ArmLur.am-ն ԱԺ-ում զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հետ։
-Պարո՛ն Քոչարյան, վերջին շրջանում մամուլում շատ են տարածվում տեղեկություններ, որ իշխանական պատգամավորները խիստ պատրաստված են նոր նստաշրջանին եւ պատրաստվում են ամեն կերպ զսպել, ճնշումներ գործադրել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ, ովքեր ավելի շատ են ընդվզում. չի բացառվում նաեւ, որ ընդհուպ կալանավորումների կգնան: Ի՞նչ կասեք այս մասին, քանի որ Ձեր անունը նույնպես շրջանառվում է այդ համատեքստում, ունե՞ք տեղեկություններ դրա վերաբերյալ:
-Չգիտեմ՝ որքանով է ճիշտ այդ հարցն ինձ տալը՝ հաշվի առնելով 2018 թվականից հետո մեր դեմ տեղի ունեցած զարգացումները, ապօրինությունները, «կարված» քրեական գործերը: Մինչեւ այժմ ինձ վրա կա քրեական գործ՝ գրեթե բոլորին հայտնի ոստիկանների դեպքը, երբ նրանք ինձ խոշտանգել են, բայց հետո այլ պատկերով է գործն ուղարկվել դատարան: Նիստերը դեռ շարունակվում են. դրանք, իհարկե, կրկես են հիշեցնում: Նմանատիպ «կարված» քրգործեր կան նաեւ իմ շատ գործընկերների հանդեպ, սակայն, իհարկե, այս ամենը նորություն չէ, եւ դեռ նման դեպքերն ավելանալու են, քանզի տուժողները որքան մարսում են այդ արհեստական դեպքերը, այնքան իշխանությունն ավելի բացահայտ դրսեւորումներով է գործում:
-Իսկ ընդդիմությունը ի՞նչ է անում՝ որպես հակազդեցություն Ձեր նշածներին:
-Ունեցանք դեպքեր, երբ մարդիկ տեղի տվեցին ճնշումներին: Եթե մարդը հասկանում է, որ չի կարող պայքարին դիմակայել, ավելի ազնիվ է մանդատը դնել եւ դուրս գալ, անկեղծ ասել, որ ճնշումներին չի կարողանում դիմանալ, սա ընդունելի է եւ ազնիվ. սակայն մեծամասնությունը վճռական է տրամադրված, ամեն բռնաճնշում մարդկանց ավելի է դրդում վճռական քայլերի, իսկ իմ համոզմունքն այն է, որ քանի այս իշխանությունները կան, վերոնշյալ ճնշումներն անխուսափելի են:
-Պարո՛ն Քոչարյան, մեր հանրությունը որքան որ դժգոհ է իշխանությունից, նրա վարած քաղաքականությունից, նույնքան էլ դժգոհ է ընդդիմությունից, որին մանդատ է տվել, ուղարկել խորհրդարան, բայց ընդդիմությունն այդպես էլ չի կարողանում իր վերջնական նպատակին հասնել. խոսքը իշխանության հեռացման մասին է: Ի՞նչ կասեք այս ամենի վերաբերյալ, ինչո՞ւ ընդդիմությունը չի հաջողում, եւ հնարավո՞ր է՝ ինչ-որ մի փուլում քննարկեք մանդատ վայր դնելու հարցը:
-Ընդդիմության գործունեության, սխալների, օբյեկտիվության հետ կապված շատ երկար կարելի է խոսել: Սխալներ իհարկե, կան, ես ինքս, ընդհանուր առմամբ, գոհ չեմ մեզնից, քանի դեռ, ինչպես ասում եք, մեր նպատակին չենք հասել: Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին՝ մենք մասնակցել ենք ոչ թե խորհրդարանական ընդդիմություն լինելու համար, այլ իշխանության հասնելու եւ դրա միջոցով՝ խնդիրներ լուծելու, բայց ունեցանք այն, ինչ ունեցանք, դրա պատճառների մասին այժմ չխոսենք: Գուցե ինչ-որ գործողություններ սխալ են արվել, ինչ-որ քայլեր՝ ճիշտ, բայց, հավատացնում եմ, այն, ինչ արվում է, անկեղծ է արվում. գուցե ինչ-որ մի մաս համաձայն է, որ մենք խորհրդարանում լինենք, մեկ այլ հատված ուրիշ կարծիք ունի, բայց, ընդհանուր