ԱԺԲ-ն օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որ դադարեցնում է համագործակցությունը Սրբազան շարժման հետ և այլևս չի մասնակցելու հավաքներին։
Ըստ ԱԺԲ անդամների՝ պատճառն այն է եղել, որ իրենց առաջարկները եւ խորհուրդները չեն ընդունվել։
ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը նշեց, որ մի քանի անգամ փորձել են հանդիպել շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ, սակայն վերջինս այդպես էլ չի հանդիպել իրենց հետ՝ նշելով, որ զբաղված է։
-Պարո՛ն Պապյան, օրեր առաջ շարժումը հայտարարություն էր տարածել, որ դադարեցնում է համագործակցությունը Սրբազան շարժման հետ, եւ, ինչպես հայտարարության մեջ նշել էիք, պատճառն այն է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը չի օգտագործել առկա հնարավորությունները, չի ընդունել ձեր առաջարկները եւ խորհուրդները: Ինչո՞ւ այդպես ստացվեց, չէ՞ որ շարժման սկզբից ԱԺԲ անդամները ակտիվ մասնակցում էին դրան, ի՞նչն էր կտրուկ որոշման պատճառը:
-Որոշումը կտրուկ չէր, այն հասունանում էր ամիսների ընթացքում: Հայտարարության մեջ մենք նշել էինք, որ եղան դրսեւորումներ շարժման մեջ, որոնք մեզ համար անընդունելի էին: Երբ շարժումը սկզբնավորվեց Տավուշի գյուղերի հանձնման դեմ, բնականաբար, դա համապատասխանում էր մեր սկզբունքներին, եւ աջակցեցինք, նույնը, երբ հստակորեն դրված էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը, բայց շարժումն աստիճանաբար սկսեց աշխարհաքաղաքական դրսեւորումներ ունենալ, սկսեցին ներգրավվել անձինք, որոնք մեզ համար անընդունելի էին:
-Ովքե՞ր են նրանք, պարո՛ն Պապյան, կարո՞ղ եք անուններ հնչեցնել:
-Օրինակ, երբ Բագրատ սրբազանը հանդիպեց նախկին երկու նախագահների հետ, եւ երրորդի հետ էլ ուզում էր հանդիպել, բայց չհանդիպեց: Մենք միանշանակ հայտարարել ենք, որ նրանք՝ բոլոր նախկին նախագահները, մեղավոր են այս վիճակի համար եւ քրեական պատասխանատվության պիտի ենթարկվեն՝ բացի քաղաքական գնահատականից: Երբ Սրբազան շարժմանը միացան կոնկրետ անձինք, մեզ համար երեւույթը ցանկալի չէր, բայց հանդուրժելի էր, սակայն երբ նման քայլեր արվեցին, բնականաբար, դրանք արդեն քանդեցին համախմբման հիմնական խարիսխը:
Նույնը եւ, երբ շարժումը սկսեց միանշանակորեն հանդես գալ, ինչ-որ սեմինարների մեջ ներգրավվել, պրոռուսական ճառախոսություն սկսեց ի հայտ գալ, եւ դա այն պարագայում, երբ ԱԺԲ-ին, օրինակ, հնարավորություն չէր տրվում պաշտոնապես դիրքորոշում արտահայտել: Բնականաբար, մեր դիրքորոշումը հետեւյալն էր՝ չպետք է խառնել հարցեր, որոնց շուրջ չկա կոնսենսուս, պիտի շարժումը մնա հստակ, միագիծ՝ իր պահանջների մեջ: Երբ այն սկսում է աշխարհաքաղաքական ընդգրկումներ ունենալ, կամ Արցախի հարցի վերաբերյալ դրսեւորումներ, մեզ համար դրանք դարձյալ ընդունելի չեն:
-Ինչո՞ւ Արցախի հարցի վերաբերյալ դիրքորոշումներին համաձայն չեք:
-Մեզ համար Արցախի անկախությունը ընդունելի չէ, որովհետեւ համարում ենք, որ Արցախի անկախության գաղափարը ներդրված է «դրսից» ու կբերի կործանման. Հայաստանից բազմամիլիարդ գումարներ են փորձելու կորզել, որը մենք չենք կարողանալու վճարել, եւ որը հրահրելու է պատերազմ:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼՂ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը նոր շինծու մեղադրանք է առաջադրել, որն ավելի շատ զավեշտի է նման:
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւի խոսքով՝ ի թիվս նախորդ մեղադրանքների, նրանք մեղադրվում են նաեւ «պատմամշակութային հուշարձանների ոչնչացման» համար:
Դատախազը հավելել է, որ ձերբակալվածների բոլոր իրավունքները իբրեւ թե «պաշտպանված» են, նրանցից յուրաքանչյուրն ունի մի քանի փաստաբան եւ իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից 15-ի նկատմամբ:
2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած զանգվածային ռազմական ագրեսիայի հետեւանքով ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության մի մասն ապօրինաբար կալանավորվել է, տարվել Բաքու։
Նրանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ ու խմբավորումներ ստեղծելու, ահաբեկչության նպատակով վարժանքներ անցկացնելու համար։
Այժմ Բաքվում գերեվարված ու կալանքի տակ են պահվում ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Արայիկ Հարությունյանը, նախկին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը եւ ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾԵԼՈՒ ԽՈՍՏՈՒՄԸ ԴՐԺԵՑ
2018 թվականի օգոստոսի 17-ին՝ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կառավարությունն ինչպես ձեւավորվել է այս հրապարակում՝ կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին, եւ սրանից հետո կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին: Մեր կյանքում առաջիկայում համատեղ ջանքերով մենք պիտի ուժեղացնենք հանրաքվեի ինստիտուտը, եւ բազմաթիվ որոշումներ ժողովուրդը պետք է կայացնի հանրաքվեներով: Խոսքը վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ համապետական հանրաքվեներին, եւ ուրեմնմ առաջիկայում պետք է կատարվեն այնպիսի փոփոխություններ, որ քաղաքային, մարզային, պետական, անգամ միջազգային կարեւորագույն իրադարձությունների վերաբերյալ կառավարությունը եւ ժողովուրդը միասին որոշում կայացնեն հանրաքվեներով»:
Այս խոստումը ծայրից ծայր դրժել է Նիկոլ Փաշինյանը: Արցախի հարցը նա լուծեց միանձնյա՝ անգամ ՀՀ նախագահն ու ԱԺ իր խմբակցությունը տեղյակ չէին, Սյունիքից. կոնկրետ սահմանային հատվածներ Վաղարշակ Հարությունյանի ստորագրությամբ հանձնվեցին Ադրբեջանին, Տավուշի Կիրանց բնակավայրը կիսվեց միանձնյա՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, սրանք միայն ՀՀ տարածքային ամբողջականության մասն էին, իսկ ներքին հարցերում միանձնյա գրոհները շարունակվում են: Այս տարվա մայիսի 9-ին ճիշտ այնքան մարդ էր հավաքվել Հանրապետության հրապարակում, որքան իր ելույթի օրը, եւ հավաքվածները Փաշինյանի հրաժարականն էին պահանջում, սակայն նա հրաժարական չտվեց: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը տոտալ կերպով խաբել է:
Շարունակությանը կարող եք հետեւել ArmLur.am լրատվականում։