2004 թվականին Հայաստանը միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, և 2008 թվականից Հայաստանը հոկտեմբերի 12-ը նշում է որպես Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր:
ՀՀ առողջապահության նախարարության 2022 թվականին հրապարակած տվյալների համաձայն՝ 16 տարեկանից բարձր բնակչության 27,9%-ը ծխում է: Ծխողների գերակշիռ մասը տղամարդիկ են (տղամարդկանց 51,5%-ը, կանանց` 1,8%-ը), դեռահասների շրջանում՝ կյանքում երբևէ ծխախոտ օգտագործել են 15 տարեկան տղաների 21%-ը և աղջիկների 3%-ը: Հայաստանում ամեն տարի ծխախոտով պայմանավորված հիվանդություններից մահանում է ավելի քան 5500 բնակիչ:
Տարեսկզբին տեղեկատվական դաշտում հայտնվեց լուր, որ ԵԱՏՄ իրավական կարգավորումների շրջանակում Հայաստանը պարտավորվել է թույլատրել վաճառքի միայն համապատասխան մակնշմամբ տուփերով ծխախոտ: Սա նշանակում է, որ ԵԱՏՄ անդամ Հայաստանի շուկայում կարող է վաճառվել (արտադրվել, ներմուծվել) ծխախոտ, որի տուփի վրա առկա է ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների տեսակների պատկերներ: Սակայն շուկայում եղած ուսումնասիրությունն այլ բան է վկայում։
Բանն այն է, որ խանութներում վաճառվող ծխախոտներն ամենևին էլ գրաֆիկական պատկերներով տուփերով չեն։ Հայաստանում 2022 թվականի առաջին եռամսյակում 4 միլիոն սիգարետ է արտադրվել, 2023 թվականին այդ ցուցանիշը գրեթե 4.7 միլիոն է՝ 16.5 տոկոսով ավելին:
ArmLur.am-ը օրենքի փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո փորձեց ստանալ վիճակագրություն՝ արդյոք ծխախոտի օգտագործման կամ վաճառքի քանակի փոփոխություն գրանցվել է և ինչպիսի ազդեցություն է ունեցել ծխողների վարքագծի վրա, արդյոք նկատվում է ծխախոտի սպառման նվազում:
Բանավոր հարցմամբ դիմեցինք ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին և Առողջապահության նախարարություն, որտեղից մեզ փոխանցեցին, որ 2024 թվականի ծխախոտի օգտագործման և օրենքի ընդունումից հետո տեղի ունեցած փոփոխությունների մասին տվյալները կարող են տրամադրել միայն համապատասխան հարցման դեպքում, որն արդեն ուղարկված է նախարարություն։
Էկոնոմիկայի նախարարությունից էլ փոխանցեցին, որ հարցի հասցեատերն իրենք չեն։
Հարկ է նշել, որ ծխախոտի վերաբերյալ ուսումնասիրություններ Վիճակագրական կոմիտեն վաղուց չի հավաքագրում։
Հարց է առաջում, գրեթե երեք եռամսյակ գործարկվող օրենքի գրանցած արդյունքները ոչ մի կերպ հավաքագրված չեն։ Թե ով պետք է վերահսկի օրենքի կիրառումը պարզ է, սակայն այն ինչքանով է իրականացվում, հարցական է։
Էմմա Միքայելյան