«Կասպերսկի» ընկերության լուծումները 2024-ի առաջին 8 ամիսներին հետ են մղել Հայաստանում գտնվող կորպորատիվ օգտատերերի համակարգիչների վրա բեքդորների օգտագործմամբ 10 180 գրոհ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հետ է մղվել 7 089 գրոհ։ Այդ գրոհների քանակն աճել է 44%-ով։ Բեքդորը ծրագիր է, որը չարագործները տեղադրում են կոտրանքի ենթարկված համակարգչում, որպեսզի կրկին հասանելիություն ստանան այդ համակարգչին:
Ընկերության տվյալներով՝ Հայաստանում 2024-ի հունվար-օգոստոսին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմակերպությունները 38%-ով ավելի շատ են ենթարկվել էքսպլոյտների կիրառմամբ գրոհների՝ 23 469 գրոհ 17 035-ի դիմաց։ Էքսպլոյտը նկարագրում է հավելվածում կամ գործառնական համակարգում սխալը կամ խոցելիությունն օգտագործելու համար նախատեսված ծրագիրը, կոդի կամ տվյալների մի հատվածը: Էքսպլոյտն օգտագործելով՝ չարագործն ստանում է հավելվածին կամ գործառնական համակարգին չարտոնված հասանելիություն եւ դրանց շահագործման հնարավորություն։ էքսպլոյտները հաճախ կոչվում են այն խոցելիության անվանմամբ, որը դրանք օգտագործում են համակարգ ներթափանցելու համար:
Երկրում կորպորատիվ օգտատերերի համակարգիչների վրա ստիլերների գրոհների քանակը նույնպես մնում է բարձր մակարդակի վրա։ 2024-ի առաջին 8 ամիսներին դրանք եղել են 8 720-ը, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (6 194) համեմատ կազմել է 40%։ Ստիլերները գողանում են համակարգչի տվյալները, ներառյալ՝ գաղտնաբառերը:
«Կասպերսկի» ընկերության մասին
«Կասպերսկի»-ն միջազգային ընկերություն է, որը 1997-ից աշխատում է տեղեկատվական անվտանգության եւ թվային գաղտնիության ոլորտում: Այսօրվա դրությամբ ընկերությունը պաշտպանել է ավելի քան 1 միլիարդ սարք զանգվածային կիբեռսպառնալիքներից եւ թիրախային գրոհներից, եւ նրա կուտակած գիտելիքներն ու փորձը հետեւողականորեն փոխակերպվում են նորարարական լուծումների եւ ծառայությունների՝ ամբողջ աշխարհում բիզնեսի, կրիտիկական կարեւոր ենթակառուցվածքների, պետական մարմինների եւ շարքային օգտատերերի պաշտպանության համար: «Կասպերսկի» ընկերության ընդարձակ պորտֆոլիոն ներառում է վերջնական սարքերի պաշտպանության առաջադեմ տեխնոլոգիաներ, մի շարք մասնագիտացված պրոդուկտներ եւ ծառայություններ, ինչպես նաեւ կիբեռիմունային լուծումներ՝ բարդ եւ անընդհատ զարգացող կիբեռսպառնալիքների դեմ պայքարելու համար:
Մենք օգնում ենք ամբողջ աշխարհում 200 հազար կորպորատիվ հաճախորդների պաշտպանել իրենց համար ամենաարժեքավորը:
Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«ԴԵՆԴՐՈՊԱՐԿԻ» ՎՆԱՍԻ ՉԱՓԵՐԸ ՉԵՆ ՃՇՏՎԵԼ
2020թ.-ից Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կողմից ապօրինի կերպով Աղստեւի հունը փոխելու, գետի հունում երկար, բետոնե պատ կառուցելու հետեւանքով «Դենդրոպարկը» մնացել է առանց ոռոգման ջրի, ծառայգում չորացել են շուրջ 25 000 տնկիներ, 1500-ից ավելի հազվագյուտ ծառեր ու թփեր, որոնցից մոտ 250 տեսակը «Դենդրոպարկում» արդեն վերացել է։ 2023թ. փետրվարի 2-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (այժմ նախկին) Լեւոն Գաբրիելյանի եւ Իջեւանի գինու, կոնյակի գործարանի միջեւ կնքվել է վարձակալության պայմանագիր, 5,7 հա տարածքը, որը «Դենդրոպարկի» մաս է, հատկացվել է գինու, կոնյակի գործարանին՝ հանգստի գոտու վերածելու նպատակով։ Իջեւանի գինու, կոնյակի գործարանն առանց շինթույլտվության հենապատ կառուցելու համար 2021թ. մարտի 29-ին տուգանվել է 200 հազար դրամի չափով։ Սակայն գործարանը դրանից հետո շարունակել է կառուցապատումը եւ 2021թ. հուլիսի 14-ին երկրորդ անգամ է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով։ 2021թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով եւ 290 հոդվածի 1-ին մասով քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն որեւէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ։ Պատճառված վնասի չափերը պարզելու համար նշանակվել է փորձաքննություն, որը, սակայն, անցած 3 տարում չի անցկացվել։ Սեպտեմբերի 24-ին տեղեկատվական հարցում ենք ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին` ուղղելով հետեւյալ հարցերը. «Աղստեւի մաս հանդիսացող ջրային հողն առանց ՀՀ ջրային կոմիտեի եզրակացության վարձակալությամբ Իջեւանի գինու, կոնյակի գործարանին հանձնելու եւ գետի հունում ապօրինի շինարարություն կատարելու դեպքի առթիվ 2021թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով եւ 290 հոդվածի 1-ին մասով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Անցել է գրեթե 3 տարի, որեւէ մեկին մեղադրանք առաջադրվե՞լ է, ըստ փորձաքննության որքա՞ն է կազմում Աղստեւին, Իջեւանի «Եենդրոպարկին» պատճառված վնասը»։ Սեպտեմբերի 26-ին ստացել ենք ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կ. Շառոյանի ստորագրությամբ պատասխան, որտեղ նշված է. «Ի պատասխան սույն թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահին ուղղված հարցման, հայտնում եմ, որ Ձեր կողմից նշված քրեական վարույթը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունից ուղարկվել է Տավուշի մարզի դատախազություն՝ նախաքննության հետագա կատարումն ըստ քննչական ենթակայության փոխանցելու հարցը քննարկելու նպատակով»։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