5 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը հայտարարել է` Amazon Web Service-ի եւ ՀՀ կառավարության միջեւ համագործակցությունը խթանելու եւ առաջ մղելու նպատակով 5 միլիոն ԱՄՆ դոլարի` նոր ֆինանսավորման մասին։

 

Սամանթա Փաուերը նշել է, որ ՀՀ կառավարությունը նվիրումով է մոտենում թվայնացմանը, տեխնոլոգիաներին, կիբեռանվտանգությանը՝ ցանկանալով իրականություն դարձնել դրանց հետ կապված իրենց տեսլականը։

ՄԶԳ տնօրենն ընդգծել է, որ Amazon Web Service-ը Հայաստանին կօգնի արագորեն զարգացնել եւ թվայնացնել իր համակարգերը՝ տրամադրելով վերապատրաստման ծառայություններ ամպային հաշվարկների, կիբեռանվտանգության ոլորտներում՝ օգնելով Հայաստանին կառուցել իր ինքնիշխանությունը։ Այդ նախաձեռնությունը միջազգային գործարար համայնքի կողմից կարող է ավելի շատ հետաքրքրություն բերել դեպի Հայաստան, որը կստեղծի նաեւ նոր աշխատատեղեր, կօգնի ընտանիքներին, որպեսզի ավելի մեծ գումարներ սկսեն վաստակել։

Փաուերի խոսքով՝ այս ամենն արվում է ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին՝ օգնելու Հայաստանին կառուցելու արդյունավետ եւ երկարատեւ ժողովրդավարություն, որը կծառայի հայ ժողովրդին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը եւ Ամերիկայի ժողովրդին՝ տարիներ շարունակ Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:

«Աշխարհում, որտեղ տեխնոլոգիաներն արագ փոխում են մեր ապրելակերպը, թվայնացումը դարձել է շարժիչ ուժ տնտեսությունն ու նորարարությունը խթանելու եւ կայուն զարգացում ապահովելու գործում», – ասել է Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ թվային վերափոխման ճանապարհին Հայաստանը խորապես կարեւորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներդրումը հատկապես ծառայությունների օպտիմալացման, թվայնացման, կիբեռանվտանգության ուղղությամբ:

«Ծառայությունների օպտիմալացման ու քաղաքացիակենտրոն դարձնելու նպատակով մենք սկսել ենք կիրառել տարբեր արդի մեթոդաբանություններ եւ վերջինիս գործիքակազմերով ներկայումս բարելավում ենք «ապրանքների ներմուծման» եւ «բիզնեսի գրանցման ու իրավունքների պաշտպանության» եւ այլ ընթացակարգեր: Արդյունքում կունենանք ամբողջությամբ թվայնացված ծառայություններ, որոնք հասանելի կլինեն քաղաքացիների համար ծառայությունների մատուցման ազգային հարթակում:

Մեր համատեղ աշխատանքի նշանակալի ձեռքբերումը եղել է ծառայությունների մատուցման հարթակի բջջային տարբերակի նախատիպի մշակումը: Այս նորարարությունն ավելի է մոտեցնելու ծառայությունները մեր քաղաքացիներին՝ ապահովելով կենսական ծառայություններից ցանկացած ժամանակ ցանկացած վայրում օգտվելու հնարավորություն»:

Իր խոսքում Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է նաեւ վերջերս ՀՀ կառավարության կողմից ընդունված «Ամպային առաջինը» քաղաքականությանը, որով ամպային առաջադեմ ենթակառուցվածքների զարգացման համար իրավական հիմք է դրվել։ Նախարարը վստահաբար նշել է, որ այս հարցում եւս Հայաստանը կհամագործակցի ամերիկյան գործընկերների հետ՝ ապահովելու պետական եւ մասնավոր հատվածում կարողությունների զարգացումը՝ ամպային տեխնոլոգիաներին անցնելու նպատակով:

Եզրափակելով խոսքը՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է Միացյալ Նահանգների հետ գործընկերության կարեւորությունը Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների խթանման եւ կիբեռանվտանգության ապահովման գործում՝ ի շահ ավելի դիմակայուն եւ տեխնոլոգիապես զարգացած Հայաստանի:

 

 

 

ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՊՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ է