առմամբ, քանի դեռ մեր վերջնական նպատակը չի լուծվել, նշանակում է՝ բավական արդյունավետ չենք աշխատել: Պարզապես ընդդիմությունը, հատկապես Արցախի կորստից հետո, եղել է, այսպես ասած, ուրիշ ռեժիմի մեջ, քանի որ գիտակցել ենք մոտեցող արհավիրքները, տնտեսական խնդիրները: Իհարկե, մենք շատ անելիք ունենք, բայց, բարեբախտաբար, կան պատգամավորներ, որոնք ինտենսիվորեն աշխատում են առաջադրված հարցերով:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍ Է ԽԼՈՒՄ
2018 թվականի օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք երաշխավորում ենք ներդրումների անձեռնմխելիությունը: Ես ուզում եմ ասել, որ ՀՀ-ում բիզնեսով զբաղվող որեւէ մեկն անհանգստանալու որեւէ բան չունի: Ոչ մեկի ձեռքից ոչ մի բիզնես չի խլվելու, ոչ մի գործարան եւ ունեցվածք չի խլվելու…»:
Այս հայտարարությունից ընդամենը երկու օր առաջ՝ 2018թ. օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը, ՊԵԿ-ը, դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտավ Հարավկովկասյան երկաթուղի ընկերություն։ Փաստաթղթեր առգրավվեցին։ Թե ինչեր հայտնաբերեցին, ինչու էին դիմել այդ քայլին, անհասկանալի մնաց։ Սա ուղիղ միջամտություն էր բիզնեսին:
Հաջորդ ներդրումը, որը ենթարկվեց իշխանական գրոհի, այնուհետեւ խլվեց, «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունն էր, որի տնօրենը մի քանի անգամ կալանավորվեց։ Արդյունքում ընկերությունը փակվեց, ոլորտն անցավ կառավարության տնօրինմանը, տեսախցիկներն ու արագաչափերն էլ ավելացան:
Նույն ճակատագրին արժանացավ նաեւ աղբահանությամբ զբաղվող օտարերկրյա ներդրումներով աշխատող «Սանիտեկ» ընկերությունը: Ընկերությունը պարզապես փակվեց, նրա ձեռքից վերցվեց աղբատարության գործը եւ տրվեց Երեւան համայնքին։ «Սանիտեկը» դիմեց միջազգային արբիտրաժային դատարան։
«Ներդրումների անձեռնմխելիություն» խոստմանն անդրադառնալիս բազմաթիվ օրինակներից հիշենք եւս մեկը՝ «Լիդիան» ընկերությունը, որը Հայաստանի հանքարդյունաբերության ամենաաղմկոտ ու ամենաքննադատված նախագծերից մեկն է՝ Ամուլսարի ոսկու հանքով։ Հանքը արդեն պատրաստ էր շահագործման, երբ Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցավ։ Դրանից հետո մի քանի հոգի պարզապես փակեցին հանքի ճանապարհը՝ ստանալով Նիկոլ Փաշինյանի աջակցությունը, որը խոստացել էր շահագործման ազդեցության վերաբերյալ նոր փորձաքննություններ անել։ Պետությունը հատկացրեց ավելի քան 600 հազար դոլար, նոր փորձաքննություններ անցկացրեց, սակայն որեւէ խոչընդոտ չհայտնաբերեց, որը հիմք կտար՝ հանքի շահագործումը կանխելու։ Այս ընթացքում ներդրողը կորցրեց միլիոնավոր դոլարներ, շուրջ 2 հազար անձ զրկվեց աշխատանքից: 5 տարվա քաշքշուկից հետո՝ 2023 թ. փետրվարին, որոշվեց, որ հանքը կաշխատի։ Փոխարենը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ կառավարությունն անհատույց ստանալու է «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12.5%-ը: Այսինքն՝ կառավարությունը դառնում է «փայատեր» այս ընկերությունում: Առայժմ հայտնի չէ՝ ինչու՞ կամ ինչի՞ դիմաց է ընկերությունը բաժնեմասեր նվիրել կառավարությանը:
