ՀՍՏԱԿ ՏԵՍԼԱԿԱՆ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքի մի մասը լույս չունի, մյուս մասը՝ ջուր, փողոցները՝ քարուքանդ, ամենաբանուկ խաչմերուկներում՝ ժամերով առանց որեւէ կարգավորման իրավիճակ է։ Երկիրը, մեծ հաշվով, չի կառավարվում»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։

 

«Ադրբեջանը կոշտ պահանջներ է դնում, ԱՄՆ-ն ասում է պետք է ծանր փոխզիջումներ լինեն (պարզ է, թե ով պիտի զիջի)։ Այս պայմաններում իշխանությունը գնում է անհոգ արձակուրդի՝ մի ամսով, մի քանի շաբաթով։ Միակ աշխատանքային գործունեությունը հեծանիվն է։

Իրավիճակը ամբողջականանում է ամեն ինչին հարմարվող անմռունչ հասարակության գործոնով։ Ի դեպ, 2020-ին նույն պատկերն էր, երբ օդում կար պատերազմի հոտը, ու մտածելու ունակ մարդիկ հասկանում էին, որ պատերազմն արդեն դռան հետեւում է, երկրի նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ եւ մնացյալ պաշտոնյաներն արձակուրդների էին գնում։ Հասարակությունը՝ նույնպես։ Հիշենք նաեւ, որ երկիրը նախագահ էլ ունի։ Հիշենք նաեւ, որ բազմաթիվ ընդդիմադիր լիդերներ էլ ունի, որոնց «արձակուրդաունակությունը» պակաս չէ, եւ ովքեր ակտիվանում են միայն ուրիշների պրոցեսների ժամանակ՝ քվոտա կամ մասնաբաժին ստանալու համար։

Մյուս կողմից ակնհայտ է, որ ձեւավորվել եւ ձեւավորվում է հանրային գործիչների ու հանրային ակտիվի մի համայնք (բավականին պատկառելի), որը գնալու է ինքնակազմակերպման ճանապարհով, եւ որը պետք է կազմակերպի պետության կազմաքանդման դիմադրությունն ու պատմության գիրկն ուղարկի այս վիճակին հասցրած իշխանությանը (եւ ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր խանգարում են երկրի առողջացմանը)։

Այսօր հրապարակում Բագրատ Սրբազանն է, որի գործոնն ունի միաժամանակ կոնսոլիդացման եւ դաշտի մաքրման մեծ պոտենցիալ։ Մարդը, որը չունի նյութական ակնկալիքներ եւ շարժմանը միացողներից պահանջում է անել նույնը, կարող է հասնել դաշտի առողջացմանը՝ համախմբելով գաղափարական տարբեր դաշտերում գործող, բայց երկրի հանդեպ սեփական պատասխանատվությունը գիտակցող լայն շրջանակների։ Նոր հանրային դաշտն իրական այլընտրանք պիտի դառնա գործող իշխանությունների, որոնց ապաշնորհության (կամ՝ պայմանավորվածությունների) հետեւանքով պետությունը ներսից ու դրսից անկառավարելի է դարձել։

Հանրությանը պիտի ներկայացվի իրավիճակը շտկելու եւ երկրի կառավարելիությունը վերադարձնելու հստակ, հասկանալի տեսլական։ Հակառակ դեպքում ստացվում է, որ մեր երկրին համ դրսից են հոշոտում, համ մենք մեր վարքագծով՝ ներսից», – գրել է նա։

 

 

 

ՎԻԶԱՆԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Տարիներ տեւած բանակցություններից հետո՝ այսօր, Բրյուսելում Եվրոպական խորհուրդն ի վերջո հաստատեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու Եվրահանձնաժողովի առաջարկը:

«Անդամ 27 երկրների հավանությունից հետո հարցը կփոխանցվի Եվրահանձնաժողովին, որն էլ կհայտարարի՝ կոնկրետ երբ են սկսում բանակցությունները եւ գործողությունների ինչ ծրագիր է դնում Երեւանի առջեւ»,- նշել է Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։

Դա նշանակում է, որ կներկայացվեն կատարված քայլերի մասին ամենամյա զեկույցներ, որոնք կշարունակվեն մի քանի տարի։ Որոշ երկրների, օրինակ, Մոլդովայի դեպքում, պահանջվեց 3-ից 4 տարի, Վրաստանից՝ 5, Ուկրաինայից՝ 9։ Թուրքիայի հետ բանակցությունները 10 տարուց ավելի է դեռ շարունակվում են, այնպես որ ամեն մի երկիր տարբեր կերպ է անցնում այդ ճանապարհը։ Սա գործընթացի սկիզբն է, որն ավարտին հասցնելու համար ժամանակ կպահանջվի։

Հայաստանի հարցով այսօր ընդունվելիք որոշման մեջ նշվում է՝ վիզաների պահանջը կհանվի անհրաժեշտ բոլոր չափանիշների լիարժեք բավարարման դեպքում միայն։

Ըստ Յոզվյակի՝ որպես կանոն, Բրյուսելն առաջադրում է չորս հիմնական պահանջ՝ սահմանների կառավարումից մինչեւ կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքար. հիմնականում խոսքը ներքին խնդիրների մասին է՝ փաստաթղթերի անվտանգության, սահմանների, ապօրինի ներգաղթյալներին հետ ընդունելու, բայց նաեւ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության։

