՝ 2014 թվականի քարտեզում ակնհայտ երեւում է կանաչապատ տարածքը եւ գետը, Google-ի կողմից արված հաջորդ նկարը 2015 թվականին է արված, հստակ երեւում է, որ աշխատանքներն արդեն սկսվել են, 2016, 2017, 2018, 2019-ին լայնածավալ հողալցման աշխատանքներ են իրականացվել։ 2023 թվականի ապրիլին կանաչապատ տարածքը դարձել է անապատային տարածք։ Հարակից բլուրը քանդել եւ հողը լցրել են ձորակը, իսկ այժմ հարթեցված բլուրի տարածքը վաճառվում է. հեռախոսահամարն անհասանելի էր, բայց ըստ մեր տեղեկությունների՝ տարածքի հողամասը վաճառվում է 4 մլն ԱՄՆ դոլարով։

Սարգիս Գամբուրյանը բազմաթիվ դիմումներ, գրություններ եւ զեկուցագրեր է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին, Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետ Դավիթ Դավթյանին, ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գեւորգյանին եւ այլ կառույցների եւս։ «Գնդասար ՓՀԷԿ»-ի սեփականատերը ոչ մի կառույցից մինչ այսօր չի ստացել որեւէ պատասխան, սակայն տեղյակ է, որ վարույթ են հարուցել, բայց թե ինչ ընթացք ունի վարույթը, տեղյակ չէ։

«Ինչքան ես տեղյակ եմ՝ ինչ-որ վարույթ է հարուցվել պետությանը վնաս հասցնելու հանգամանքով: Մեկ անգամ ԱԱԾ-ի Աբովյանի բաժին են ինձ կանչել, դեռ պատասխան չկա։»

Հողատարածքը, որում հողաշինական աշխատանքներից հետո ընդհատվել է ՓՀԷԿ-ի աշխատանքը, դադարել է նաեւ Ակունք գետի հոսքը, գետի մի մասը արդեն ճահճացել է։ Լցոնված հողի արդյունքում վնասված հողաշերտի տակից դուրս եկող ջուրը լցվում է ՀՀ ՊՆ հատուկ պահպանվող տարածք, որի մի մասը հայտնվել է ճահճի մեջ։

Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:

 

 

 

 

ԱՄՆ-ԻՑ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ Է ԺԱՄԱՆԵԼ

ԱՄՆ սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատվիրակությունը Հայաստան է եկել երեկ եւ այստեղ կլինի մինչեւ հուլիսի 5-ը:

Սենատոր Վիքերը հանրապետական ավագ անդամն է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում, որը հայտնի է որպես Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հանձնաժողով։ Սենատոր Վիքերը նաեւ Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի հանրապետական ավագ անդամն է։

ԱՄՆ սենատորի գլխավորած պատվիրակության կազմում են Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Վիլսոնը, համանախագահ, սենատոր Բեն Քարդինը, որը նաեւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է, ինչպես նաեւ սենատոր Ջոն Քորնին, ներկայացուցիչների պալատի անդամ Ռոբերտ Ադերհոլտը, ներկայացուցիչների պալատի անդամ Ռիչարդ Հադսոնը , ներկայացուցիչների պալատի անդամ Թրենթ Քելին եւ ներկայացուցիչների պալատի անդամ Էնդի Հերիսը:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

 

ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ՆՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ Է ԴՐԵԼ

«Թաթոյան» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Ադրբեջան «խաղաղասեր» իշխանական քարոզչությունը Հայաստանին նոր օկուպացիոն պահանջներն է ներկայացնում` այս անգամ առավել սթափեցնող ցանկով:

Ըստ այդմ՝ ՀՀ Սահմանադրության մեջ պետք է կատարել, այսպես կոչված, «արեւմտյան ադրբեջանցիների վերաբնակեցմանն» առնչվող 2 փոփոխություն՝

1) «արեւմտյան ադրբեջանցիների» անվտանգության ապահովում՝ օտարերկրյա միջնորդական առաքելության երաշխավորությամբ։ Հայստանում պետք է տեղակայվեն զինված ուժեր այն երկրից, որը դաշնակից է Ադրբեջանին ու վայելում է վստահություն (ակնհայտ է չէ՞ որ երկիրն է)։

Քանի որ Ադրբեջանը չի վստահում Հայստանին, ինչ-որ փուլից սկսած «արեւմտյան ադրբեջանցիներն» իրենք պետք է ունենան սեփական անվտանգությունը կազմակերպելու հնարավորություն՝ զինված ստորաբաժանումներ ստեղծելով.

