Սինանյանն ուզում է սփյուռքում զուգահեռ կառույցներ ձևավորել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը երեք օր Երեւանում Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովն էր անցկացնում, տարբեր ձեւաչափերի շրջանակներում՝ նիստեր, կլոր սեղաններ, բանավեճեր, Հայաստանի եւ սփյուռքի մարտահրավերներն ու խնդիրներն էին քննարկում։ Համաժողովին սփյուռքից եւ Հայաստանից շուրջ 400 անձ էր հրավիրվել, ինչպես արտահայտվեց հանձնակատար Զարեհ Սինանյանը` «անկեղծ երկխոսության համար»։ Դժվար է դատել, թե որքանով էր երկխոսությունն անկեղծ, մանավանդ որ, ինչպես նշել է հանձնակատարի գրասենյակը, մասնակիցներն ընտրվել էին մրցույթով, իսկ հրավիրյալների ցանկը գաղտնի է պահվում։ «Ցուցակը հրապարակման ենթակա չէ»,- նման տարօրինակ պատասխան տվեց սփյուռքի հանձնակատարի մամլո խոսնակ Ամալյա Կարապետյանը՝ չցանկանալով մանրամասնել, թե ինչու, ինչ տրամաբանությամբ է առաջնորդվում իր ղեկավարը` գաղտնի պահելով համահայկական գագաթնաժողովի մասնակիցների ցանկը։ Գուցե Սինանյանն ընտրել է զուտ կառավարությանը  հաճելի՞ անուններ։

Զրուցեցինք համաժողովին մասնակցած, գեղանկարիչ, լուսանկարիչ, քանդակագործ Լուիզա Հակոբյանսի հետ, որն ավարտել է Թերլեմեզյանի անվան ուսումնարանը եւ 2015-ից ապրում է Ֆրանսիայում։ Նա ԺԱՖ ֆրանսահայ երիտասարդաց միության Մինաս Ավետիսյանի անվան գեղարվեստի դպրոցի հիմնադիր տնօրենն է, առաջին անգամ է մասնակցում համահայկական համաժողովին։ Ասում է, որ երբեւիցե չենք ունեցել սփյուռքում այսքան մեծ ուշադրություն, ինչպես վերջին տարիներին։ «Սփյուռքին նայել են ուրիշ ձեւով՝ գումարը  մեզ տվեք ու մի խառնվեք ոչ մի բանի։ Այս անգամ նոր, նաեւ հին դեմքեր կային, որոնք մշտական համագործակցել են Հայաստանի հետ։ Ժողովը մեզ օգնեց նոր մարդկանց ճանաչել, մասնակցել ծրագրերին։ Օրինակ, այսօր այցելել եմ Մասիս քաղաք, որը քույր-եղբայր ենք սարքելու Էքս ան Պրովանսի հետ եւ Մասիսի մշակույթի տնից երեխաներ ենք բերելու մեր համայնք՝ մեր ֆինանսի հաշվին»։ Ի՞նչ «հին դեմքեր» են  մասնակցել համաժողովին, նա անվանապես չգիտեր, սակայն թվարկեց մի երկուսին․ Ֆրանսիայից՝ Անահիտ Բոյաջյան, Պասկալ Շամասյան` Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ, երկար տարիներ ղեկավարել է ազգային «Արաքս» պարային համույթը։ «Անուններ իրավունք չունենք տալու, ես Ձեզ կարող եմ միայն կառույցներն ասել։ Օրինակ, Նիցցի, Մարսելի, Փարիզի, Լիոնի մշակութային տան նախագահները, որոնք երկար տարիներ աշխատել են, նաեւ՝ նոր նշանակված մարդիկ, որոնք շարունակում են այդ աշխատանքը։ Հին ու նոր ասելով, նկատի ունեմ հին  ու նոր սերունդը։ Բոլորը խառն էին։ Կային մարդիկ, ովքեր գաղափարապես հակառակ էին իշխանությանը»։

Թե ինչու իրավունք չունի անուններ ասելու, եւ ինչ ընդդիմադիրներ էին ներկա, Լուիզան հստակ չգիտի։ «Կարծում եմ՝ չեն ուզում անվանական առանձնացնել։ Գիտեմ մարդիկ, ովքեր սփյուռքում հարում են Դաշնակցական կուսակցությանը եւ ներկա էին գտնվել։ Ես՝ ինքս, չեմ  պատկանում ոչ մի կուսակցության, համայնքն եմ ներկայացնում, ինձ նման շատ մարդիկ կան, որոնք այդտեղ գտնվել են, որ հայաստանցիների ու սփյուռքի մեջ բարելավում լինի։ Մեկը՝ հենց սփյուռքի եկեղեցիների ներկայացուցիչները, որոնք այսօր չեն կիսում վարչապետի կարծիքը, բայց կային»,- վստահեցնում  է Լուիզա Հակոբյանսը։ Փաստորեն, համաժողովն ունեցել է մշակութային  ուղղվածություն, բայց քաղաքական, մասնավորապես՝ Հայաստանի ներքին եւ արտաքին անվտանգության թեման էլ են քննարկել, պանելային քննարկմանը ելույթ է ունեցել Փաշինյանը եւ ասել, որ իր ամենամեծ պրոբլեմը «կայսերական հայրենասիրությունն» է։

