ԳԻՏԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սույն թվականի հուլիսի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված Հայաստանի Հանրապետությունում եւ Սփյուռքում առկա գիտական ներուժի միջեւ համագործակցության խորացմանը։ Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահության, ԳԱԱ ինստիտուտների, ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, ՀՀ Անվտանգության խորհրդի, ԲՈՒՀ-երի, Մոսկվայի «Դիալոգ» կազմակերպությունից ներկայացուցիչներ։

 

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Սփյուռքի հարցերով պատասխանատու, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ  Գոհար Իսկանդարյանը։ Նա թվեց այն հաստատությունները, որոնք զբաղվում են Սփյուռքի հարցերով՝ ՀՀ ԳԱԱ ինստիտուտներ, Երեւանի պետական համալսարան, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան, Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե, Անվտանգության խորհուրդ եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ։

«Սակայն, ըստ էության, մեր՝ բոլորիս գործողությունները միասնական եւ համակարգված չեն։ Եթե մեր նպատակն է ամրապնդել կապը Սփյուռքի հետ, ապա մենք պետք է կարողանանք միավորել մեր ջանքները։ Այս նպատակով որոշում կայացվեց փորձել համատեղել Սփյուռքով զբաղվող մասնագետներին եւ հնարավորության դեպքում մշակել մեխանիզմներ գիտական Սփյուռքի հետ լավագույնս համագործակցելու համար»,- իր ելույթում ասաց Գոհար Իսկանդարյանը։

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը նշեց, որ վերջին տարիներին իրականացնում են Սփյուռքի ներուժի հաշվառման ծրագիրը։ «Ծրագրի շրջանակներում ստեղծված տեղեկատվական բազայի մեջ կան, անշուշտ, մեր գիտնականների տվյալները։ Ակադեմիային, ինստիտուտներին, համալսարաններին եթե պետք են գիտնականներ, որոնց վերաբերյալ տվյալներ կան, անհրաժեշտ ընթացակարգն անցնելուց հետո՝ դրանք հնարավոր է ձեռք բերել»,- ասաց նա։

Ելույթներում նշվեց Սփյուռքի ներուժի գնահատման, համագործակցության համար հստակ գաղափարախոսություն ունենալու, Սփյուռքի ռազմավարության, սերնդափոխության, դրանով պայմանավորված կապերի ուժեղացման անհրաժեշտության մասին։ Հովհաննես Ալեքսանյանը նշեց, որ ներկայում իրականացվում են մի շարք ծրագրեր Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար, որոնցից են «Քայլ դեպի տուն»-ը, «Ի գործ»-ը, «Սփյուռքի երիտասարդ դեսպան»-ը։ Սակայն անելիքներ շատ կան։ «Սփյուռքը հիմա տրանսֆորմացիայի փուլում է, բայց դա միայն մեր Սփյուռքին չէ հատուկ։ Իհարկե, սերունդները փոխվել են, այլ մտածողություն կա, հիմա ավելի ինտեգրված են, եւ շահագրգռություններ են պետք»,- ասաց նա։

ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի վարիչ Ռուբեն Կարապետյանը եւ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանն առաջարկեցին ստեղծել Սփյուռքի հարցերով մասնագիտական խումբ, որը կգործի ՀՀ ԳԱԱ նախագահության ենթակայության տակ, ինչը կնպաստի գիտական Սփյուռքի եւ Հայաստանի հետ կապերի մեխանիզմների ստեղծմանը, հարաբերությունների ակտիվացմանը։

Քննարկումը կազմակերպվել էր սույն թվականի հունիսի 28-ին ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի եւ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա՝ խորացնել համագործակցությունը՝ ակտիվացնելով գիտական Սփյուռքի հետ փոխգործակցությունը:

 

 

 

ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՍՆՆԴԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը սոցցանցի փակ խմբերից մեկում  նկատել է, որ քաղաքացիներից մեկը տեղադրել է պաղպաղակի լուսանկար եւ կից գրել՝ «Yerevan kat սա ի՞նչ է, դուք լրիվ ձեզ կորցրել եք։ Ճիճուն ինչ գործ ունի պաղպաղակի մեջ։ ԴՈՒՔ ՓՆԹԻ ԵՔ»:

Խմբում խնդիրը բարձրաձայնող Լիանան ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրենք Գյումրիից են, եւ պաղպաղակը գնվել է հենց այնտեղի խանութից:

«Պաղպաղակը երեկ գնել են երեխաներս, Գյումրի քաղաքից, ես պաղպաղակը հետ տարա խանութ, վաճառողը տեսավ, չորացրած որդ էր մեջը: Աղջիկներս՝ երկուսն էլ, եւ շատ վախկոտ են, եւ զզվող:

Սննդի տեսչության ոլորտում բարձիթողի վիճակ է, ոչ մի բանին չեն հետեւում: Եղել է, որ կաթնամթերք ենք գնել, բորբոսնած է եղել»:  «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՍԱՏՄ իրազեկման բաժնի պետ Անուշ Հարությունյանը, անդրադառնալով թեմային, ասաց, որ իրենք չեն կարող գործին ընթացք տալ, քանի դեռ քաղաքացին չի ասում՝ որտեղից են դա գնել:

«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ փորձեց կապ հաստատել «Երեւան կաթ» ընկերության աշխատակիցների հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԱՐԺԵՔՆԵՐ

