ՀԻՆ, ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՈՃՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանի հաղորդմամբ` 2010 թվականի 14.532 տոննա կարտոֆիլի դիմաց այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ արտադրվել է 20.000 տոննա կարտոֆիլ, 7.258 տոննայի դիմաց` 8.066 տոննա բանջարեղեն, 1.755 տոննա բոստանային մշակաբույս` նախորդ տարվա 1.589 տոննայի փոխարեն: Պտղի եւ հատապտղի արտադրությունը նախորդ տարվա 6.000 տոննայի համեմատ կազմել է 10.148 տոննա, խաղողինը` 11.611 տոննայի դիմաց 13.214 տոննա: Արտադրվել է 62.000 տոննա խոտ, նախորդ տարի այդ թիվը կազմել է 61.093 եւ 700 տոննա չոր ծխախոտ` 576 տոննայի դիմաց: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը, հաղորդելով այս տեղեկությունները, հավելում է, որ ծխախոտի, պտղի ու բանջարեղենի բերքահավաքի աշխատանքները շարունակվում են: Խորհրդային գործելակերպով մարզպետարանը շարունակում է անշեղորեն աճ պատկերող «թվեր նկարել»: Միայն արտադրված  ծխախոտի եւ խաղողի մասին թվերը կարող են ստույգ լինել, որովհետեւ դրանց կենտրոնացված ընդունում է կատարվում ծխախոտի ընդունման կետերում եւ մարզի գինու գործարաններում: Մարզպետարանն ինչպե՞ս որոշեց, թե գյուղացին ինչքան խոտ է հնձել, իր այգուց որքան միրգ եւ բանջարեղեն ստացել: Մարզպետարանից զանգահարում են համայնքապետարաններ, համայնքների ղեկավարներն էլ մոտավոր, «իրենց հավեսով» թվեր են ասում  համայնքում առկա բերքի մասին: Եթե այդքան առատ բերք է ստացվում, մարզում էլ մթերող, վերամշակող ձեռնարկությունները շատ քիչ են, հիմնական շուկա համարվող Երեւանն էլ` հեռու, ինչո՞ւ Տավուշում գյուղատնտեսական մթերքների գնի անկում չի լինում: Գյուղացին հո չի՞ կարող առատ բերքը զուտ իր ընտանիքի կարիքների համար օգտագործել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս