ՄԱՅՐ ԱԹՈՌԸ ԵՐԿՄՏՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանին Մայր աթոռից հրավեր չեն ուղարկել Մայր տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության արարողություններին մասնակցելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ սեպտեմբերի 28-29-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենան Մայր տաճարի վերաօծումը եւ սրբալույս Մյուռոնի օրհնությունը։

Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ՝ Մայր Աթոռում պատրաստվում են այս կարեւոր իրադարձություններին, քանի որ մտադիր են հավուր պատշաճի եւ մեծ շուքով կազմակերպել ծիսակատարությունները։

Ի թիվս շատ հյուրերի՝ Ամենայն հայոց կաթողիկոսը 1500 սփյուռքահայերի է հրավիրել արարողակարգին մասնակցելու համար։

Իշխանություն-եկեղեցի լարված հարաբերությունների ֆոնին՝ Մայր Աթոռում երկմտում են՝ հրավիրե՞լ ՀՀ իշխանություններին Մայր տաճարի վերաօծմանը, թե՞ ոչ, կամ արդյո՞ք հրավերի դեպքում նրանք կգան։

«Ժողովուրդ» օրաթերթին վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ վարչապետի աշխատակազմը Մայր Աթոռից դեռ պաշտոնական հրավեր չի ստացել վերաօծման եւ Մյուռոնօրհնության արարողություններին մասնակցելու համար:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, դեռ 2018 թվականից սկսած, մարտահրավեր է նետել Հայ առաքելական եկեղեցուն. թե՛ Փաշինյանը, թե՛ մյուս ՔՊ-ականները ամենաբարձր ամբիոններից թիրախավորում են Ամենայն հայոց կաթողիկոսին, մյուս եկեղեցականներին, իրենց կողմնակիցների ձեռամբ ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով կաթողիկոսի հրաժարականը։

ՔՊ-ականների «վրեժխնդրությունն» այն աստիճանի է հասել, որ որոշել են հիմա էլ եկեղեցու գույքը հարկելու նախագիծ մշակել եւ այդ ուղղությամբ են աշխատում:

 

 

 

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործը հակակոռուպցիոն դատարանի վերջնական փուլում է. առաջիկայում ճառով հանդես է գալու մեղադրող դատախազը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Ռուբեն Վարդազարյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ հարցաքննության հրավիրելու ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանին, նախկին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ այլ անձանց, սակայն դատարանը մերժել է` պատճառաբանելով, թե նրանք մեղադրանքի հետ կապ չունեն: Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Վարդազարյանը, ըստ մեղադրանքի, 2019 թվականի հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող, միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը: Ըստ Սիմոնյանի հաղորդման՝ Վարդազարյանը «ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով է իրեն դիմել: Աբգարյանը մեղադրվում է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաեւ սպանության գործով իր օգտին գործողություններ կատարելու եւ կաշառք տալու համար. գործով առկա է նաեւ ձայնագրություն: Ըստ մեղադրանքի՝ Ռուբեն Վարդազարյանը Signal հավելվածի միջոցով կապ է հաստատել Անդրանիկ Սիմոնյանի հետ եւ վերջինիցս պահանջել (խնդրանքի եղանակով) փոխել Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը։ Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Հիշեցնենք, որ խոսքը նույն Անդրանիկ Սիմոնյանի մասին է, որը այս գործից հետո նոր պաշտոն ստացավ՝ դառնալով ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրենի տեղակալ:

 

 

 

 

Քաղաքական իշխանությունների օրակարգում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հեռացման հարցն է դրված. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դեռեւս անցած ամիս են ցանկացել «ազատվել» նրանից, սակայն չեն կարողանում համապատասխան փոխարինող  գտնել: Իսկ ինչի՞ց է դժգոհ քաղաքական իշխանությունը. բանն այն է, որ Կարեն Անդրեասյանը ընդդիմանում է քաղաքական իշխանությունների որոշ պահանջներ կատարել, բացատրում է, որ «այդպես չի կարելի», չի կարող այս կամ այն հրահանգը իրականացնել, ինչն էլ, իհարկե, քաղաքական իշխանությունների սրտով չէ, եւ նոր պրոբլեմ է դարձել նրանց համար: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Կարեն Անդրեասյանից մեկնաբանություն ստանալ տեղեկության վերաբերյալ, մեզ պատասխանեցին ԲԴԽ-ից՝ հայտնելով. «Բամբասանքներն ու փողոցային ասեկոսեները անհարմար է ոչ միայն մեկնաբանելը, այլ նույնիսկ հրապարակելը»:

 

 

 

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը քննում է ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանի գործը, որի տրամաբանական ավարտը պետք է լինի դատական ակտի տեսքով՝ կա՛մ Հրայր Թովմասյանը մեղավոր է, կա՛մ ոչ. սակայն արդեն 4.5 տարի է գործը շարունակվում է: Նշենք, որ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը իր անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի մասին հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 30-ին: Հետաքրքիրն այն է, որ զբաղվելով նման ակտիվ գործունեությամբ՝ նա չի հայտարարագրել ո՛չ անշարժ գույք, ո՛չ էլ տրանսպորտային միջոց: Գրիգորյանի բանկային հաշիվների մնացորդը տարվա սկզբում եղել է զրոյական վիճակում, իսկ տարվա վերջում դարձել է 179.000 դրամ: Նրա՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 11 մլն 911 հազար դրամ, որից 10 մլն 836 հազար դրամը ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտն է, 1 մլն 75 հազար դրամը՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ից ստացված փոխառությունների (վարկեր) գումարը: Տաթեւիկ Գրիգորյանի՝ ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 900 հազար դրամ: Հիշեցնենք նաեւ, որ 2020 թվականին կրակել էին Երեւանի ընդհանուր իրավասության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին։

 




Լրահոս