«Տեղեկացնում ենք, որ Team Telecom Armenia-ի ինտերնետ կապը վերականգնվել է հանրապետության ողջ տարածքում»։

 

Նշենք, որ Տավուշի եւ Լոռու մարզում վնասվել էին ընկերության միջազգային կապուղիները, ինչը պատճառ էր դարձել ֆիքսված եւ բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակման։

Կիրանցով անցնող կապուղին վնասվել էր շինարարական աշխատանքների ընթացքում, որից հետո գործարկվել էին Տաշիրով եւ Ալավերդիով անցնող պահուստային կապուղիները։ 14:40-ին վթարվել էր Տաշիրով, իսկ 15:10-ին՝ Ալավերդիով անցնող, համապատասխանաբար երկրորդ եւ երրրորդ, պահուստային կապուղիները՝ շինարարական աշխատանքների պատճառով, ինչն էլ հանրապետության տարածքում ինտերնետի սահմանփակ հասանելիության պատճառ էր դարձել։

Հավելենք, որ Կիրանցում վթարը տեղի էր ունեցել ընկերության կողմից շրջանցիկ ճանապարհով անցնող նոր կապուղու պլանավորված գործարկումից անմիջապես առաջ։ Ժամը 18:30-ից վերականգնվել է Տաշիրով, այնուհետեւ Կիրանցով անցնող կապուղին։ Դեռեւս աշխատանքներ են իրականցվում Ալավերդիում։

 

 

ՈՐՈՇՈՒՄ

Կառավարությունն իր երեկվա՝ հուլիսի 11-ի նիստում, որոշեց 2024-ի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 2 մլրդ 229 մլն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ 2021, 2022, 2023 թվականներին հաստատված եւ իրականացման փուլում գտնվող մի շարք ծրագրերի աշխատանքների գծով համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման պայմանագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2024 թվականի նոյեմբերի 1-ը՝ եղանակային ոչ բարենպաստ պայմանների եւ կատարված աշխատանքների որակի պահպանման պատճառով:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ այդ գումարը հատկացվում է 8 մարզերի 20 համայնքների թվով 26 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար:

«Ծրագրերից մեկը 2021 թվականի է, 7-ը՝ 2022-ի, 18-ը՝ 2023-ի համար։ Արագածոտնի մարզի 2 ծրագրերի համար առաջարկվում է վճարել 292 մլն դրամ, Արարատի մարզում 5 ծրագրի համար՝ 529 մլն դրամ, Արմվիրում 6 ծրագրի համար` 373 մլն դրամ, Գեղարքունիքում 1 ծրագրի համար՝ 57 մլն դրամ, Լոռիում 5 ծրագրի համար` 488 մլն դրամ, Կոտայքում 2 ծրագրի համար` 187 մլն դրամ, Շիրակում 4 ծրագրի համար` 246 մլն դրամ եւ տավուշում 1 ծրագրի համար` 54 մլն դրամ:

Այս որոշումից հետո արդեն կառավարությունը մի շարք որոշումներով այս տարի 12 մլրդ 306 մլն դրամ հատկացրած կլինի սուբվենցիոն ծրագրերին»,-ասաց նա:

 

 

 

ՀՈՒՇԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ

Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) փոխըմբռնման հուշագիր ստորագրեց «Այ Սի Սի» հայաստանյան ազգային կոմիտեի (ICC NCA) հետ: Այս համագործակցությունը նպատակ ունի աջակցելու 2024 թվականի Նորարարության եւ Տեխնոլոգիաների Համաշխարհային Կոնգրեսի (WCIT2024/DigiTec) կազմակերպման աշխատանքներին եւ նպաստելու միջազգային մասնակցայնության բարձրացմանը։

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրեցին ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը եւ «Այ Սի Սի» հայաստանյան ազգային կոմիտեի Գլխավոր քարտուղար Րաֆֆի Սեմերջյանը։

Հուշագրի շնորհիվ կմիավորվեն երկու կառույցների ջանքերը՝ միջազգային բիզնես եւ գործընկերային ցանցերը մեկտեղելու միջոցով՝ ի նպաստ WCIT2024/DigiTec-ի կազմակերպչական աշխատանքների:

WCIT/DigTec-ի մասին. Նորարարությունների եւ տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից:

 

 

 




Լրահոս