Սա հարյուրավոր էջերից բաղկացած ծավալուն պահանջների մի ցանկ է, որը Հայաստանը պետք է իրագործի, եւ դրա համար տարիներ կպահանջվեն։

Որպես կանոն, անհրաժեշտ գործողությունների այդ ծրագիրը կազմելու եւ ներկայացնելու համար, Յոզվյակի խոսքով, Բրյուսելից մոտ կես տարի է պահանջվում, բայց քանի որ հունիսին տեղի ունեցած Եվրախորհրդարանի ընտրություններից հետո նոր Եվրահանձնաժողով դեռ չի ձեւավորվել, ակնկալվում է, որ Հայաստանի դեպքում պահանջների այդ ցանկը կներկայացվի կա՛մ այս տարեվերջին, կա՛մ մյուս տարվա սկզբին։ Դրանք լիարժեք իրագործելուց հետո՝ Հայաստանը եւս մեկ կարեւոր խոչընդոտ պետք է հաղթահարի։

«Այս հարցում վերջնական որոշում կայացնելու իրավունք ունի երկու կառույց.  մեկը Եվրախորհդարանն է, որտեղ Հայաստանն անհրաժեշտ աջակցություն ունի, երկրորդը՝ անդամ երկրները։ Բոլոր 27-ը պետք է միասին իրենց համաձայնությունը տան, ինչը միշտ չէ, որ հեշտ է, քանի որ հիմա Եվրոպայում շարժում է սկսվել ապօրինի ներգաղթի դեմ»,- պարզաբանել է լրատվամիջոցի զրուցակիցը։

 

ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ

Մի ժամանակ նախարարություններում հաստիքացուցակ էր, այժմ՝ թիմ:

Ակամա շատ ճիշտ է բնորոշված շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքը, այսօրվա կառավարման համակարգի բարքերը` ՔՊ-ական լինի` միայն թե հեծանիվ քշել իմանա։ Մենք փորձեցինք պարզել շրջակա միջավայրի նախարարության հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատու, փոխնախարար Մեյմարյանի կենսագրությունը. այն բացակայում էր կայքում։ Փոխարենը Արամ Մեյմարյանի հայտարարագրից հասկացանք, որ, հավանաբար, «ղազախական բում»-ի ժամանակ ավտոյի «գործ է արել»՝ միաժամանակ խեղաթյուրելով վաճառած 2 մեքենաների ձեռքբերման ամսաթվերը։

Երբ 1998 թվականին Կարեն Դեմիրճյանին հարցրեցին իր թիմի մասին, նա պատասխանեց, որ չի պատրաստվում ֆուտբոլ խաղալ, հետեւաբար, չկա թիմ։ Այսօր կառավարությունում թիմը արդեն պաշտոնական իրողություն է։

 

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Մեծ Բրիտանիայում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին, ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ կառավարությունից հայտնել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հուլիսի 17-20-ն աշխատանքային այցով գտնվելու է Լոնդոնում, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

 

ԼԱՎՐՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ-ը կոչ է անում իր դաշնակիցներին նախապատրաստվել տեւական պատերազմների։

Այս մասին հայտարարել է  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Վաշինգտոնը կոչ է անում իր դաշնակիցներին պատրաստվել երկարատեւ պատերազմների, եւ ոչ միայն Եվրոպայում:

ՆԱՏՕ-ն գոհ չէ Կիեւում իր սանձազերծած պատերազմից. Միացյալ Նահանգները շարունակում է սրել իրավիճակը»,- հայտարարել է Լավրովը։

«Ռուսաստանը պատրաստ է շահերի հավասարակշռություն գտնել ուկրաինական ներկայիս ճգնաժամի կարգավորման հարցում։

Մոսկվան կոչ է անում բոլորին, ովքեր հետաքրքրված են ուկրաինական ճգնաժամի հաղթահարմամբ՝ հաշվի առնել ազգային փոքրամասնությունների իրավունքների խնդիրը»,- ասել է Լավրովը։

 

«ԵՍ ԸՆԴԱՄԵՆԸ ԴՈՒՌ ԵՄ ԲԱՑԵԼ». ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հարցազրույց է տվել ամերիկյան Al-Monitor լրատվականին, որի ընթացքում անդրադարձել է քաղաքական ուժերի ներգրավվածությանը:

««Դաշնակցությունը», «Հանրապետական կուսակցությունը» կան բազմաթիվ այլ կուսակցություններ: Բոլորը ներգրավված են: Ինչպես արդեն ասել եմ, երբ մենք սկսեցինք այս շարժումը, հիմքում դրվեցին ճշմարտությունը, հաշտությունն ու արդարությունը: Դա բացարձակապես բացակայում է մեր հասարակության մեջ: Այս ամբողջ ընթացքում եղել են բազմաթիվ մարդիկ, կազմակերպություններ, կուսակցություններ, ովքեր ներգրավվել են մեր շարժմանը։ Այն, ինչ ես փորձել եմ անել, դռները բացելն է բոլորի համար։ Մեր կողմից ձեւավորվելիք հաշտեցման կառավարության անցումային շրջանի ընթացքում մենք քաղաքական գնահատական ենք տալու վերջին 30 տարիների դեպքերին, ինչպես դա արվեց Հարավաֆրիկյան Հանրապետությունում»։




Լրահոս