«ԵԹԵ ԻՆՁ ՆՎԵՐ ՏԱՆ, ԵՍ ԷԼ ԿՎԵՐՑՆԵՄ».

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում սեպտեմբերի 25-ին տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

 

Էրդողանը հանդիպման ընթացքում Փաշինյանին նվիրել է իր գրած «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը, ավելի վաղ նաեւ համացանցում լուսանկարներ տարածվեցին, որտեղ Նիկոլ Փաշինյանը, Էրդողանի գիրքը կրծքին սեղմած, լայն ժպտում է։

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանին։

-Պարո՛ն Մելքոնյան, համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց Նիկոլ Փաշինյանի՝ Էրդողանի գիրքը կրծքին սեղմած լուսանկարը, հանրության մեծ մասը խիստ բացասական վերաբերեց դրան։ Ինչ տեսակետ ունեք Դուք։

-Քաղաքականություն է, երկրի ղեկավարը ոնց ճիշտ է գտնում տվյալ պահին, այդպես էլ պետք է անի։

-Ճի՞շտ էր բայց մեր թշնամի երկրի ղեկավարի կողմից նվեր ընդունելը:

-Դա դեռ պարզ չէ՝ ով է մեր թշնամին:

-Այսինքն, Թուրքիային թշնամի չե՞ք համարում։

-Ասում եմ՝ պարզ չէ, ով է մեր բարեկամը ով է թշնամին. այս ամենը վերջանա՝ կերեւա, թե ով է թշնամի, ով է բարեկամ։

-Եթե Դուք լինեիք Փաշինյանի փոխարեն, կընդունեի՞ք Էրդողանի նվերը։

-Այնպիսի հարցեր եք տալիս…. Ես ինձ չեմ տեսնում երկրի վարչապետ, որ մի հատ էլ նման բան մտածեմ։

-Դե, պատկերացնենք, որ, որպես պատգամավոր, այլ երկրում հանդիպման եք, Թուրքիայի նախագահը եւս այնտեղ է եւ Ձեզ գիրք է նվիրում։ Կընդունե՞իք այն։

-Եթե ես պատգամավոր եմ, գնում եմ մի երկիր, նախ ես եմ նվեր տանում, հետո, եթե ինձ նվեր տան, ես այդ նվերը կվերցնեմ։

Եթե տալիս եմ նվեր, փոխարենը ես էլ եմ ստանում։

Անդրադառնալով Փաշինյան-Էրդողան հանդիպմանը՝ թուրքագետ Վարուժան Գեղամյանը նշել էր. «1920 թ. թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը գրում էր, որ «Կովկասյան պատը պետք է վերացնել», այլապես Թուրքիան պաշտպանվելու հնարավորություն չի ունենա եւ չի կարող զարգանալ։

«Կովկասյան պատ» ասելով՝ նա նկատի ուներ Հայաստանը, որը ոչ միայն խոչընդոտ էր դեպի Արեւելք ծավալման համար, այլեւ անվտանգության սպառնալիք էր Թուրքիայի արեւելյան ճակատում։

Աթաթուրքն ու իր զինակիցները չհասան լիարժեք հաջողության։ Սակայն այդ ժամանակ առկա քաղաքական նպատակները որեւէ տեղ չանհետացան՝ սպասելով գործարկվելու հարմար առիթի։

Տարիներ անց առիթը եղավ։

2024 թ. սեպտեմբերին «Կովկասյան պատի» բանալիները այդ պատի անվտանգության պատասխանատուները փաթեթավորված ու ժպիտով հանձնում են Թուրքիային, որպեսզի վերջինս կարողանա ծավալվել թե՛ դեպի Արեւելք, թե՛ ընդհանրապես դառնա գերակա ուժ տարածաշրջանում։

Վերջին ցանկության մասին է գրում նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը նույնիսկ խոսուն վերնագրով գիրք է հրատարակել՝ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է»։ Թուրքիայի՝ տարածաշրջանում ու աշխարհում գերակայություն հաստատելու մանիֆեստ հանդիսացող այդ գիրքը արդեն մի քանի օր է Հայաստանի դե-ֆակտո կառավարության սեղանին է։

Իսկ տեղը, որում «հանձնվում էին» բանալիները, կոչվում է «Թուրքական տուն» (Turkevi) եւ ծառայում է որպես Թուրքիայի արեւմտյան քարոզչության (այդ թվում՝ հակահայկական քարոզչության) գլխավոր շտաբներից մեկը։ Հենց այդ տեղից են աշխատում թուրքերը հայկական համայնքների դեմ, Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, Արցախի հարցի դեմ, մեր դեմ»:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

«ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՂԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է».

2018 թվականի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Նա, ով փորձում է ինձ վրա որեւէ կասկած գցել, էլի եմ ասում` նրանք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ:

 

Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, եւ ես ուզում եմ ասել հետեւյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհատավամ եւ կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ կամ որեւէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, եւ դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե՞ չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք, ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում, ուրեմն չենք գնա»:

Սակայն իրականում Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին ժողովրդից թաքուն, առանց խորհրդակցելու, առանց Հանրապետության հրապարակում հանրահավաք հրավիրելու, ստորագրեց փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը, որով Ադրբեջանին էր անցնում Արցախի ավելի քան 75 տոկոսը։

2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջեւ։ Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը համաձայնություն է տվել փաստաթղթի, որով Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Այս փաստաթղթին հավանություն տալուց առաջ՝ Նիկոլ Փաշինյանը չի քննարկել հանրության հետ, չի լսել հանրության կարծիքը, Հանրապետության հրապարակում չի հավաքել ժողովրդին, ինչպես խոստանում էր։ Այդ համաձայնության մասին հանրությունը իմացել է մամուլի արտահոսքերից. պաշտոնական հայտարարություն չի արվել։

2023թ. հոկտեմբերի 5-ին Գրանադայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Հանդիպման արդյունքում ընդունվեց հայտարարություն, որով Նիկոլ Փաշինյանը համաձայնություն է տալիս Արցախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելուն։

Այս փաստաթուղթը եւս ընդունվել է՝ առանց ժողովրդի իմացության եւ գործընթացին՝ մասնակցության։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է ժողովրդին:

 

 




Լրահոս