Նմանօրինակ «առեղծվածային» ճանապարհով կառավարությունը «փայատեր» դարձավ նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում: Մինչ այդ, դիմակավորված անձինք մտել էին նաեւ այս հաստատություն, եղան կալանավորումներ։ Տեղի ունեցավ, ըստ երեւույթին, բիզնեսի վերաբաշխում. գործադիրը «փայ» է մտնում բիզնեսներին, ինչը նշանակում է, որ տարիներ առաջ տված խոստումը սուտ էր։
16 ՀՈԴՎԱԾԻՑ 13-Ը ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵԼ Է
«Խաղաղության համաձայնագրի այն տեքստը, որն առաջարկել ենք, ամբողջապես համաձայնեցված տեքստ է։ Ըստ էության՝ ստացվում է տեխնիկապես, որ ամբողջ տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է«, – ԱԳՆ-ում Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Այլեւս անհամաձայնություն չունենք, այլ բան է, որ երբեմն ադրբեջանական կողմն այլ նախապայմաններ է փորձում ներառել ընդհանուր բանակցային գործընթաց։ Մեր մոտեցումն այն է, որ մենք օր առաջ կարող ենք արդեն համաձայնեցված տեքստը ստորագրել», – ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարն ասաց, որ այս պահին տեխնիկապես կա 16 հոդված, որոնցից 13-ն ամբողջապես համաձայնեցված են, 3-ը՝ մասնակի համաձայնեցված։
ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՆԵՐԱՌՎԱԾ ՉԷ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ
Գերիների հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրի մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Գերիների հետ կապված բանակցություններն ու խոսակցությունները կան բոլոր ֆորմատներում, բոլոր հնարավոր տեղերում»,- ասաց նա։ Սիմոնյանի խոսքով՝ գերիների հարցը ներառված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որտեղ Ռուսաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են ապահովել գերիների ու պահվող այլ անձանց վերադարձը։
«Բայց չեն կատարում»,- ամփոփեց նա։
ԿԶՐԿՎԵՆ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է ավագանիում միանձնյա ղեկավարում իրականացնել եւ ձերբազատվել անդամներից։ Այս հարցում նրանց հերթական անգամ «օգնության է հասել» նաեւ «Հանրային ձայն»-ը։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօրվա ավագանու նիստի օրակարգում ընդդիմադիր 3 անդամների մանդատից զրկելու հարց է դրված։ Այսպիսով՝ ավագանու ՔՊ խմբակցության անդամ Մարատ Թոխյանը «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանին մանդատից զրկելու նախագիծ է բերել օրակարգ։
Մանդատից զրկելու հիմնավորում որպես՝ բերվում է, որ նա մեկ նստաշրջանի ընթացքում բացակայել է հանձնաժողովի նիստերի կեսից: Ավագանու անկախ անդամներ Անույշ Խուդավերդյանին ու Անուշ Գինոսյանին մանդատից զրկելու հարցը նույնպես ավագանու օրակարգում է լինելու։ Նրանց հեռացնելու նախագիծ է ներկայացրել ընդդիմադիր հանդես եկող, բայց ՔՊ-ի ցանկությունները լուռումունջ կատարող «Հանրային ձայն» խմբակցությունը, որի ցուցակով էլ նրանք ընտրվել էին:
Հիշեցնենք, որ 2024 թ. փետրվարին էլ ավագանու 3 անդամները՝ «Ազգային առաջընթաց»-ից Հայկ Մարությանը, «Մայր Հայաստան»-ից Նարինե Հայրապետյանը եւ Սոնա Աղեկյանը զրկվեցին մանդատներից։