Բարեկամության այգում օգոստոսի 25-ին մեկնարկեց «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության նախաձեռնած՝ «Թեւեր-Գյումրի» եռամսյա վերականգնողական ծրագիրը, որը նախատեսված է Արցախից բռնի տեղահանված 4-18 տարեկան երեխաների եւ նրանց ծնողների համար։
Ծրագրի նպատակն է արտթերապիաների, սպորտի եւ ոչ ֆորմալ կրթության միջոցով վերականգնել արցախցի երեխաների ու դեռահասների ֆիզիկական, հոգեբանական եւ մտավոր ռեսուրսները, նպաստել նոր բնակավայրում նրանց ադապտացմանն ու ինտեգրմանը։
Առաջիկա երեք ամիսներին «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը Գյումրու համայնքային կենտրոնի հետ համագործակցությամբ «թեւեր» կտա ավելի քան 40 արցախցի երեխաների եւ նրանց ծնողներին։
Ծրագիրը բաց է նաեւ Շիրակի մարզում ապաստանած շուրջ 4000 արցախցի երեխաների եւ նրանց ընտանիքների համար։
Ծրագրի համակարգող Սոնա Հովհաննիսյանի խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանի կողմից շուրջ 10 ամիս շրջափակման մեջ գտնված եւ պատերազմի ու գաղթի արհավիրքներով անցած արցախցի երեխաները հոգեբանական եւ ֆիզիկական ծանր վիճակում հասան Հայաստան, առաջացավ նախագիծն իրականացնելու գաղափարը։
«Անհրաժեշտ էր արագ միջոցներ ձեռնարկել երեխաներին այդ դժվարին վիճակից հանելու համար։ 2023 թվականի նոյեմբերին սկսեցինք ծրագիրը Դիլիջանում՝ «թեւեր» պարգեւելով 150 երեխայի եւ նրանց ծնողներին։
Իսկ այսօր խորհրդանշական է «Թեւեր-Գյումրի» ծրագրի մեկնարկն ազդարարել Գյումրու Բարեկամության այգում, որը վերակառուցվում է մեր կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ։ Ու թեպետ Ռուբենն այսօր անօրեն կերպով պահվում է Բաքվի բանտում, նրա բարեգործական առաքելությունը շարունակվում է՝ հույս եւ լույս պարգեւելով հարյուրավոր մարդկանց։
Առաջիկայում նախատեսում ենք ծրագիրը սկսել Սյունիքում։ Մեր նպատակն է «Թեւեր»-ը հասանելի դարձնել Հայաստանում գտնվող բոլոր արցախցիներին»,- նշում է Սոնա Հովհաննիսյանը։
Ծրագիրն առաջարկում է նաեւ ընտանիքների հոգեբանական ապաքինում՝ անհատական եւ խմբակային թերապիաների օգնությամբ, ինչպես նաեւ սոցիալական ինտեգրում ու նոր բնակավայրի հետ ծանոթություն՝ ճանաչողական էքսկուրսիաների միջոցով։
«Թեւեր-Գյումրի» ծրագրի բացմանը մասնակիցները բացահայտեցին Գյումրու եւ Արցախի բակային խաղերը, շփվեցին միմյանց հետ իրենց բարբառներով, ծանոթացան Գյումրու պատմամշակութային հուշարձաններին՝ գունազարդելով քաղաքի քարտեզը եւ լսելով գյումրեցի երեխանների պատմությունները։
«Թեւեր» վերականգնողական ծրագիրն իրականացվում է «Սատար Արցախին» միության եւ «ԴԱՐ» բարեգործական կազմակերպության աջակցությամբ ։
«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը հիմնադրել են Ռուբեն Վարդանյանը եւ նրա գործընկերները։ Կազմակերպությունը 2023 թվականին Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին օգնում է վերականգնվել եւ հզորանալ Հայաստանում։
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՍԿԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ Է ՎԱՃԱՌՎՈՒՄ
Ոսկու համաշխարհային շուկայում ոսկու գինը բավականին թանկացել է, ինչն էլ իր հետեւանքներն է ունեցել շուկայում։
Բանն այն է, որ ոսկու համաշխարհային թանկացումն անգամ նպաստել է, որ Հայաստանի ոսկու շուկայում էլ զարդերը թանկանան։
«Ժողովուրդ» օրաթերթը ոսկու շուկայում զրուցել է Հարություն Հարությունյանի հետ, ով ոսկու արտադրող է եւ վաճառում է իր իսկ արտադրած ոսկյա զարդերը։
Մեզ հետ զրույցում վերջինս ասաց, որ հումքի թանկանալն արդեն ազդում է, որ ապրանքը գնեն, իսկ հիմա էլ, երբ վաճառողը կրկնակի գումար է ներդնում իր բիզնեսում, եկամուտը մնում է նույնը։
Նա նշել է, որ այս տարի, ի տարբերություն նախորդի, ամառային սեզոնին, երբ առիթները շատ են լինում, ոսկու վաճառքը ավելի թույլ է եղել:
Նա նաեւ անդրադարձել է զբոսաշրջիկների կողմից ոսկու սպառմանը եւ նշել, որ այցելուները նախընտրում են ռեստորաններում եւ կաֆեներում գումար ծախսել, քան ոսկի գնել:
Հարություն Հարությունյանը նշել է նաեւ, որ շուկայում թուրքական ոսկին ավելի լավ է սպառվում, քանի որ ծավալուն զարդերն ավելի թեթեւ են, քան տեղական արտադրանքի դեպքում :
Հավելենք, որ վերջին երկու տարիներին Հայաստանից ոսկու ռեկորդային արտահանման թվեր է ներկայացնում վիճակագրական կոմիտեն՝ չնայած նրան, որ Հայաստանում չեն գործում Քաջարանի եւ Սոթքի ոսկու հանքերը:
Արտահանման բարձր թիվը պայմանավորված է Ռուսաստանից Հայաստան ներկրվող, ապա արտահանվող ոսկու քանակով:
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունը համարվում է դեպի Հայաստան բերվող ոսկու առաջնային աղբյուր:
Հայաստանյան շուկայում մրցակցային են համարվում թուրքական եւ շվեցարական ոսկին:
ՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԸ ՓԼՈՒԶՎԵԼ Է ՄԵՔԵՆԱՅԻ ՎՐԱ
Օգոստոսի 25-ին՝ ժամը 21:37-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ղափանցյան փողոցում կիսակառույց շինության պատը քամուց փլուզվել է եւ ընկել ավտոմեքենայի վրա, ավտոմեքենայում կա քաղաքացի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ կիսակառույց շինության պատը փլուզվել է Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վրա։
Փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի (ծնված 1991 թ.):
Փրկարարները ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ սահմանազատել են տարածքը։
Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։
ՀՐԴԵՀԱՎՏԱՆԳ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ Է
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան:
ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԽԱԽՏԵԼ ԵՆ ԺԱՄԿԵՏԸ
Գանձաքար-Իծաքար հանրապետական նշանակության 35 կմ ավտոճանապարհի հիմնանորոգումը սկսվեց 2022 թ.-ին, շինարարությունը նախատեսվում էր ավարտել 2023թ.-ի սեպտեմբերին: Աշխատանքներն իրականացնում էր «Խաչհար» ՍՊԸ-ն։ 2022թ.-ին ընկերությունը ճանապարհի 6 կիլոմետրանոց հատվածում թույլ գրունտի վրա ասֆալտապատում էր կատարել, ասֆալտը քանդվել էր, ընկերությունը այդ հատվածում նորից էր ասֆալտապատում արել։ Պայմանագրի ժամկետները խախտվել են, կառավարությունը խզել է «Խաչհար» ընկերության հետ պայմանագիրը եւ նշված ճանապարհի կառուցապատման համար նոր մրցույթ է հայտարարել։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել ենք` ներկայումս ո՞ր կազմակերպությունն է իրականացնում այդ ճանապարհի կառուցապատումը, աշխատանքների քանի՞ տոկոսն է արված, ե՞րբ շահագործման կհանձնվի կարեւոր այդ ավտոճանապարհը։ Մարզպետարանից պատասխանել են. «Գանձաքար- Իծաքար ավտոճանապարհի կառուցապատումը իրականացվում է «Էկո բիլդինգ» շինարարական կազմակերպության կողմից, որն իրականացրել է Իծաքար-Հախում գետի հատվածի հողային աշխատանքները, ճանապարհի կառուցապատման ավարտի վերաբերյալ դիմեք կապալառու կազմակերպությանը»։ Գանձաքար-Իծաքար ճանապարհի կառուցման նոր ժամկետ էր սահմանվել 250 օրը, այսինքն՝ 2024 թ.-ին ճանապարհը պետք է շահագործման հանձնվեր։ Օրերս Նիկոլ Փաշինյանը Տավուշ այցի ընթացքում ծանոթացել է Գանձաքար-Իծաքար ճանապարհի հիմնանորոգման ընթացքին։ Կառավարությունը հայտնել է ,որ այդ ճանապարհի հիմնանորոգման, այդ թվում՝ Հախում գետի վրա նոր կամրջի կառուցման համար ընդհանուր հատկացվել է 4,2 միլիարդ դրամ, ճանապարհի շահագործման ժամկետ է նշվել` 2025թվականը։ Նորից խախտեցին ճանապարհի շահագործման ժամկետը. ի սկզբանե նախատեսվում էր գործարկել 2023-ի սեպտեմբերին, հիմա գործարկման ժամկետ են սահմանել 2025 թվականը։
ՈՒՄ ՀԵՏ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացել ենք, որ Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը իրականացնում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։ Հիմնադրամից նաեւ հայտնել են. «Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհահատվածի հիմնանորոգումը իրականացնում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն՝ 642 000 0000 ՀՀ դրամ պայմանագրային արժեքով, աշխատանքների ավարտը նախատեսվում է սույն թվականի նոյեմբերին»։ «Ճանապարհ» ՍՊԸ-ն պատկանում է Լինսի հիմնադրամի ճանապարհաշինության ծրագրի ղեկավար Էդվարդ Բեզոյանին։ Ամենայն հավանականությամբ՝ Կիրանցի նոր ճանապարհի , Կիրանց-Աճարկուտ, Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհների կառուցապատողը որոշվել է առանց մրցույթների, հրատապության կարգով։ Նիկոլ Փաշինյանը, ով իր խոսքերով` ասֆալտ շատ է սիրում, ասֆալտապատման գործով սերտ աշխատում է «ամենանախկին» Բեզոյանի հետ։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