Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության շուրջ ՔՊ-ում տեղի ունեցող խմորումները, կարծես թե, հասան նպատակին։
Երեկ՝ առավոտյան ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ խմբակցության պատգամավորները ստորագրահավաք են իրականացնում Գրիգոր Մինասյանին հեռացնելու համար, սակայն 71 պատգամավորներից 27-ն է միայն միացել նախաձեռնությանը։
Ավելի վաղ հայտնել էինք նաեւ, որ Գրիգոր Մինասյանի դեմ այս արշավի կազմակերպիչն է ՔՊ-ական Արփի Դավոյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հանձնարարությամբ։
Մինասյանի դեմ դավեր նյութողների թվում է նաեւ Լուսինե Բադալյանը՝ Լուլուն։ Արփի Դավոյան-Լուսինե Բադալյան-Անդրանիկ Քոչարյան եռյակը կուսակցության դռնփակ նիստերից մեկի ժամանակ հրապարակավ բողոքել է, որ դժգոհ է նախարար Գրիգոր Մինասյանի աշխատանքից, քանի որ նա Միքայել Մինասյանի եղբայրն է, եւ հայտարարել են, որ այդ պատճառով էլ նրա պաշտոնանկության հարցով ստորագրահավաք են սկսելու։ Սակայն եռյակի այս նախաձեռնությունն այնքան էլ միանշանակ չի ընդունվել ՔՊ-ում, անգամ Նիկոլ Փաշինյանն է ասել, որ ինքը գոհ է Գրիգոր Մինասյանի աշխատանքից ու պատգամավորներից պահանջել է՝ հիմնավոր պատճառներ ներկայացնեն, թե ինչու նախարարը պետք է պաշտոնանկ արվի։
Ճնշումների արդյունքում Մինասյանը ազատման դիմում ներկայացրեց՝ ինչպես օրեր առաջ նման ճնշումների արդյունքում նորանշանակ փոխնախարար Սիվիկ/Սիրվարդ Գեւորգյանը:
Նախարարի՝ աշխատանքից ազատման դիմումը կա, սակայն վարչապետը այն կստորագրի, թե ոչ հարցական է։
Այնուամենայնիվ, փաստն այն է, Նիկոլ Փաշինյանը գոհ է Մինասյանի աշխատանքից։
Ավելի վաղ՝ երեկ առավոտյան, Գրիգոր Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը:
Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ:
Մեծապես շնորհակալ եմ եւ միշտ ջերմությամբ կհիշեմ ինձ բարությամբ ընդունած եւ աջակցած բոլոր մյուս պատգամավորներին, ընկեր դարձած կառավարության բոլոր գործընկերներին եւ, իհարկե, ինձ մեծագույն հնարավորություն տված վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Արդարադատության ոլորտի բարեփոխման համար նրանց հետ եւ նրանց օգնությամբ շատ բան ենք արել նաեւ այս վերջին երկու տարիներին: Կառավարության ծրագիրը մեր մասով հաստատ գերակատարված է միջոցառումների քանակի եւ որակի առումով: Կառուցված ճանապարհն ու դպրոցը մարդիկ միանգամից են տեսնում եւ վայելում, բայց նոր արբիտրաժային համակարգի, հարկադիր կատարման վերափոխված ծառայության, թվայնացված քաղաքացիական դատավարության, կայացած պրոբացիայի ծառայության եւ բազմաթիվ այլ բարեփոխումների կամ հարյուրավոր օրենսդրական ու ռազմավարական փոփոխությունների արդյունքները բոլորս կվայելենք որոշ ժամանակ անց:
Մարդիկ արդարադատության նախարարներից միշտ սպասել են արդարության արագ եւ անմիջական վերականգնում: Դա նախարարի գործառույթ չէ: Դա վերապահված է իրավապահներին ու դատարաններին:
Մենք քաղաքականություն մշակողն ենք եւ ինստիտուցիոնալ համակարգը բարելավողը: Երկու ուղղությամբ էլ շատ բան է արվել արդեն: Պտուղները կլինեն շուտով, բայց արդեն հաջորդ նախարարների օրոք:
Իհարկե, կարելի էր ավելի համբերատար լինել, մնալ եւ պայքարել այս ամենի համար եւ շարունակել հանգիստ ներկայացնել կատարված հսկայածավալ աշխատանքը, բայց ես որոշեցի վերադառնալ ինձ ավելի հարազատ միջավայր: Արդարադատության ոլորտին կարելի է նպաստել նաեւ մասնավոր հատվածում»:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն արձագանքել է Քամալա Հարրիսի՝ Հայաստանի Անկախության օրվա առիթով արված հայտարարությանը։
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ հանձնախումբը ավելի վաղ բացասաբար է գնահատել ինչպես Բայդենի գործող, այնպես էլ Թրամփի նախկին վարչակազմերի գործունեությունը հայկական հարցերի վերաբերյալ, հատկապես Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներում։
ՀՀ անկախության օրվա առթիվ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի գործող փոխնախագահ Քամալա Հարրիսը հրապարակել է ուղերձ՝ ուղղված ամերիկահայությանը։ Դրանում Հարրիսը աջակցություն է հայտնել «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքին»։ Դեմոկրատ թեկնածուն նաեւ նկատել է. «Մենք երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանությունը», ինչպես նաեւ հանձնառու է «Հայաստանի եւ իր հարեւանների միջեւ ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը հարգող կայուն խաղաղությանը հասնելուն»:
Անդրադառնալով փոխնախագահ Հարրիսի հայտարարությանը՝ Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է. «Որպես փոխնախագահ՝ Քամալա Հարրիսը մի ամբողջ տարի ուներ գործելու Արցախի վերադարձի իրավունքի համար՝ ԱՄՆ առաջնորդությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի միջոցով, սակայն նա այս մասին սկսել է խոսել (ամերիկահայերի, ոչ թե ՄԱԿ-ի անդամ երկրների հետ) ընտրություններից միայն 40 օր առաջ, երբ հայ ընտրողները կարող են վճռորոշ լինել առանցքային տատանվող նահանգներում: Հատկանշական է, որ փոխնախագահ Հարրիսը, որի վարչակազմը զինել է Ադրբեջանի ցեղասպանական շրջափակումը եւ հարձակումը Արցախի վրա, մատ անգամ չբարձրացրեց եւ նույնիսկ ձայն չբարձրացրեց 2023 թ. Ադրբեջանի ագրեսիայի դեմ»։
«ԴԱՐՁԵ՛Ք ՊԱՅՔԱՐԻ ԶԻՆՎՈՐ…».
ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆ
«Մտնում ենք մեր պայքարի, հաղթանակի, հույսի փուլ՝ հետեւողական, աննահանջ, համառ, համբերատար պայքարի փուլ, որը երաշխավորված է հաղթանակով»: Այս մասին իր ուղերձում հայտարարել է Սրբազան պայքար շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ բոլորին հրավիրելով հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18:30-ին, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին։
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր պետության համար օրհասական այս օրերին մենք պարզապես սխալվելու իրավունք չունենք։ Սա նյարդերի պայքար է։ Ամուր նյարդերով, աննահանջ կամքով, ճշմարտության եւ արդարության հետամուտ մարդկանց պայքար է, ովքեր լի են ուրախությամբ եւ պատվով։ Ով հավատում է այս պայքարի ճշմարտությանը՝ թող դառնա նրա զինվորն ու կատարի պահանջվածը։
Հուսահատության, խեղճության եւ կասկածամտության, անզորության զգացումի ժամանակ չունենք։ Վերլուծությունների, մեկնաբանությունների, քննարկումների ժամանակը վաղուց սպառված է։
Եկել է բռունցքվելու եւ գործելու ժամանակը։ Ես ինձ ամբողջությամբ նվիրել եմ այս պայքարին՝ Տիրոջ կոչին անսալով։
Սպասելու եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում՝ հայոց գալիք հաղթանակի տեսիլքով։ Գնալո՛ւ ես, Նե՛ռ… Հայկի ժառանգները գալիս են…»։