ՄԻ ՔԱՆԻ ՕՐ, ՈՐ «ԴԱՐ» ԵՆ ԹՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քվորումի ակնհայտ բացակայությունը վերջին մի քանի օրերին առանձնահատուկ քաղաքական աստառ է ստացել: Հարցը դրվում է այսպես. խորհրդարանում քվորումի բացակայություն «մինչեւ հովիկաբրահամյանական հրաժարականի դարաշրջան» եւ «հովիկաբրահամյանական հրաժարականի դարաշրջանից հետո»:
Քաղաքական կուլիսներում երեկ անգամ խոսվում էր, որ սույն հարցը քննարկվել է նախագահականում, այն համատեքստում, որ արդյո՞ք սա սաբոտաժ է, թե՞ պարզապես իրերի բերումով այնպես է ստացվել, որ ԱԺ նախագահ գրեթե չունեցող խորհրդարանում քվորումը չի ապահովվում. Հովիկ Աբրահամյանը սիրտ ու հավես չունի, ԱԺ նախագահի նոր պոտենցիալ թեկնածուն` Սամվել Նիկոյանը, հասկանալի պատճառներով՝ նույնպես, իսկ ԲՀԿ-ական փոխխոսնակ Սամվել Բալասանյանն էլ  չի՞ կարողանում, թե՞ չի ուզում:  Երեկ  այս մասին փորձեցինք պատասխան ստանալ նախագահականից, բայց ապարդյուն:
Ամեն դեպքում, լուրջ ճաքեր տված երբեմնի մոնոլիտ քաղաքական մեծամասնության մի` սերժսարգսյանական թեւը պատահական ոչինչ չի տեսնում անգամ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հիշեցումներում, որ ԱԺ նախագահի հրաժարականից հետո քվորում չկա: «Դե թող ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ապահովի քվորում»,-լսեցինք նաեւ այսպիսի փաստարկ ու հիշեցումներ, որ Աբրահամյանի «վերջին ամիսներին» էլ առանձնապես քվորում չկար, ուղղակի այն ժամանակ «Ժառանգություն»-ն ու ՀՅԴ-ն սեփական քարոզչության համար օգտվում էին դահլիճի դատարկությունից ու իրենցով լցնում այն, հիմա` ոչ:   
Մյուս կողմից ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքին, թե ինչու նման խնդրի առաջ կանգնած Հանրապետականին հաջողվում էր քվեարկությունների եւ քննարկումների համար դրսից խորհրդարան բերել պատգամավորներին, հիմա` ոչ:  Նույնիսկ դեպքեր էին լինում, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության գործավարուհիների զանգերով հապշտապ եկածները գալիս էին թաց մազերով, ակնհայտորեն սաունաներից կամ լողավազաններից: «Չե՞ն կարողանում, թե՞ չեն ցանկանում` հաշվի առնելով, որ էլ «երեսատեղ» չկա»,-«հանդիպակաց» հարց տրվեց: Սա հատկապես վերաբերում է ՀՀԿ-ի գործարար թեւին, որը նեղացած է հավաստիացումներից, թե գործարարները հաջորդ գումարման խորհրդարանում էլ չեն լինելու:
Ամեն դեպքում, հերթական վերջին քառօրյայի վերջին օրվա երկրորդ կեսն ակնհայտորեն զավեշտի էր վերածվել, երբ հիմնական զեկուցող էկոնոմիկայի նախարարը, նայելով մեն միակ պատգամավոր Մուշեղ Թուրինջի Պետոյանի ուղղությամբ, ասաց` «հարգելի՛ պատգամավորներ»:
Թե սա ինչ է, ժամանակի ընթացքում կպարզվի, բայց ակնհայտ է, որ այստեղ կա հիմք` խորհրդարանն անգործության համար ցրելու:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս