ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ՝ 7.75%

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել՝ նշելով. «2024 թվականի հուլիսի 30-ի նիստում ԿԲ Խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.75%: ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի եւ գների կայունության նպատակի իրագործման համար:

 

2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ հունիսին կազմելով 0.8%: 12-ամսյա բնականոն գնաճը մնացել է անփոփոխ՝ հունիսին կազմելով 0.0%:

2024 թ.-ի երկրորդ եռամսյակում համաշխարհային եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների եւ ծառայությունների գները դեռեւս մնում են հարաբերականորեն բարձր: Միաժամանակ, գործընկեր երկրներում գերտաքացած աշխատաշուկայի պայմանները շարունակում են նպաստել բարձր պահանջարկի պահպանմանը: Ձեւավորված աշխարհաքաղաքական անորոշությունները, ինչպես նաեւ միջազգային առեւտրային հարաբերություններում աճող լարվածությունը որոշակի ռիսկեր են առաջացրել միջազգային ապրանքահումքային շուկայում գների հետագա աճի եւ առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից: Այս համատեքստում հավանական է, որ գործընկեր երկրների կենտրոնական բանկերը, մասնավորապես՝ ԱՄՆ ԴՊՀ-ն, ավելի երկար կպահպանեն դրամավարկային խիստ պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունները ՀՀ տնտեսության վրա դեռեւս պահպանվում են:

2024 թ.-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստել է շինարարության, առեւտրի եւ արդյունաբերության ճյուղերի զգալի աճը: Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաեւ ներքին պահանջարկի եւ սպառման հետագա միտումների վերաբերյալ: Ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը 2023 թ.-ի համեմատությամբ դանդաղում է: Միեւնույն ժամանակ, հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը շարունակում են մնալ առարկայական։ Աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն մեղմվում են՝ արտահայտվելով աշխատավարձերի աճի տեմպի նվազմամբ: Զուգահեռաբար, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճը եւ գնաճային սպասումները շարունակում են նվազել:

ԿԲ Խորհուրդը, առկա անորոշություններից բխող հնարավոր ռիսկերը կառավարելու նպատակով իր քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ: Մի կողմից, ԿԲ Խորհուրդը քննարկել է սցենարներ, որոնց հիմքում ընկած զարգացումները, այդ թվում՝ գործընկեր երկրներում ավելի երկար պահպանվող խիստ դրամավարկային պայմանները, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական եւ հարկաբյուջետային քաղաքականությունից բխող՝ երկրի ռիսկ-հավելավճարի եւ չեզոք տոկոսադրույքի հետ կապված անորոշությունները, պահանջում են քաղաքականության՝ շուկայական սպասումների համեմատությամբ ավելի կոշտ արձագանք՝ գների կայունության նպատակի ապահովման ռիսկերը կառավարելու համար։ Մյուս կողմից, ԿԲ Խորհուրդը քննարկել է սցենարներ, որտեղ հնարավոր տնտեսական զարգացումները, այդ թվում՝ տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունների եւ աշխատաշուկայի պայմանների թուլացման համատեքստում ցածր պահանջարկի ձեւավորման ռիսկերը կարող են հանգեցնել գնաճի՝ ցածր մակարդակում երկար պահպանմանը: Վերջինս ենթադրում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի արագ եւ մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար:

Արդյունքում՝ նշված սցենարներից բխող հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու մոտեցման ներքո, հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերը, ԿԲ Խորհուրդը որոշեց շարունակել դանդաղ տեմպերով իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը։

ԿԲ Խորհուրդը հայտնում է իր հանձնառությունը համարժեք գործողություններով միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4% մակարդակի եւ գների կայունության նպատակի ապահովման համար»:

 

 

 

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՃԵԼ ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ԳՆԵՐԸ

Հեղուկ գազի գները վարորդների համար դարձել էին մղձավանջ հիշեցնող «անակնկալ»։

Բանն այն է, որ հեղուկ գազի գները շեշտակի թանկացել են, սակայն, ինչպես նկատելի է, այն ե՛ւ թանկանում է, ե՛ւ էժանանում։

«Մի քանի անգամ նման դեպքեր եղել են, երբ մատակարարում չի լինում՝ ճանապարհների խցանումների կամ, ասենք, ճանապարհները սառած լինելու, Վերին Լարսը փակ լինելու դեպքում եւ այլն։ Ընդհանրապես, եղած-չեղածը մի քանի ցիստեռն են բերում, Հայաստանում հեղուկ գազ քիչ են օգտագործում, եւ դրա համար մի քանի օր չլինելու դեպքում՝ գները սկսում են աճել»,- այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը։

Տնտեսագետը նաեւ նշեց, որ երբ նորից հեղուկ գազ են բերում Հայաստան, դրա գինը սկսում է նվազել՝ հետ գալ նախնական գնին։

«Հիմա այդ փուլերից մեկն է, երբ Ռուսաստանից հեղուկ գազ բերելը դժվարանում է, դե հիմա Վերին Լարսը խցանված է, կարող է դա էլ պատճառ լինել, որ ուշանա, ու, քանի որ սպառումը կա, բայց քանակ չկա, սկսում է գինը աճել։ Նույնն էլ բենզինի դեպքում է։ Դիֆիցիտն է բերում գնի թանկացման»,- եզրափակեց տնտեսագետը։

 

 

ԳՈՒՄԱՐԸ ԿՆՎԱԶԵՑՎԻ

Հանրային մուլտիպլեքսի միջոցով հեռարձակում իրականացնող մի շարք մարզային հեռուստաընկերություններ 2024 թվականի հունիսի 27-ին աջակցություն ստանալու խնդրանքով դիմել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին. որոշվել է նվազեցնել պայմանագրային գումարը՝ սահմանելով համահարթ վարձավճար:

Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

«Հեռուստաընկերությունների կողմից ներկայացված մտահոգություններն ու փաստարկները հիմնականում վերաբերում էին վերջիններիս ֆինանսական եկամուտների կտրուկ նվազմանը, ինչն էլ իր հերթին բերում է պարտքերի կուտակման եւ մոտ ապագայում կարող է հանգեցնել հեռուստաընկերությունների փակմանը:

Որոշում է կայացվել 2024 թվականի օգոստոսի 1-ից 20-40 տոկոսով նվազեցնել հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող մարզային հեռուստաընկերությունների պայմանագրային գումարը՝ յուրաքանչյուրի համար սահմանելով ամսական 200 հազար դրամ համահարթ վարձավճար։

Հարկ է նշել, որ որոշումը կայացնելիս հաշվի է առնվել նաեւ փոքր քաղաքների եւ գյուղերի բնակչության շրջանում մարզային հեռուստաընկերությունների մեծ պահանջարկը, ինչպես նաեւ դրանց կայուն զարգացման ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 




Լրահոս