2) «արեւմտյան ադրբեջանցիների» ադրբեջաներենով կրթության իրավունքի ապահովում։

Այս առաջարկները «Արեւմտյան Ադրբեջան» օկուպացիոն հայեցակարգի նոր զարգացումներ են, որոնք հիմնված են բացարձակ կեղծիքի վրա, որ անտեսել չի կարելի։ Ընդ որում, ադրբեջանական իշխանական տարբեր աղբյուրներ նշում են, որ «վերաբնակեցման» ենթակաների թիվը 300,000 է:

Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:

 

 

 

ՔԱՈՍԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ` ՆՈՒԲԱՐԱՇԵՆՈՒՄ

Նուբարաշեն վարչական շրջանի 11-րդ փողոցում քաոսային իրավիճակ է տիրում։

Վերը նշված հասցեի խաղահրապարակում արդեն 6 ամիս է, ինչ կոտրված են շատ կարուսելներ, այդ թվում՝ ճոճանակներ, սահնակներ, ինչի պատճառով երեխաները չեն կարողանում խաղալ իրենց բակում եւ ստիպված գնում են ուրիշ բակեր։

Բնակիչները ArmLur.am-ի հետ զրույցում նշել են, որ թաղապետարանն այս ամենին ուշադրություն չի դարձնում, ճոճանակները չի վերանորոգում եւ դրանց  վիճակը գնալով ավելի վտանգավոր է դառնում, քանի որ ամեն պահի կարող է շուռ գալ։

Չնայած այս ամենին՝ խնդիրները այսքանով չեն սահմանափակվում։ Բնակիչներից մեկն էլ իր դժգոհությունը հայտնեց այն մասին, որ երեկոյան ժամը 8-ից հետո չեն կարողանում դուրս գալ բակ, քանի որ ամեն քայլափոխի գազազած շներ կան։

«Ամեն բակում 6-7 շուն կա, անգամ շքամուտքեր են մտնում։ Վտանգավոր եւ հիվանդ շներ են։ Չկա մի այնպիսի օր, որ երեխայի վրա չհարձակվեն։ Անգամ դպրոց չենք կարողանում երեխաներին միայնակ ուղարկել, քանի որ դպրոցի դիմաց 4-5 շուն կա նստած։ Ահ ու սարսափի մեջ ենք»,- ասաց մեր զրուցակիցը։

ArmLur.am-ը կապ հաստատեց Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանի հետ՝ պարզելու՝ ինչու ուշադրություն չեն դարձնում խաղահրապարակներում տիրող իրավիճակին եւ ի՞նչ են պատրաստվում անել թափառող շների հարցով։

Մեզ հետ զրույցում վարչական շրջանի ղեկավարն ասաց, որ խաղահրապարակներում նորմալ վիճակ է, հնարավոր է, որ մի քանի դետալ պակաս լինի կարուսելների վրայից. «Խաղահրապարակները նորմալ վիճակում են, այնտեղ կարող է մեկ կամ երկու դետալային ինչ-որ բան կոտրված լինի։ Այս ամսվա 20-ին դետալներ են բերելու, որ մաշված դետալները դրանցով փոխարինվեն, իսկ մնացած խաղահրապարակները իդեալական վիճակում են։ Նույնիսկ հիմա էլ սկսել ենք կարուսելներում ռեզինից հատակներ դնել, որ ավելի հարմար լինի»։

Անդրադառնալով նաեւ թափառող շներին՝ Անդրանիկ Գասպարյանն ասաց, որ կա առանձին հիմնարկ, որը զբաղվում է այս հարցով։

«Թափառող շներով զբաղվող առանձին հիմնարկ կա, գալիս են՝ մենք էլ հետեւում ենք, տանում ստերջացնում են եւ բերում, իսկ որը որ վտանգավոր է, էլ  հետ չեն բերում»,-նշեց Գասպարյանը։

 

 

 




Լրահոս