Հայաստանի բնակչության մեծամասնությունը նախընտրում է իրենց միջոցառումները կազմակերպել ամառային այս օրերին:  Շատերը իրենց տոնական միջոցառումները իրականացնելու համար նախապես են ամրագրում ռեստորանները:

Ենթադրելի է, որ խրախճանքներն անպակաս են հասարակության կյանքում՝ կնունքներ, հարսանիքներ, ծնունդներ, գործնական հավաքույթներ, տարբեր մրցանակաբաշխություններ եւ ավարտական երեկոներ։

Ինչ արժեքների միջեւ տատանվում ռեստորանների գները՝ մեկ անձի համար, Աշտարակի շրջանում:

Աշտարակ. «Վանա Լիճ» ռեզորթ, որտեղ մեկ անձի համար ռեստորանային արժեքը սկսվում է 18 000 դրամից։

«Օլդ Աշտարակ» ռեստորանում մեկ անձի համար կարող եք վճարել 17 500 դրամից սկսած։

«Վան Արդի» գինեգործարանի այգիներ։ Մեկ անձի համար ռեստորանում արժեքը տատանվում է 18 000 դրամից 25 000 դրամի միջեւ։

«Նազանի». «Արմենիա Վայնի» գինեգործարանի ռեստորանում հստակ մենյուներ չկան, սակայն մենյու սեթեր ընտրելուս հետո՝ վստահ եղեք, որ այն կլինի 18-ից 25 հազար դրամի միջեւ՝ չափազանց լի եւ առատ։

Հայտնի ռեստորաններից են «Թուֆենկյան» հյուրանոցների ռեստորանները՝ Ավան-Ձորագետում, Ծափաթաղում, Երեւանում եւ Դիլիջանում. այստեղ մեկ անձի համար կարելի է աթոռ ամրագրել 18 հազար դրամից սկսած։

Անդրադառնալով ավելի թանկ ռեստորաններին՝ կարելի է առանձնացնել «Պրայմ հոլլ»-ը եւ «Դվին» հյուրանոցը, որտեղ համապատասխանաբար մեկ անձի համար պետք է վճարել 25.000 եւ 50. 000 ՀՀ դրամից սկսած գումար։

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

ՓՈՐՁՈՒՄ Է ՋՐԻՑ ՄԱՔՈՒՐ ԴՈՒՐՍ ԳԱԼ

Կիրանց գյուղի բնակիչները հայտնեցին, որ Տավուշի մարզպետարանը գյուղի բնակիչներին դրամական փոխհատուցում տալու մասին փաստաթղթեր է ստորագրել տալիս։ Այդ թղթերը լրիվ դատարկ չեն, ինչպես գրում են որոշ լրատվամիջոցներ։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել ենք՝ Ադրբեջանին հանձնված տարածքների դիմաց Կիրանց գյուղի բնակիչներին պետության կողմից որքան գումար է մինչեւ այժմ տրվել, ընդհանուր որքան գումար է նախատեսված այդ նպատակով, ինչ սկզբունքով են որոշվում Կիրանցի բնակիչներին փոխհատուցվող գումարների չափերը։ Մարզպետը պատասխանել է` այդ հարցով առաջարկում ենք դիմել համապատասխան պետական լիազոր մարմին։ Մարզպետը չի նշել, թե որն է համապատասխան պետական  լիազոր մարմինը։ Մարզպետարանը զբաղվում է հանձնված հողերի դիմաց պետական բյուջեից փոխհատուցման հարցով, սակայն մարզպետը հրաժարվել է այդ մասին հարցին պատասխանելուց, նա փորձում է կեղտոտ ջրից մաքուր դուրս գալ։

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ

Կիրանցի հիմնական դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը հայտնեց, որ տարեվերջյան ժողովին, որտեղ քննարկվել են անցած ուսումնական տարվա արդյունքները, Կիրանց գյուղի մի քանի ծնողներ բարձրացրել են նոր ուսումնական տարում նորակառույց դպրոցի շենք աշակերտների հաճախել-չհաճախելու հարցը։ Սահմանազատման անվան տակ Ադրբեջանին Կիրանցից տարածքներ հանձնելուց հետո՝ դպրոցի նորակառույց շենքը հայտնվել է սահմանից մոտ 50 մետր հեռավորության վրա։ Պետական բյուջեից Կիրանցի դպրոցի շենքի շինարարության համար հատկացվել է 615 միլիոն դրամ. շինարարությունը սկսվել է 2022 թվականին, դպրոցի շենքը պետք է շահագործման հանձնվի այս տարվա սեպտեմբերի սկզբին։ Կիրանցի դպրոցի տնօրենն ասաց, որ նորակառույց դպրոց աշակերտների հաճախել-չհաճախելու վերաբերյալ ոչինչ չի որոշվել, անորոշ վիճակ է, մինչեւ  նոր ուսումնական տարվա սկզբին այդ խնդիրը Կիրանցի աշակերտների ծնողների հետ եւս մի անգամ քննարկվի։  Նախկինում Կիրանցի, համայնքների խոշորացումից հետո Իջեւանի համայնքապետարանին պատկանող, ներկայում որպես Կիրանցի հիմնական դպրոց ծառայող շենքը վթարային է, դրա հիմնական  պատը խարխլված է։

 

ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶՈՒՄ Է

Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ 2023-24 ուսումնական տարում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտների թիվը 984 է, անցած՝ 2022-2023 ուստարում եղել է 1040, իսկ 2021-2022 ուստարում՝ 1124: Տավուշի հանրակրթական դպրոցների շրջանավարտների թիվը տարեցտարի նվազում է։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս