«ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՐՈՍԸ» ԿԱՐԺԵՆԱ 150 ՄԼՆ ԴՐԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականից սկսած՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը անցկացվում էր ՀՀ անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին։ Միջոցառման շրջանակում համանուն հաղորդաշարի հերոսները պարգեւատրվում էին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության բարձրաստիճան պետական այրերի, մշակութային գործիչների, մարզիկների, հասարակական գործիչների կողմից։

2020 թվականին, ցավոք, այն վերջին անգամ նշվեց սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը. 2022 եւ 2023 թվականներին միջոցառումը կայացել է դեկտեմբերի վերջին օրերին։

Այս տարի ՀՀ վարչապետի աշխատակազմի եւ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի միջեւ կնքվել է միջոցառումների կազմակերպման ծառայությունների պայմանագիր, որը արժեցել է 150 մլն դրամ: Այսինքն՝ մոտ 390 հազար ԱՄՆ դոլար կծախսվի պետբյուջեից «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության կազմակերպման ծառայություններն իրականացնելու համար: Պայմանագիրը կնքվել է հուլիսի 1-ին բաց մրցույթի ընթացակարգով։

Միջոցառումն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տեւելու է 2 ժամ եւ նախատեսված է լինելու 1200 անձի համար։

Միջոցառման ընթացքում բեմադրության ժամանակ բեմի վրա կհայտնվի Անահիտ աստվածուհու հանրահայտ բրոնզե կիսանդրու խոշոր նմանակը, որը, ըստ պայմանագրի, կծառայի որպես անփոխարինելի կտավ՝ միջոցառման պրոեկցիոն հատվածի համար։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքի ձեւավորման համար տրամադրվել է 2,5 մլն դրամ, նախամուտքի կահավորման համար՝ 4,2 մլն դրամ, նախասրահի կահավորման համար տրամադրվել է 6 մլն 650 հազ. դրամ։ 1200 անձի հյուրասիրության արժեքը կազմելու է 6 մլն դրամ։

Միջոցառման շրջանակում նախատեսվում է 2 հաղորդավարներից յուրաքանչյուրին հատկացնել 2 մլն դրամ։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վարձակալությունը կարժենա 5 մլն դրամ։

Միջոցառումը նկարահանվելու է «Հանրային» հեռուստաընկերության կողմից եւ ցուցադրվելու է 2025 թվականի հունվարի 1-ին։ Ամբողջական տեխնիկական հագեցվածությունը կարժենա 25,6 մլն դրամ։

Հայաստանի ձեռքից անկախությունը խլող իշխանություններն անգամ սեպտեմբերի 21-ին որեւէ միջոցառում կազմակերպելու մտադրություն չունեն։ Հենց այս պատճառով 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի՝ Հայաստանի անկախության սպառնալիքների մասին հոխորտանքներից հետո Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած միջոցառման արդեն ավանդական դարձած օրը տեղափոխվեց տարեվերջ. այն Նիկոլ Փաշինյանի, ով հեղափոխական էր եւ ՀՀ արժեքների ու գոյության հիմքը համարում էր անկախությունը եւ ժողովրդավարությունը, սակայն ժամանակը ցույց տվեց, որ հենց նա ՀՀ բոլոր արժեքները դրեց հարցականի տակ:

Իսկ ինչ վերաբերում է մրցույթի հաղթող «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին, ապա նրանց արտոնյալ կարգավիճակի մասին «Հետք»-ը դեռ 2022 թվականին գրել էր, որ, ընդհանուր հաշվով, «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն 2018-2022 թվականներին պետական տարբեր մարմինների հետ կնքել է 14 պայմանագիր, որոնցից 12-ը՝ առանց մրցույթի։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1,5 միլիարդ դրամ։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականի հունիսի 29-ին։ Ընկերությունը հիմնադրել են Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանը, որոնք մինչեւ 2021 թվականի նոյեմբերի 26-ը ունեցել են 50-ական տոկոս բաժնեմաս, սակայն այդ օրվանից մինչեւ հիմա ընկերության 100 տոկոսանոց բաժնեմասը պատկանում է Ռուդիկ Տեր-Գալստյանին, որը զբաղեցնում է նաեւ ընկերության տնօրենի պաշտոնը։

Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանն ընկերներ են։ Տեր-Գալստյանը 2012-2017 թվականներին եղել է «Հանրային» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը, իսկ Վազգեն Պողոսյանը՝ «Հանրայինի» գործադիր պրոդյուսերը։

2021 թվականի դեկտեմբերի 2-ին Վազգեն Պողոսյանը նշանակվել է հանրապետության նախագահի օգնական՝ Արմեն Սարգսյանի օրոք։

Մի խոսքով, «մերժված նախկինները» երիտհեղափոխականների հետ սերտաճել են ու գործում են առավել արտոնյալ պայմաններում:

Հավելենք, որ ընկերությունը կապվում է եւս մեկ անձի հետ. 2022 թվականի հոկտեմբերի 28-31-ը Հայաստանում կայացած «Համաշխարհային հայկական գագաթնաժողովի» համար հատկացվել էր 308 մլն 904 հազար դրամ: Ընդ որում, գագաթնաժողովի կազմակերպումը վերապահված է եղել կրկին «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին, որը, ըստ մամուլի, փոխկապակցված է Երեւանի նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ:

 

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Կարինե Դավոյանը պաշտոնին նշանակվել է 2023 թվականի հունվարի 23-ից, սակայն մինչեւ տվյալ նշանակումը Դավոյանը 1993-1994 թվականներին եղել է Fund for Democracy and Development U.S.A. ժողովրդավարության եւ զարգացման հիմնադրամի Երեւանի գրասենյակի՝ ամերիկյան կառավարության հումանիտար աջակցության շրջանակում իրականացված Winter-Warmth ծրագրի ավագ թարգմանիչ, այնուհետեւ 1994-1995 թվականներին աշխատել է TRADEMCO LTD Հունաստանի խորհրդատվական կազմակերպությունում՝ որպես ԵԽ TACIS ծրագրի Governmental Advice to the Railway Department and Management Training, Armenia ծրագրի հայաստանյան համակարգող, թարգմանիչ. ծրագրի շրջանակում երկու ամիս աշխատել է Աթենքի գրասենյակում: 1993-1995 թվականների զբաղեցրել է Olympia, Inc. (U.S.A.)-ի, Հայաստանի ներկայացուցչության տնօրենի պաշտոնը: Նույն՝ 1995-ից մինչեւ 1997 թվականները Դավոյանը ՀՀ-ում Հունաստանի դեսպանի թարգմանիչն է եղել: 2001-ից 2008 թվականներին նա նաեւ զբաղվել է դասավանդմամբ. Մոսկվայի պետական տուրիզմի եւ սերվիսի համալսարանի Երեւանի մասնաճյուղի ավագ դասախոս է եղել, դասավանդել է անգլերեն, «Մարդու պահանջմունքներ եւ կապ հասարակայնության հետ» (PR) առարկաները: Կարինե Դավոյանը 2013-2018 թվականներիին եղել է Հայաստանի ներգնա տուր օպերատորների միության գործադիր տնօրեն, այնուհետեւ 2018-2019 թվականներին Հայաստանի տուր օպերատորների եւ տուր գործակալների ասոցիացիայի հիմնադիր, իսկ 2019-ից մինչեւ 2023 թվականները՝ «Ալիք մեդիա Հայաստան»-ի միջազգային լուրերի թարգմանիչ: Վարչապետի օգնականը իր անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի մասին հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի ապրիլի 25-ին, որից տեղեկանում ենք, որ նա հաշվետու տարվա սկզբում Երեւանում հայտարարագրել է բնակարան բազմաբնակարան շենքում, որը եղել է ժառանգություն 2015 թվականից: Հաշվետու տարվա վերջում անշարժ գույքը պահպանվել է: Դավոյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել: Նրա բանկային հաշիվների մնացորդը հաշվետու տարվա սկզբում զրոյական վիճակում է եղել, սակայն հաշվետու տարվա վերջում դարձել է 1 մլն 427 հազար դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Կարինե Դավոյանի՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 9 մլն 541 հազար դրամ, որից 8 մլն 972 հազար դրամը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձն է, իսկ 568 հազար դրամը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ստացած կենսաթոշակը:

 

 

 

 

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի քաղաքական ախորժակը կրկին բացվել է. Հայաստանում նա ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջինս Արցախի պատգամավորներին առաջարկել է ստեղծել հատուկ կոմիտե ու ոչ բաց տեքստով ակնարկել է, որ իրեն է պատկերացնում այդ նորաստեղծ կոմիտեի նախագահի պաշտոնում։ Սամվել Բաբայանը արցախցի պաշտոնյաներին ու քաղաքացիներին առաջարկել է համախմբվել իր շուրջ ու մեկ ճակատով հանդես գալ 2026-ին սպասվող հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ։ Նա նաեւ հավաստիացրել է, թե ինքը գիտի բոլոր խնդիրների լուծումները, եւ  իր շուրջ կոնսոլիդացիայի դեպքում՝ կարող է շատ հարցեր լուծել։ Այլ կերպ ասած՝ Սամվել Բաբայանը իրեն պատկերացնում է Հայաստանում տեղահանված արցախցիների առաջնորդ։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում արցախցի պատգամավորները հայտնեցին, որ Բաբայանի առաջարկը մերժվել է արցախցի շատ պատգամավորների կողմից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Արցախի Հանրապետության ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի հետ, ով Սամվել Բաբայանի մտերիմներից է. վերջինս նախ վրդովվեց մեր հնչեցրած հարցից, հետո վստահեցրեց՝ Սամվել Բաբայանի կողմից արված կոմիտե ստեղծելու առաջարկը կապ չունի ընտրությունների հետ, պարզապես տեղահանված արցախցիների խնդիրների լուծման նպատակով է առաջարկվել:

 

 

 

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տառացիորեն կրկնում է այն երեւույթը, ինչից ընդդիմադիր Փաշինյանը բողոքում էր՝ դիտարկելով հիմնական չարիք, այն է՝ ստուգումներ եւ տուգանքներ՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց բիզնեսում։ «Պանտերա սեքյուրիթի» ՍՊԸ ղեկավար Վահե Դարբինյանը համարձակություն ունեցավ հրապարակայնորեն պաշտպանել Բագրատ սրբազանին ե՛ւ ֆիզիկապես (ապահովելով անվտանգությունը) ե՛ւ գաղափարապես` քաջալերելով իշխանափոխությունը։ Արդյունքում, «Պանտերա» պահնորդականում ՊԵԿ-ը իրականացրել է չձեւակերպված աշխատողի հայտնաբերման ստուգում՝ դրա արդյունքում կազմելով 1.5 միլիոն դրամի ակտ։ Ռեպրեսիաներն էլ հո պոզով-պոչով չե՞ն լինում…. Հ.Գ. հավելենք, որ ՀՀ-ում նմանատիպ (պահնորդական) գործունեություն իրականացնող մոտ 100  կազմակերպություններում վերջին ստուգումը եղել է անհիշելի ժամանակներում։

 

 




Լրահոս