«Հայրենասիրության էն մոդելը, որով մենք սիրել ենք մեր հայրենիքը, նրա համար է, որ մենք հայրենիք չունենանք։ Պատից կախած ունենանք, կենացների մեջ ունենանք, բայց գետնի վրա չունենանք»,- ասել է Փաշինյանը, որը հայրենի հողը հանձնելով առաջ է գնում, եւ սփյուռքի ներկայացուցիչներն ուշադիր, ոմանք, թերեւս ոգեւորված` լսել են նրան։
Մոսկվաբնակ հայերից մեկը, որը ներկա չի եղել համաժողովին, մեզ ասաց, որ համաժողովին եղել են նաեւ Հայաստանում ապրող ռուսաստանցի հայեր, որոնք սերտորեն համագործակցում են կառավարության հետ։ «Ովքեր եղել են, սիրահարված, գովերգող բաներ պետք է ասեին, այն մտավախությամբ, որ եթե հանկարծ մի բան էն չասեն, հաջորդ անգամ իրենց չեն հրավիրի»,- ասաց մեր աղբյուրը։

Գերմանահայ համայնքի ներկայացուցիչ, Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության վարչապետ Արամ Մկրտչյանը եւս հրավիրված է եղել, թեեւ Գերմանիայում փաշինյանական թիմը չունի համակիրներ։ Նա տեխնիկական պատճառներով չի կարողացել ներկա գտնվել, սակայն Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից նրա գործընկերները մասնակցել են։ Նրանք փոխանցել են Փաշինյանին ՀՀ պատմության ինստիտուտի հետ համատեղ հրատարակած գիրքը՝ «Առաջին Հանրապետության իրավական ակտերը»։ «Հույս ունեինք, որ լուրջ քննարկում կլինի, սակայն  չեղավ։ Իմ  համեստ կարծիքով՝ սա անհետեւանք միջոցառում էր, որը մի նպատակ ունի՝ սփյուռքում կամ այլ արտերկրներում  ձեւավորել գոյություն ունեցող ավանդական կառույցներին զուգահեռ նոր կառույց, որը պետք է գտնվի վարչակազմի ուղիղ վերահսկողության տակ ու պետք է ընդունի վարչախմբի գիծը եւ ներկայացնի իր համաձայնությունը։ Ապագա հնարավոր ընտրությունների ժամանակ այդ նոր ձեւավորված կառույցը պետք է իր շուրջ համախմբի ինչ-որ մի զանգված, որը կօժանդակի Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։ Իմ գործընկերներն իրենց կարծիքը հայտնել են ինձ՝ որ միջոցառումը որեւէ խարիզմա չուներ, այն պանելային  քննարկումները, որոնք տեղի ունեցան, կարող էին  տեղի ունենալ նաեւ այլ  ֆորմատով, իսկ այս ձեւաչափով՝ սկզբունքային  իրավական պետություն-արտերկրի հայություն հարաբերությունները կանխորոշող որեւէ առաջարկություն չի հնչել, որը կարող էր ապագայում դառնալ  ամուր  խարիսխ։ Մնացածը զուտ դեմոկրատիայի ձեւաչափով կատարված անհետեւանք քննարկումներ են եղել»,- ասաց Մկրտչյանը։

«Մենք հասկանում ենք, որ սա հակասում է նրա արտաքին քաղաքականությանը, այնուամենայնիվ,  ակնկալում էինք, որ հանդիպումը մեր ներկայացուցիչների հետ կտեւի գոնե 10 րոպե։ Այն տեւել է ընդամենը 2,5 րոպե։ Գիրքը հանձնել են  եւ հեռացել»,- ասում է Արամ Մկրտչյանը։

Համաժողովի արդյունքների հետ կապված ի՞նչ կասեք։ «Հրավիրել են ոչ թե վտարանդի կառավարությանը, այլ՝ անհատների, ինձ՝ Մկրտչյան Արամին, մեր մյուս ընկերներին՝ Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից եւ Ռուսաստանից։ Տխուր էր էն ամենը, ինչը որ ներկայացվեց, դա կապ չուներ Հայաստան-սփյուռք հարաբերությունների նորացման հետ։ Ցավոք, երեք կարեւոր հարց օրակարգում չի քննարկվել՝ սփյուռքում ապրող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման ծրագիրը, երկրորդ՝ ՀՀ քաղաքացիություն ունենալու յուրաքանչյուր հայի իրավունքը եւ ՀՀ իրավական փաթեթի նորացումը սփյուռքի միջոցով կամ սփյուռքի մատուցմամբ, այն է՝ առաջին հանրապետության իրավահաջորդության փաթեթը, որի մի մասն է կազմում  Արցախի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավունքը»»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:




Լրահոս