ՄԵԿՆԱՐԿԸ ԿՏՐՎԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 25-ին՝ ժամը 13:00-ին, Հայաստանի պատմության թանգարանի դրամի սրահում կտրվի Freedom Broker Armenia-ի  կրթական նախաձեռնությունը՝ Freedom Academy-ն։ Այս հարթակն  ուղղված է Հայաստանի բնակչության ընդհանուր ֆինանսական գրագիտության բարձրացմանը։ Հարթակի նպատակն է հանրահռչակել ոլորտին առնչվող գիտելիքները եւ չեզոքացնել ներդրումների մասին առասպելները։

 

Թանգարանում այդ օրը կանցկացվի «Ֆինանսական գրագիտության բարձրացումը՝ որպես կապիտալի շուկայի զարգացման գործոն» կլոր սեղան, որի շրջանակում հանդես կգան ոլորտի առաջատար բանախոսները՝ քննարկելով ֆինանսների ոլորտում կրթություն ստանալու կարեւորությունը երկրի ընդհանուր տնտեսական զարգացման համար։ Բանախոսների թվում են Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը, Financial Market Members Association-ի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը, Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի առաջին նախագահ (2013-2021թթ), Խորհրդի անդամ Արա Չալաբյանը, Հայաստանի ֆոնդային բորսայի Կառավարման խորհրդի անդամ Անի Մակարյանը, ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը եւ այլք։

Նույն օրը նաեւ մտադրությունների վերաբերյալ հուշագիր կստորագրվի համալսարանների հետ։  Միջոցառման վայրը պատահական չի ընտրված։

Թանգարանի մետաղադրամների հավաքածուն իր էությամբ եզակի է։

Միջոցառման շրջանակներում դահլիճում կկազմակերպվի դրամագիտական փոքրիկ ցուցահանդես, որը կդառնա եզակի ու առանձնահատուկ կապող կամուրջ՝ անցյալի եւ ներկայի միջեւ։ Բացի այդ, Freedom Broker Armenia-ն աշխատանքներ կիրականացնի նաեւ թանգարանում պահվող դրամագիտական ցուցանմուշների պահպանման եւ թվայնացման ուղղությամբ։

Ֆինանսական ակադեմիան կծառայի որպես համապարփակ հարթակ, որը կօգնի շուկայի մասնակիցներին հասկանալ իրենց ֆինանսական հարստությունը կառավարելու հիմնական եւ առաջադեմ սկզբունքները: Ֆինանսների ոլորտում գիտելիքների եւ հմտությունների բավարար մակարդակը թույլ կտա Հայաստանի բնակչությանը ոչ միայն ճիշտ գնահատել շուկայի իրավիճակը, այլեւ ողջամիտ որոշումներ կայացնել ներդրումային ոլորտում։ Սա հենց Freedom Academy-ի առաքելությունն է։ Freedom Academy-ի հարթակը կառաջարկի կրթական նյութերի լայն տեսականի, ներառյալ առցանց ձեւաչափը՝ տեսադասընթացներ, ինտերակտիվ դասընթացներ, հոդվածներ, ինֆոգրաֆիկա եւ խորհուրդներ:

 

 

 

 

ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱԽԱՂԸ

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նոր ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել անսովոր պայմաններում. «Մեկ գավաթ էնդորֆին» կատակերգությունը հանդիսատեսին է ներկայացվել ոչ թե թատրոնում, այլ Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում։ Նպատակը երկու կառույցի միջեւ մշակութային կապերի զարգացմանը նպաստելն է:

Պրեմիերային ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Ներկայացումից առաջ կազմակերպվել է շրջայց պատկերասրահում, այնուհետեւ՝ գինու հյուրասիրություն, գինու համտեսի վարպետաց դաս է անցկացվել եւ ցուցադրվել են գեղանկարիչ Խաչիկ Ղարաբեկյանի ստեղծագործությունները (թանգարանի եւ անձնական հավաքածուներ)։

Ներկայացման բեմադրության հեղինակը Ժիրայր Գաբրիելյանն է, երաժշտական ձեւավորումը` Հրանտ Վարդումյանինն է, պարերը` Արման Սաքանյանինն են: Դերերում` Արման Սաքանյան, Մարիամ Ղեւոնդյան, Էդգար Քոչարյան, Նոնա Սաֆարյան, Էդգար Բարսեղյան:

 

 

 

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՈՒՄԲԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳՈՎ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ուրախ է ներկայացնել «Սիհասին» բնիկ ամերիկյան ռոք խմբի «Շողա» երգի հայերեն ռեմիքս տարբերակը հայ երաժիշտ-կատարողներ Լիլի Ալեքսանյանի (վոկալ), Գոհար Քեշիշօղլյանի (քանոն) եւ Քրիստինե Հովսեփյանի (կոպալ-դհոլ) կատարմամբ։

«Լինելով Միացյալ Նահանգների բնիկ ժողովուրդների ներկայացուցիչ՝ մեզ համար ոգեշնչող էր  երաժշտության, պարի, լեզվի եւ արվեստի միջոցով ձեւավորել կապեր ու կամուրջներ՝  ուղղված մշակույթի պահպանությանը։ Հուսով ենք, որ այս ստեղծագործական համագործակցությունը «շողալու» եւս մեկ հնարավորություն կլինի հայկական հարուստ ոչ նյութական ժառանգության համար», – ասել է Քլեյսոն Բենալին։

Երաժիշտ Գոհար Քեշիշօղյլանը նշել է. «Մեծ բավականություն ստացա «Սիհասին» խմբի հետ աշխատելուց: Ինձ համար առավել կարեւոր էր առնչվել մեր հյուրերի մշակույթին ու ներկայացնել մեր մշակույթը: Միասին ունեցանք աշխատանքային հրաշալի գործընթաց»:

«Շողա» երգի հայերեն ռեմիքս տարբերակը ԱՄՆ դեսպանության աջակցությամբ ձայնագրել է Նարեկ Բարսեղյանը («Բամբիռ»)։

 

 

 

Full Moon Fest

Անձրեւի եւ չդադարող ծափերի ներքո օրերս Երեւանում կայացավ Full Moon Fest 2024-ը, որը հյուրընկալել էր Outlandish, Vintage, 5Sta Family, Banderos, Reincarnation խմբերին եւ D’Litte-ին։  Լրագրողների հետ զրույցում երգչուհի D’Litte-ն ասաց, որ երրորդ անգամ է համագործակցում The moon production-ի հետ։ Երգչուհին խոստովանեց՝ եկել է առողջական խնդիրներով, բայց անձրեւն իրեն չխանգարեց։ «Բեմում 45 րոպե լինելով՝ գրեթե չորս տարի ավելի ես ապրում, քան սովորական մարդիկ: Որպես հեղինակ կատարող փառատոնն ինձ համար կարեւոր է այնքանով, որ ծանոթանում եմ նոր արտիստների հետ, իսկ հանդիսատեսի հետ կապն ու կոմունիկացիան անչափ կարեւոր է»,- նշեց D’Litte-ը:

The moon production-ի հիմնադիր Լուսինե Աչոյանն էլ ընդգծեց՝  նման մասշտաբներով միջոցառումների ժամանակ ֆորսմաժորային իրավիճակներն անխուսափելի են: «Չորրորդ անգամ է կայանում փառատոնը։ Այս անգամ հրավիրել ենք վեց երաժշտական խումբ՝ ընտրելով ամենասիրված արտիստներին։ Չնայած անձրեւին՝ հանդիսատեսը վայելել է համերգը եւ դրական էներգիա ստացել։ Մեր նպատակն է ամեն տարի ավելի զարգանալ եւ հնարավորության դեպքում միջազգային ավելի հայտնի արտիստների հրավիրել Երեւան»,- շեշտեց Լուսինե Աչոյանը:

 

 

 

Լ. ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ՝ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՓԱՌՔԻ ՍՐԱՀՈՒՄ

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանն ընդգրկվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Արսեն Ջուլֆալակյանը:

«Ըմբշամարտում ունեցած բացառիկ նվաճումների եւ մեծ ավանդի շնորհիվ ( եւ՛ որպես մարզիկ, եւ՛ որպես մարզիչ) Լեւոն Ջուլֆալակյանը ներառվեց Ըմբշամարտի Համաշխարհային Ֆեդերացիայի փառքի սրահում (United World Wrestling Hall of Fame): Ի դեպ, առաջինը Հայաստանի Հանրապետությունից: Պարգեւատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Փարիզում՝ Ըմբշամարտի տանը»,- գրել է նա:

 

 

Է. ԱՎԱՆԵՍՅԱՆԸ՝ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ

Աշխարհի 76-րդ ռակետ, հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող WTA-250 շարքի մրցաշարի երրորդ շրջան։

Երկրորդ տուրում Էլինան 6:2, 5:7, 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 97-րդ ռակետ, խորվաթ Պետրա Մարտիչին, hանդիպումը տեւեց է 2 ժամ 33 րոպե։

Ռումինիայում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակչում Ավանեսյանը կխաղա Ելենա Գաբրիելա Ռուսե – Ժակլին Քրիստիան զույգի հաղթողի հետ։

 

 

ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ

ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը դարձել է «17th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup – 2024» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկրորդ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող:

Ինչպես տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից,  հնարավոր 9 միավորից Վահեն վաստակել է 8.5 միավոր:

Հակոբ Հակոբյանը 7.5 միավորով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

ՖԻԴԵ-ի վարպետ Էդգար Հայրապետյանը 7 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Մինչեւ 1700 վարկանիշ ունեցողների պայքարում 5 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Գագիկ Մելքումյանը:

 

 

ՍՆՈՒՓ ԴՈԳԸ՝ ՕԽ ՋԱՀԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՎԱԶՔԻՆ

Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը կլինի Փարիզի Օլիմպիական խաղերի փոխանցումավազքի վերջին մասնակիցներից մեկը` մինչեւ Խաղերի բացման արարողությունը: Սնուփ Դոգը ջահով կանցնի Փարիզի հնագույն թաղամասերից մեկով` Սենթ-Դենիսով: Նույն թաղամասում փոխանցումավազքին կմասնակցեն նաեւ ֆրանսիացի դերասան Լետիցիա Կաստան, ռեփեր  MC Սոլարը եւ այլք:

 

 

 




Լրահոս