Վատիկանի “L’Osservatore Romano” պաշտոնաթերթում վերջերս արված հրապարակմանն է անդրադարձել «Գեղարդ» հիմնադրամը, որը ներկայացնում ենք ստորեւ:
«Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության «աղվանացման» քաղաքականությունը Վատիկանի պաշտոնաթերթում Վատիկանի L’Osservatore Romano պաշտոնաթերթը վերջերս հրատարակեց մի հոդված՝ “A Khudavang, Ganjasar e Khatiravang Monasteri tra le nuvole” վերնագրով («Դադիվանքը, Գանձասարը եւ Խաթրավանքը ամպերի մեջ»), որտեղ հայկական ժառանգության կարեւորագույն հուշարձանները՝ Դադիվանքը, Գանձասարը եւ Խաթրավանքը ներկայացվում են որպես աղվանական ժառանգություն։ Նյութի հեղինակը Ռոսելլա Ֆաբիանին է, որը հոդվածում խոսում է Ադրբեջան կատարած իր այցելությունների մասին եւ նշում, որ այցելել է «Garabagh» /ընդգծումը՝ հոդվածից/, ծանոթացել աղվանական ժառանգության նշանավոր վանքերին։
Հարկ է նշել, որ հոդվածը զուրկ է գիտական հիմքից եւ հակասում է գիտականության չափանիշներին՝ հիմնված լինելով միայն հեղինակի դիտարկումների եւ տպավորությունների վրա։ Անգամ հոդվածի վերնագրում հայկական հուշարձանների ադրբեջանականացված անվանումների օգտագործումը ցուցում է, որ ադրբեջանական պետական քարոզչությունը տեղ է գտել նաեւ Վատիկանի պաշտոնաթերթում։
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության «աղվանացման» թեզի մասին բազմիցս ներկայացվել է «Գեղարդ» հիմնադրամի ակադեմիական հարթակում։ Պետք է նշենք, որ հայկական մշակութային ժառանգության բռնայուրացման այս մեխանիզմը միջազգային նոր հարթակներ է գրավում, ինչի հիմքում, բնականաբար, Ադրբեջանի հարուստ նավթարդյունաբերությունն ու պետության կողմից հսկայական գումարների ներդրումն է՝ միջազգային կառույցների եւ կազմակերպությունների գործունեության մեջ։ Ադրբեջանը պատմակեղծարարությունը դարձրել է ոչ միայն պետական քաղաքականություն, այլեւ միջազգային հարթակներից հնչող տեսություն։ Բաքուն մի կողմից իբրեւ թե կերտում է իր «բազմամշակութային եւ ժողովրդավար» կերպարը, մյուս կողմից «միջազգայնացնում» է հայկական մշակութային ժառանգության բռնայուրացման մեխանիզմները։ Ընդամենը ամիսներ առաջ այսպես կոչված «աղվանական ժառանգության» ֆոտոցուցահանդես կազմակերպվեց Լեհաստանում, որտեղ կրկին Ադրբեջանի դեսպանատունն ուներ իր ակտիվ ներգործությունը։ Այս ամբողջը վտանգավոր հող է պատրաստում հայկական ժառանգության ինքնության խեղաթյուրման, պատմական փաստերի կեղծման եւ միջազգային հարթակների միջոցով այդ թեզերի տարածման համար։
«Գեղարդ» հիմնադրամը դատապարտում է ալիեւյան բռնապետական ռեժիմի՝ հնարավոր բոլոր միջոցներով հայկական մշակութային ժառանգության բռնայուրացման քաղաքականությունը եւ կոչ է անում միջազգային հեղինակավոր գիտական կազմակերպություններին ու կառույցներին, ԶԼՄ-ներին, տուրք չտալ ադրբեջանական պետական հակահայկական քարոզչությանը»։
«ՀՈՒՍՈ ԱՌԱԳԱՍՏ»
«Ֆասթ բանկի» աջակցությամբ հուլիսի 19-ից 21-ը Սեւանում կայացել է հեղինակային երգի 10-րդ «Հուսո առագաստ» միջազգային փառատոնը: Երեք օրվա ընթացքում հանդիսատեսը վայելել է փառատոնի նախնական փուլը հաղթահարած լավագույն տասը մասնակիցների, «Բարդերի ակումբ»-ի անդամների եւ արտերկրից ժամանած հեղինակների կատարումները:
«Ֆասթ բանկի» աջակցությամբ իրականացվող փառատոնի նպատակն է հայտնաբերել հեղինակ-կատարողների, նպաստել նրանց ստեղծագործական գործունեությանը, բեմ տրամադրել, ինչպես նաեւ արդեն ճանաչված հեղինակ-կատարողների եւ հեղինակային երգի սիրահարների հետ շփում ապահովել:
«Բարդերի» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանը, կարեւորելով երգարվեստի բնագավառում բազմազանությունն ու երիտասարդների ներգրավումը, նշել է. «Այն երիտասարդները, ովքեր ինտեգրվել են այս փառատոնին, փառատոնային այն ավանդույթը, որը ձեւավորվել է այս ընթացքում, մեծ դեր ունենալու համար պարտական է «Ֆասթ բանկի» աջակցությունը եւ դրա գլխավոր հովանավորությունը»։
Հավելենք, որ հեղինակային երգի եռօրյա փառատոնի ընթացքում համերգներին զուգընթաց անցկացվել են նաեւ վարպետաց դասեր, եղել է փորձի փոխանակում։
«Ֆասթ բանկը» շարունակաբար «Բարդերի» ակումբի կողքին է եւ երկար տարիների ընթացքում աջակցում է դրա նախագծերին:
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
«ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն»-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել ապահովել Լեռնային Ղարաբաղի բազմադարյա հայկական մշակութային ժառանգության անվտանգությունը:
«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն»-ը նամակով դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ՝ կոչ անելով հավատարիմ մնալ սեփական առաքելությանը եւ իր մանդատի շրջանակներում ապահովել Լեռնային Ղարաբաղի բազմադարյա հայկական մշակութային ժառանգության անվտանգությունը։
«ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն»-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունն է հրավիրել 2020-2023 թթ. պատերազմների եւ արցախահայության էթնիկ զտումից հետո Լեռնային Ղարաբաղում հայկական պատմական եւ մշակութային ժառանգության դրությանը, Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների եւ սրբավայրերի քանդմանը, պղծմանը, յուրացման անժխտելի փաստերին, հայկական գերեզմանատների նկատմամբ իրականացվող «ճանապարհաշինարարական» վանդալիզմին, ազգային-պատմական կառույցների քանդմանը եւ այն բոլոր հանցանքներին, որոնք մեկ բառով կարելի է բնորոշել որպես էթնոցիդ՝ մշակութային ցեղասպանություն։
«Մենք շարունակում ենք հավատացած մնալ, որ հայկական պատմական-մշակութային ժառանգության անվտանգությունը հնարավոր է լավագույնս ապահովել միայն այդ ժառանգության կրողների՝ արցախահայության միջազգայնորեն երաշխավորված վերադարձի պարագայում»,- նշված է նամակի մեջ:
2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԽ ՄԵԴԱԼԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԸ
Հուլիսի 30-ին խաղարկվեցին մեդալների հերթական հավաքածուները 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում։
Մրցաշարային աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ Ճապոնիայի հավաքականը, որն այս պահին նվաճել է 7 ոսկե, 2 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ։
Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 6 ոսկե, 6 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ։
Լավագույն եռյակը եզրափակում է Ավստրալիայի հավաքականը, որը նվաճել է ոսկե 6, արծաթե 4 եւ բրոնզե 1 մեդալ։
ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՆ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Սաուդյան Արաբիան ՖԻՖԱ-ին պաշտոնական հայտ է ներկայացրել 2034 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու համար: Դա տեղի է ունեցել Փարիզում ՖԻՖԱ-ի միջոցառման ժամանակ։
Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը գլխավորում էր Սաուդյան Արաբիայի արքայազն եւ սպորտի նախարար Աբդուլ Ազիզ բին Թուրքի Ալ Սաուդը։
«Սաուդյան Արաբիայի՝ 2034 թվականի աշխարհի առաջնությունն ընդունելու հայտը ապագայի հայտ է: Սա մեր երեխաների եւ նրանց համար է, ովքեր մեծ երազանք ունեն։
Թագավորությունը նպատակ ունի հյուրընկալել ֆուտբոլի աշխարհի ամենակարեւոր իրադարձությունը, որը կհաստատի իր ազդեցիկ դիրքը համաշխարհային ասպարեզում տարբեր ոլորտներում, այդ թվում՝ սպորտում»,- նախարարի խոսքերն է մեջբերում Saudi Gazette-ը։