«Աֆեյան» հիմնադրամը ֆինանսական աջակցություն է տրամադրել Արցախից տեղահանված ընտանիքներին: Ավելի լավ աշխարհ կառուցելու նպատակով լուծումներ ձեւավորելու եւ դրանք առաջ մղելու առաքելությամբ գործող «Աֆեյան» հիմնադրամը երեկ հայտարարեց Արցախից ավելի քան 100,000 տեղահանված անձանց աջակցելու համար նախկինում հայտարարված 2 միլիոն ԱՄՆ դոլարի տեղաբաշխման ավարտի մասին: Այս ծրագիրը Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված բնակչությանն աջակցելուն ուղղված Աֆեյանների ընտանիքի նախորդ նախաձեռնությունների շարունակությունն է։
«Արցախի ժողովուրդը տարիներ շարունակ ենթարկվել է դաժան եւ աներեւակայելի ճնշումների, եւ էթնիկ զտման հետեւանքով իրենց տներից բռնի վտարվելուց հետո՝ այժմ կանգնած է իր համար նոր միջավայրում կյանքը վերսկսելու իրողության առջեւ», – ասում են «Աֆեյան» հիմնադրամի հոգաբարձուներ Նուբար եւ Աննա Աֆեյանները. «Արցախի ժողովուրդն ունի հանրային եւ մասնավոր հատվածների լայնածավալ աջակցության կարիքը, որպեսզի ստանա փրկությունից վերածնունդ, այնուհետեւ՝ դեպի բարգավաճում ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ ռեսուրսներն ու օգնությունը»:
Աֆեյանները նշել են. «Մենք ոգեշնչված ենք կազմակերպությունների եւ անհատների ստվար խմբի ջանքերով, որոնք անդադրում աշխատում են Արցախի ժողովրդին օգնության ձեռք մեկնելու ուղղությամբ»:
Վերջերս «Աֆեյան» հիմնադրամը դրամաշնորհ է հատկացրել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ԱՄՆ գրասենյակին՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի իրականացման համար: Դրանք կկենտրոնանան առավել խոցելի խմբի՝ երեխաների եւ դեռահասների հետ աշխատանքների վրա: Ծրագիրը գործելու է 18 ամիս եւ ուղղված է լինելու հոգեկան առողջության եւ հոգեսոցիալական ծառայությունների հասանելիության ապահովմանը, ինչպես նաեւ սոցիալական ներառման հնարավորությունների բարելավմանը հատկապես այն տարածքներում, որտեղ նման ծառայությունների հասանելիությունը սահմանափակ է: Ծրագրի նպատակն է օգնել դեռահասներին եւ նրանց խնամակալներին՝ տրամադրելով համակարգային աջակցություն, ինչն անհրաժեշտ է տրավմայի եւ սթրեսի դեմ պայքարելու, հասարակության մեջ թիրախավորումները նվազեցնելու եւ հյուրընկալող համայնքներում հոգեկան բարեկեցությունն ու սոցիալական համախմբվածությունը խթանելու համար:
«Աֆեյան» հիմնադրամը ֆինանսավորել ու աջակցել է ստորեւ նշված հայկական կազմակերպություններին եւ ծրագրերին.
AIWA – EmpowerPath ծրագիր՝ ուղղված Արցախի կանանց հմտությունների զարգացմանը, աշխատանքի հնարավորությունների տրամադրմանը եւ ձեռներեցության աջակցությանը:
AGBU – Ծրագրերը ներառում են Նաիրի ճամբարի ընդլայնում, Արցախի տեղահանված բնակչության աշխատունակության բարձրացմանն ուղղված հմտությունների զարգացման ծրագրեր, ձմեռային մարդասիրական եւ անհապաղ օգնություն եւ Հայաստանում տեղահանված արցախցիների ապագայի վերաբերյալ CIVITTA կազմակերպության ուսումնասիրություն:
American University of Armenia / US Embassy – Անգլերենի ուսուցման ծրագիր Շիրակի մարզում հանգրվանած երիտասարդների համար:
Armenia Artsakh Fund – Տեղահանված արցախցիներին դեղորայքի եւ մարդասիրական օգնության տրամադրում:
Armenian Spiritual Revival Foundation – Արցախի տեղահանված բնակչությանը հոգեկան առողջության բարելավման խմբային եւ համայնքային ծառայությունների մատուցում եւ տեղացի մասնագետների համար հոգեբանական-սոցիալական վերապատրաստման ծրագրերի կազմակերպում:
AYB School – 10 արցախցի աշակերտի համար կրթաթոշակների տրամադրում:
Children for Armenia Foundation (COAF) – Աջակցություն «Հույս Արցախի համար» նախագծին, որի առանցքում վաղ մանկական զարգացումն է, դպրոցական ինտեգրումը եւ COAF-ի SMART կենտրոնի հասանելիության ապահովումը, ինչը ներառում է արտ- թերապիայի դասընթացներ եւ փախստականների կարիքներին հարմարեցված այլ հնարավորություններ:
Teach for Armenia – «Կրթություն արտակարգ իրավիճակներում» ծրագիր՝ ուղղված նոր միջավայրում արցախցի ուսանողների ինտեգրմանը: Այն ներառում է մանկավարժների վերապատրաստում, արտադպրոցական միջոցառումներ, հոգեկան առողջության եւ հոգեսոցիալական աջակցություն, ինչպես նաեւ՝ ուսանողներին ակադեմիական օգնության տրամադրում:
UWC Dilijan – Արցախից երկու ուսանողի համար երկու տարվա կրթաթոշակի տրամադրում, ինչպես նաեւ 10 ուսանողի ամառային ճամբարի ֆինանսավորում:
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՏՈՒԺՈՒՄ ԵՆ
Զինկոմիսարիատները, համայնքապետարանները խնդիրներ են ունենում 25-օրյա վարժական հավաքների մասնակիցներին հավաքագրելու գործում. մարդիկ դժվարությամբ են մասնակցում դրանց։ Դա իր պատճառներն ունի։ Վարժական հավաքների մասնակիցները 25-օրյա հավաքի համար պետական բյուջեից ստանում են մոտ 180 հազար դրամ աշխատավարձ։ Հավաքների շատ մասնակիցներ մշտական աշխատանք ունեն,կամ օրավարձով աշխատողներ են, օրավարձով բանվորների օրական վաստակը 10 հազար դրամ է։ Ըստ օրենքի` վարժական հավաքի մասնակցի գործատուն պետք է հատուցի 25 օրվա ծառայության համար նվազագույնը 250 հազար դրամ եւ ավել աշխատավարձի եւ 180 հազար դրամի տարբերությունը։ Սակայն գործնականում գործատուն չի հատուցում այդ տարբերությունը, եթե դա վերաբերում է օրավարձու բանվորներին, արհեստավորներին։ Պետությունը չի հատուցում նաեւ վարժական հավաքների ընթացքում հիվանդացածների բուժման ծախսերը։ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի ռազմագիտության ուսուցիչ Նվեր Բեգլարյանը, 2023 թվականի ամռանը մասնակցելով վարժական հավաքի, ծառայության ընթացքում հիվանդացել է, նրան ուղեգրել են, Երեւանի բժշկական կենտրոններից մեկում հետազոտվել է, որի համար վճարել է 100 հազար դրամ։ Նրան այդ գումարը չեն փոխհատուցել, Նվերը դիմել էր Հայաստանի ՄԻՊ-ին, սակայն, Նվերի վկայությամբ, մարդու իրավունքների պաշտպանը, բացի թղթեր լրացնելուց, ուրիշ ոչնչով չի օգնել խնդիրը լուծելու համար։
ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՆՁՆՎԱԾ ՀԵՆԱԿԵՏԻՑ ԴՐՈՇԸ ՀԱՆԵԼ ԵՆ
Ոսկեվան գյուղի սահմանագոտում գտնվող «Նոր տարի» դիրքից ադրբեջանական մեծ դրոշը հանել են։ Հայտնի չէ, թե ինչն է դրա պատճառը. հավանաբար, ադրբեջանական զինուժը հին, մաշված դրոշը փոխելու է նորով։ Սահմանազատման անվան տակ սահմանագոտու այդ հատվածում Ադրբեջանին հանձնվեցին տարածքներ, սակայն այդ գործընթացով տակտիկական մեծ նշանակություն ունեցող այդ հենակետը, որը բարձունքի վրա է տեղակայված, չպետք է հանձնվեր Ադրբեջանին. դա նախատեսված չէր։ Սակայն Բաղանիս-Այրում գյուղի տարածքները հանձնելուց հետո՝ շատ է դժվարացել «Նոր տսրի» հենակետը պաշտպանող զինծառայողներին սննդի, խմելու ջրի մատակարարումը։ Այդ հենակետը պաշտպանող զինծառայողներն այդ պատճառով շատ դժվարություններ են կրե. որոշ ժամանակ անց այդ հենակետը ստիպված հանձնել են, դրա վրա բարձրացել է ադրբեջանական դրոշը։ Դրանից քիչ հեռու՝ ավելի ներքեւ, գտնվում է հայկական հենակետը, որի վրա բարձրացված է հայկական եռագույնը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