Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սեպտեմբերի 28-ին եւ 29-ին երկու բացառիկ համերգով ելույթ կունենա Փարիզում՝ ներկայացնելով հայ եւ ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Առաջին համերգը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ եւ անվանի դաշնակահարներ Լուի Լորթիի ու Էլեն Մեղսիեի մասնակցությամբ: Ծրագրում ներկայացված են Կլոդ Դեբյուսիի, Ֆրանսիս Պուլենկի եւ Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները։ Սեպտեմբերի 28-ի համերգային ծրագիրը կարող եք գտնել այստեղ։ Համերգի գլխավոր գործընկերն է AKNEYE-ը։
Հյուրախաղերի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Փարիզի ֆիլհարմոնիայի «Սիտե դե լա մյուզիք» համերգասրահում հանդես կգա դեբյուտային համերգով, որի տոմսերն արդեն սպառված են։ Համերգային ծրագրում Խաչատրյանի ամենահայտնի ստեղծագործություններն են: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ֆրանսահայ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը։
Համերգի աջակիցներն են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, ՀԲԸՄ Ֆրանսիան եւ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ստեղծվել է երաժշտության ուժով հոգեւոր վերելքի ձգտման եւ հայ երաժշտական ավանդույթների պահպանման նպատակների շուրջ միավորված մի խումբ դասական երաժշտության նվիրյալների ուժերով։ Իր հստակ ու նրբագեղ հնչողությամբ, ինչպես նաեւ ազդեցիկ կատարողական ոճով ճանաչված նվագախումբը սպասված հյուր է ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի առաջատար համերգասրահներում։ Հայաստանում եւ արտերկրում անցկացվող տարեկան ավելի քան 50 համերգների հարուստ երկացանկերը ներառում են տարբեր ժանրերի եւ կատարողական ձեւաչափերի համերգներ՝ սիմֆոնիկ, բալետային ու օպերային երաժշտությունից մինչեւ հանրամատչելի կինեմատոգրաֆիական երաժշտության սիմֆոնիկ փոխադրումներ եւ դասական գործերի ջազային մեկնաբանություններ։
Նվագախումբն իր հիմնադիր, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ ստեղծել է չորս ամենամյա փառատոն, որոնց շրջանակում Հայաստան են հրավիրվել աշխարհի բազմաթիվ վիրտուոզ մենակատարների եւ դիրիժորների: Նվագախումբը նաեւ համագործակցում է ժամանակակից մի շարք անվանի կոմպոզիտորների հետ։
Դասական երաժշտության եւ արդի տեխնոլոգիաների երկխոսության հանդեպ հավատի շնորհիվ նվագախումբն աչքի է ընկնում նորարար նախաձեռնություններով՝ իր գեղարվեստական նպատակների համար համարձակ փորձերով կիրառելով արհեստական բանականության եւ թվային տեխնոլոգիաների հնարավորությունները։ Տարեցտարի ընդլայնվում է նաեւ նվագախմբի դերը Հայաստանում երիտասարդների մշակութային կրթության ուղղությամբ։ Դպրոցականների եւ ուսանողների համար անցկացվող կրթական ծրագրերով նվագախումբը փորձում է պատանիների շրջանում արթնացնել հետաքրքրություն եւ համակրանք դասական երաժշտության հանդեպ՝ նրանց հղկելով որպես դասական համերգի ունկնդիրներ։
Հ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն երեկ ընդունել է Լիոնի մետրոպոլիայի Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոթրայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Դեսին-Շարպիոյի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆը եւ այլք:
ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին եւ ընդգծել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում Ֆրանսիայի հետ տարիներ ի վեր ձեւավորված արդյունավետ համագործակցությունը:
«Մեծապես գնահատում ենք այն աջակցությունը, որ շարունակաբար զգում ենք բոլոր կարեւոր նախաձեռնություններում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի ընդգծմամբ` ակտիվ համագործակցությունն ու միասին գրանցած հաջողությունները նաեւ նոր ծրագրերի մեկնարկ կարող են դառնալ:
Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոթրան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ կարեւորել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները: Այս համատեքստում նա բարձր է գնահատել Դեսին-Շարպիոյի հայ համայնքի դերակատարությունն ու կարեւոր նեդրումը քաղաքի զարգացման գործում:
Լորանս Ֆոթրան տեղեկացրել է՝ Հայաստան են ժամանել, մասնավորապես, Ստեփանավան այցի եւ այդ քաղաքի հետ կրթության, մշակույթի եւ այլ ուղղություններով փոխգործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով:
Ստեփանավանն ու Լիոնը երկար տարիներ քույր քաղաքների կարգավիճակ ունեն: Դեսինի քաղաքապետը տեղեկացրել է նաեւ, որ 2025 թվականի մարտին Դեսինում մի շարք միջոցառումներ են կազմակերպվելու՝ նվիրված հայ համայնքի ձեւավորման 100-ամյակին:
ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ 155-ԱՄՅԱԿԸ
Երեկ մեծանուն կոմպոզիտոր, երաժշտագետ, բանահավաք եւ ուսուցիչ Կոմիտաս Վարդապետի (Սողոմոն Սողոմոնյան, 1869-1935) ծննդյան 155-ամյակն էր:
«Ծնուել եմ 1869-ի Սեպտեմբեր 26-ին Փոքր Ասիայի Քիւթահիա քաղաքում: Հայրս էր Քիւթահիացի Գէորգ Սողոմոնեանը, իսկ մայրս Բրուսացի Թագուհի Ցովհաննիսեան:
Ինձ մկրտել են ծնունդիցս երեք օր յետոյ եւ անունս դրել Սողոմոն:
Մանկութիւնից զրկուեցայ ծնօղներիցս: Մայրս մեռել է 1870-ին Մարտի 15-ին, իսկ հայրս 1879 Մայիս 17-ին: Ծնօղներիս մահից յետոյ ինձ պահել դաստիարակել է հօրական տատս՝ Մարիամը: Սա եղել է ինձ համար երկրորդ մայր եւ իմ ապագայի մասին լուրջ հոգ տանող:
Քոյր եւ եղբայր չեմ ունեցել, այլ մնացել եմ միամօր զաւակ»: Կոմիտաս Վարդապետ. «Ինքնակենսագրութիւն»։
Կոմիտասը 1915 թ. ապրիլի 24-ին ձերբակալված եւ Չանկըրը աքսորված հայ մտավորականների թվում էր։ Ազդեցիկ գործիչների միջամտությամբ նրան վերադարձրին Կոստանդնուպոլիս։ Այնուամենայնիվ, աքսորի աղետը Կոմիտասին ծանր հոգեբանական տառապանք պատճառեց, ինչը հանգեցրեց հետտրավմատիկ սթրեսային խանգարման (PTSD): Կոմիտասն իր կյանքի մնացած հատվածն ապրել է Կ. Պոլսի եւ Փարիզի հոգեբուժական կլինիկաներում։ Վախճանվել է 1935 թ. հոկտեմբերի 22-ին՝ Փարիզի Վիլժյուիֆ հոգեբուժական հիվանդանոցում։ 1936 թ. նրա աճյունը տեղափոխվեց Հայաստանի Երեւան քաղաքի հայ մշակութային գործիչների պանթեում, որը հետագայում կոչվեց Կոմիտասի անունով: