ԳՈՐԾԱՐԿԵԼ Է ԹՎԱՅԻՆ ՔՐԵԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹՐԵՅՆԻՆԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կասպերսկի» ընկերության տեղեկատվական անվտանգության փորձագետների առցանց թրեյնինգների պորտֆոլիոյում (Kaspersky Expert Training) հայտնվել է նոր ծրագիր՝ Windows digital forensics («Թվային քրեագիտություն Windows- ում»): Դրա օգնությամբ կարելի է զարգացնել թվային հանցանշանների հայտնաբերման, մշակման եւ վերլուծության հմտությունները։ Այն հարմար է ինչպես կազմակերպություններին, որոնք ձգտում են բարձրացնել միջադեպերին արձագանքման իրենց թիմերի որակավորումը, այնպես էլ տեղեկատվական անվտանգության առանձին փորձագետներին, որոնք ցանկանում են ընդլայնել իրենց իրավասությունները: Դասընթացը հասանելի է անգլերենով՝ ամբողջ աշխարհի մասնագետների համար:

 

«Կասպերսկի»-ի միջադեպերին արձագանքման թիմի տվյալներով՝ 2023-ին մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդ (21,8%) կիբեռհարձակումը տեւել է ավելի քան մեկ ամիս։ Հայտնաբերման եւ արձագանքման ժամանակը կրճատելու համար ՏԱ մասնագետներին անհրաժեշտ են հմտություններ, որոնք նրանք կարող են ձեռք բերել «Կասպերսկի»-ի նոր թրենինգի շնորհիվ: Դրա շրջանակներում կսովորեցնեն հավաքել թվային ապացույցներ, հայտնաբերել վնասաբեր գործունեության հետքեր, օգտագործել Windows-ում արտեֆակտների ժամանակային նիշեր՝ միջադեպերի սցենարները վերակառուցելու համար, վերլուծել բրաուզերի եւ էլեկտրոնային փոստի պատմությունը։ Մասնագետները կկարողանան նաեւ գործնական հմտություններ ձեռք բերել. դրա համար նախատեսված են պարապմունքներ մեկուսացված միջավայրում: Թրեյնինգն անցած մասնակիցները կկարողանան որոշել միջադեպերի մասշտաբները, հավաքել ապացուցողական բազա, վերլուծել լոգերը, ցանցային տրաֆիկը եւ օպերատիվ հիշողությունը, ստեղծել կոտրանքի ինդիկատորներ (Indicators of Compromise եւ IoC). «Ընկերությունները պետք է նախապես պատրաստվեն հնարավոր միջադեպերին՝ կիբեռգրոհների նկատմամբ դիմակայուն մնալու համար: Դրա համար անհրաժեշտ է կենտրոնացված կառավարել լոգերը եւ պահպանել դրանք երկար ժամանակ։ Պետք է նաեւ պաշտպանել դրանք հնարավոր միջամտությունից, չարտոնված հասանելիությունից եւ պատահական կորստից: Կազմակերպությունները պետք է կարողանան անհրաժեշտության դեպքում փորձաքննություն անցկացնել: Մեր նոր թրեյնինգը թույլ է տալիս համոզվել, որ թվային քրեագիտությունը միջադեպերին արձագանքման գործընթացի կարեւոր մասն է, եւ ձեռք բերել գիտելիքներ, որոնք կօգնեն ավելի արագ հաղթահարել կիբեռգրոհները եւ զսպել դրանք, վերականգնել ընկերության ենթակառուցվածքը գրոհից հետո եւ նվազագույնի հասցնել հետեւանքները»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության համակարգչային միջադեպերին արձագանքման եւ հետազոտման խմբի ղեկավար Այման Շաաբանը (Ayman Shaaban), ով մշակել է թրեյնինգի ծրագիրը:

 

 

 

Wildberries-Ի ՀԵՐԹԱԿԱՆ «ԱՆԱԿՆԿԱԼԸ»

Wildberries առեւտրային օնլայն հարթակը հերթական անգամ չի դադարում անակնկալներ մատուցել ցանցից օգտվողներին, սակայն ոչ միայն լավ անակնկալներ, այլեւ վատ։

«Ժողովուրդ» օրաթերթին քաղաքացիները ահազանգել են, որ վաճառվող ապրանքը զեղչված արժեքով՝ բավականին մատչելի է վաճառվում, սակայն վճարումներ անելուց հետո՝ ապրանքը տեւական ժամանակ իրենց չի հասնում։

