ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ՖԵԼԻՔՍ ԹՈԽՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի առիթով իմ ընկերներից մեկը, ով շատ լավ գիտե Սահմանադրական դատարանի դատավորներին, կատակով ասաց. «Այդ դատարանը պետք է կոչել Ղարաբաղին առընթեր մարմին»: Հավանաբար չէր սխալվում, որովհետեւ այստեղ թվական մեծամասնություն են կազմում ղարաբաղյան ծագում ունեցող դատավորները, որոնք զարմանալի թռիչքներ են կատարել իրենց կյանքում` հիմա էլ ցմահ ապահովելով իրենց կյանքը… Նրանցից է նաեւ Ֆելիքս Թոխյանը, ով կարողանում է զարմանալի ճարպկությամբ համատեղել դատավորի եւ ամբիոնի վարիչի պարտականությունները:
Հիմա կարող է պարոն Թոխյանն անմիջապես քրքրել ինչ-որ օրենսգրքեր ու ասել, թե ինքն ընդամենը գիտական-մանկավարժական աշխատանք է կատարում, ինչն օրենքով արգելված չէ: Իհարկե, արգելված չէ, սակայն պարոն Թոխյանը դասախոս լինելուց զատ, Հայ-ռուսական համալսարանի իրավունքի տեսության եւ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչն է, ինչը նշանակում է, որ նա կատարում է ոչ թե սոսկ մանկավարժական, այլ վարչական աշխատանք, քանի որ ամբիոնի վարիչն է կատարում դասաբաշխումները, հետեւում գիտամանկավարժական աշխատանքների ընթացքին, կազմակերպում ամբիոնի աշխատանքները: Ամբիոնի վարիչը պարտավոր է օրական ութ ժամ լինել բուհում, ինչպես փաստում է ՀՀ աշխատանքային նոր օրենսդրությունը: Բայց ահա Ֆելիքս Թոխյանն այդ ութ ժամվա մեջ հասցնում է ե՛ւ ամբիոնի աշխատանքները ղեկավարել, ե՛ւ Սահմանադրական դատարանում աշխատանքային ժամեր լրացնել, ե՛ւ հարցազրույցների ու ասուլիսների մասնակցել` միեւնույն ժամանակ հոգ տանելով նաեւ սեփական ունեցվածքի ընդլայնումների մասին:
Ֆելիքս Թոխյանը երբեւէ չի հրապարակել իր ունեցվածքի մասին հայտարարագրեր, սակայն չար լեզուներն ասում են, որ նա բնավ էլ նման չէ միջնադարի մեր այն սահմանադիրներին, որոնք մութ սենյակներում մոմի լույսի տակ օրենքներ էին գրում… Պարոն Թոխյանը, կարելի է ասել, բավական հարուստ մարդ է, աշխատանքի է գալիս շքեղ մեքենայով, միշտ հագնվում է թանկարժեք կոստյումներ, սիրում է լինել վայելքի ճոխ վայրերում… Ուրեմն Սահմանադրական դատարանում մեր օրենքների պահպանումը եւ օրինահարգության սերմանումը վստահված է մի մարդու, ով ինքն է օրենքներ խախտում, դատավորի աշխատանքը դիտարկում որպես համատեղություն…
Ստեփանակերտում ծնված Ֆելիքս Թոխյանը հավանաբար այնքան հայրենասեր է եղել, որ ոչ թե Բաքու է գնացել կրթություն ստանալու, այլ եկել է Երեւան եւ ընդունվել պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1979-ին ավարտելով համալսարանը` ղարաբաղցի ուսումնատենչ երիտասարդը 1982-ին ընդունվել է ՀՍՍՀ ԳԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան: Իր կենսագրության մեջ Թոխյանը ոչինչ չի գրել 1979-1982 թվականների մասին: Կարելի է ենթադրել, որ ծառայել է բանակում, սակայն մի՞թե կարեւոր փաստը հարգարժան դատավորը դուրս կթողներ իր կենսագրությունից… Գուցեեւ մեկնել է հայրենի Ստեփանակերտ ու այնտեղ ինչ-որ կոմերիտական կամ կուսակցական պարտականություն կատարել` ծառայելով նորին մեծություն Հեյդար Ալիեւին: 1983 թվականից աշխատել է փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտում որպես լաբորանտ, կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող: Գիտաշխատողի աշխատավարձով ապրել չկարողացող Ֆելիքս Թոխյանը 1991-1993 թվականներին աշխատել է Երեւանի «Գալիք» կոոպերատիվ համալսարանում իբրեւ պետական իրավունքի ամբիոնի վարիչ եւ ստացել պրոֆեսորի կոոպերատիվ կոչումը: 1993-ից էլ աշխատանքի է անցել ՀՀ Գերագույն խորհրդում` որպես մանդատային հանձնաժողովի փորձագետ: Ինչպես տեսնում ենք, այս թվականներին դեռեւս ղարաբաղյան կլանը Հայաստանում իր սարդոստայնը չէր հյուսել, ուստի Թոխյանը դեգերումների մեջ էր` այդպես էլ չկարողանալով գտնել այն աշխատանքը, որն իրեն ֆինանսական ապահովվածություն կտար: 1995-ին աշխատանքի է ընդունվել ՀՀ կառավարման դպրոցում` «որպես պրոֆեսոր` պետաիրավական բլոկի ղեկավար»: Դարձյալ պրոֆեսոր, սակայն ԲՈՀ-ը Ֆելիքս Թոխյանին երբեք պրոֆեսորի կոչում չի շնորհել, ուստի այստեղ էլ գործ ունենք անճշտության հետ: Կեղծիք բառը չենք օգտագործում, որովհետեւ, այնուամենայնիվ, ինչ-որ մի թուղթ ունի Թոխյանը, որտեղ պրոֆեսոր է գրված, բայց թուղթն ընդամենը կոոպերատիվի թուղթ է… Պատկերացնում եք, այս կոոպերատիվ պրոֆեսորն էլ 1997 թվականի սեպտեմբերի 23-ին նշանակվել է Սահմանադրական դատարանի դատավոր: Այս նշանակումն իր մեջ «առեղծվածներ» ունի, որովհետեւ հազիվ թե այդ բարձր պաշտոնին նշանակվեր ընդամենը կառավարման դպրոցի դասախոսը, եթե նա հովանավորներ չունենար: Եթե հիշենք, որ «նշանավոր» 1997-ին Ռոբերտ Քոչարյանը եկավ Հայաստան եւ նշանակվեց վարչապետ, ապա մեզ հետաքրքրող հարցն իր պատասխանը ստացած կլինի: 1998-ի ապրիլի 23-ին էլ, երբ Քոչարյանն արդեն ՀՀ նախագահն էր, Ֆելիքս Թոխյանը ստացավ դատավորի որակավորման բարձրագույն դաս…
Տեսնո՞ւմ եք, թե Թոխյանի կյանքի «ոսկե ձկնիկը» նրան ինչ մեծ լավություն է արել, իսկ մենք շարունակում ենք հեքիաթների չհավատալ…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս