«Մարտի 1»-ի վերաբացված գործով Հակակոռուպցիոն դատարանում երեկ նիստ էր ընթանում։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացել դատարան. դատավոր Սարգիս Պետրոսյանը հայտնեց, որ դատարանը չի կարողանում գտնել Ռոբերտ Քոչարյանին եւ զանգահարել են ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը երկուշաբթի վաղ առավոտյան պետք է ներկայանան Հակակոռուպցիոն դատարան։
Ինչպես հայտնել էինք՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը բեկանել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի վերաբերյալ քրեական գործը կարճելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի 2021թ. որոշումը։ Վճռաբեկ դատարանի կայքի համաձայն՝ սեպտեմբերի 12-ին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը բավարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը՝ բեկանելով դատական ակտը եւ ուղարկելով գործը նոր քննության՝ Հակակոռուպցիոն դատարան։
Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին առնչվող՝ սահմանադրական կարգի տապալման գործով մեղադրյալի կարգավիճակում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։ Յուրի Խաչատուրովը եւ Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գեւորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։
ՍԴ-ի կողմից՝ 2021թ. մարտի 26-ին ՀՀ Քրեական օրենսգրքի (2003թ.) 300,1-րդ հոդվածը Սահմանադրության 78-րդ եւ 79-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչելուց հետո՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սահմանադրական կարգի տապալման դրվագով կարճել էր քրեական գործը եւ դադարեցրել քրեական հետապնդումը՝ հանցադեպի բացակայության հիմքով, թեեւ դատախազները պահանջում էին վերաորակել արարքը։ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Վճռաբեկ դատարանը դիմել էր ՍԴ՝ վիճարկելով Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը: ՍԴ-ն որոշել է մասնակի բավարարել դիմումը՝ նշելով, որ թեեւ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը, այն մեկնաբանությամբ, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը հակասահմանադրական ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչեւ դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը մեղադրյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից:
Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՍԴ որոշումը, որոշել է բավարարել դատախազության բողոքը։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող մյուս դրվագով եւս քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, եւ այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի միայն Արմեն Գեւորգյանը, իսկ գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվել են՝ իբրեւ Ռ. Քոչարյանի գործի ձգձգման պատճառով, ինչը հանգեցրել է գործի կարճման։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԵՐԹԱԿԱՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՎԹՄԱՆ ԳՈՐԾՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթին փաստաբան Ռոման Երիցյանը հայտնեց.«Ստանձնել եմ Սերոբ Գասպարյանի հետ մեկտեղ իշխանության զավթման նախապատրաստության մեջ մեղադրվող, արցախյան քառասունչորսօրյա եւ քառօրյա պատերազմների ակտիվ մասնակից արցախցի Արմեն Մնացականյանի շահերի պաշտպանությունը։ Հարազատների խնդրանքով ընդամենը իրազեկում եմ, որ վերջինս Ռոստովից Հայաստան էր ժամանել իր հարազատ եղբորորդու զոհվելու տարելիցին մասնակցելու նպատակով։
Միաժամանակ իրազեկում եմ, որ Արմեն Մնացականյանի հետ ապօրինի, խայտառակաբար եւ բռնի կերպով ձերբակալված նրա ընտանիքի անդամներն ու հարազատները նույն օրն ազատ են արձակվել։ Ինչ վերաբերում է Արմեն Մնացականյանին կալանավորելու որոշմանը, ապա այդ կապակցությամբ հանդես կգամ լրացուցիչ հայտարարությամբ»։
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ի կողմից իշխանությունը յուրացնելու նախապատրաստության գործով կալանավորված անձանցից մեկն ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբայրն է՝ Սերոբ Գասպարյանը:
Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը եւ նրա որդին զոհվել են հանուն հայրենիքի մղված մարտերում։ Այս ցավալի եւ ողբերգական դեպքից հետո նրա եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը, պարբերաբար հարցազրույցներ է տալիս լրատվամիջոցներին եւ խոսում՝ ընդդեմ իշխանության։
Հիշեցնեք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել, որ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին: Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բավարար փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս-ն, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռեւս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու եւ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ:
Նշված արարքը կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը կալանավորված են են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