Ահազանգած քաղաքացու խոսքով՝ օգոստոսի 6-ից մինչ օրս իրեն չի հասել իր գնած ապրանքը, որի համար վճարել է, իսկ խնդրի մասին բարձրաձայնելուց հետո էլ սպառիչ պատասխան չի ստանում։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

 

ԳՐԱՆՑՎԵԼ ԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 2-ի դրությամբ էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայություն մատուցող 20 հազար քաղաքացի պարզեցված ընթացակարգով արդեն իսկ գրանցվել է հարկային մարմնում։

Էլեկտրոնային հարթակների միջոցով՝ կանխիկ եւ անկանխիկ գործարքներով, վերջին տվյալներով 10 հազար վարորդի կողմից գեներացվել է շուրջ 150 հազար էլեկտրոնային ՀԴՄ կտրոն՝ մոտ 192 մլն դրամի չափով։

Տաքսի ծառայություն մատուցող անհատ վարորդների համար ՊԵԿ-ը մշակել է My tax բջջային հավելվածը։ Այն մշակված է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերի համար եւ ներբեռնելիս պետք է փնտրել My tax Armenia անվանումով։

Հավելվածը բավականին պարզ է եւ հեշտ կիրառելի:

iOS օպերացիոն համակարգերի համար նախատեսված հավելվածն արդեն հասանելի է Apple App Store-ում՝ https://apps.apple.com/am/app/my-tax-armenia/id6633438781, իսկ Android-ի համար հավելվածը գտնվում է հաստատման փուլում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայությունների ոլորտում գործող նոր կարգավորումների համաձայն՝ ՀՀ տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, որոնք անհատ ձեռնարկատեր են կամ ֆիզիկական անձ, որոնք միացել են ՊԵԿ համակարգին եւ տրամադրում են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։

 

 

ԱՆԽՆԱ ՀԱՏՈՒՄ ԵՆ ՍԵՎՔԱՐԻ ԱՆՏԱՌՆԵՐԸ

Իջեւան համայնքի Սեւքար գյուղից հայտնում են, որ գյուղում գործում են անտառահատման բրիգադներ, որոնք ամեն օր անտառ են գնում՝ ինչպես մշտական աշխատանքի վայր։ Այդ բրիգադներում աշխատելու համար տեղացի բանվորներին օրական վճարում են 15 հազար դրամ, եթե նրանք փայտով բարձում ե ն «ԳԱԶ-66»  բեռնատար, 20 հազար դրամ, եթե բարձում են «ԿԱՄԱԶ» կամ  «ԶԻԼ-131» բեռնատար։ Այդ բրիգադները ամիսներով աշխատում են՝ անխնա հատելով անտառը։ Անտառի հատումը կատարվում է իշխանության հետ կապվածների հովանու ներքո։ 2023 թվականին հայտնել ենք, որ Սեւքարի անտառատնտեսության փոխտնօրեն Անահիտ Հովսեփյանը, ով պայքարում էր ապօրինի հատումների դեմ, փայտի գործով զբաղվող Սեւքարի բնակիչն անտառտնտեսության շենքի մոտ ծեծի է ենթարկել։ Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, իբրեւ թե պայքարում էր անտառհատումների դեմ: Իջեւանում ասում են, որ  իրականում այդ պայքարը ուներ անտառահատումներով զբաղվողներին այդ գործից հանելու, այդ խիստ շահութաբեր բիզնեսը յուրայիններին հանձնելու նպատակ։  5 տարի առաջ՝ 2019թ. հուլիսին, ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ 2019 թվականի հուլիսի 17-ին մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու նպատակով, Իջեւան քաղաքում փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը բղավել, հայհոյել են, վնասել նշված խաչմերուկում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի թիթեղյա ծածկը, գործադրել բռնություն, որպես զենք օգտագործվող առարկաների՝ քարերի եւ մահակների գործադրմամբ, մարմնական վնասվածքներ են պատճառել ոստիկանության մի շարք աշխատակիցների։ Հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էր 13 անձ, եւս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն՝ չհեռանալու մասին: 2020 թ. հոկտեմբերի 28-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է վերոհիշյալ դեպքերի մասնակից, Իջեւան համայնքի 20 բնակչի դատավարությունը։ Նրանց հոդվածը փոխվել, մեղմացվել է, նրանք բոլորը դատվում են քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»։ Գրեթե 4 տարի, ձգձգելով, անշտապ շարունակվում է այդ դատը. վերջին նիստն այս տարվա մայիսի 14-ին է եղել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս