Հանրային խորհրդի կազմում կձևավորվի փաստահավաք գործունեություն իրականացվող հանձնաժողով, որը կուսումնասիրի ՀՀ-ում անկախությունից ի վեր՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2023 թվականը ներառող ժամանակահատվածում, մարդու իրավունքների հիմնարար ու պարբերական խախտումները և դրանց վերաբերյալ կկազմի փաստահավաք զեկույց: Այս մասին Կառավարության՝ օգոստոսի 22-ի նիստին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:
«Փաստահավաք հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող դեպքերն ու իրադարձությունները ներառելու են համապետական, ՏԻՄ ընտրությունների և հանրաքվեների կազմակերպումն ու անցկացումը, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաև հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, անձանց սեփականության իրավունքներից զրկելու այլ դրսևորումներ, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը, հավաքների ազատության իրավունքների խախտումների դեպքերը»,- ասաց նախարարի տեղակալը:
Հանձնաժողովն իր գործունեության արդյունքում կազմելու է միջանկյալ և եզրափակիչ զեկույցներ, որոնցից վերջինը կազմվելու է փաստահավաք հանձնաժողովի ամբողջ գործունեության և դրա արդյունքների ամփոփման նպատակով:
Փաստահավաք հանձնաժողովը կազմված է լինելու 7 անդամից, որոնք ընտրվելու են Հանրային խորհրդի կողմից: Ներգրավվելու են մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող անձինք, որոնք իրենց ոլորտի հեղինակավոր մասնագետներ են, հանրային հեղինակություն ունեցող անձինք:
«Տվյալ անձինք երբևէ պետք է զբաղեցրած չլինեն քաղաքական պաշտոն, իրենց գործունեության ընթացքում պետք է դրսևորած լինեն քաղաքական չեզոքություն կամ զսպվածություն, ընդ որում՝ թեկնածու առաջարկվելու են հասարակական կազմակերպությունների կողմից»,- ասաց նա: