Քաղաքային իշխանությունը ապօրինաբար մանդատից զրկել էր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին, եւ այդ որոշումը «Մայր Հայաստան»-ը բողոքարկել էր դատական կարգով։
Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է եղել «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը։
-Տիկի՛ն Աղեկյան, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է քաղաքային իշխանությունը կենտրոնացած ընդդիմադիր գործիչների վրա՝ զրկելու նրանց մանդատից:
-Քաղաքային իշխանությունը, աշխատելու փոխարեն, այն դեպքում, երբ քաղաքում խնդիրներն ահռելի թիվ են կազմում եւ ոչ մի ոլորտում խնդիրների լուծում չկա, ջանում են ակտիվ ընդդիմադիր քաղաքական գործիչներին հեռացնելու՝ նրանց մանդատից զրկելու:
Փոխարենը կարող էին լուծել խնդիրները, բյուջեի հարցերը կարգավորել եւ թոթափել քաղաքացիների դիմումները՝ հեշտացնելով նրանց կյանքը:
Պետք է նշել, որ Երեւանի գործող քաղաքային իշխանությունը չի ստացել Երեւանի քաղաքացիների վստահության քվեն, նրանք միայն մոտ ինը տոկոսը կցելով-կցմցելով, կուլիսային կեղտոտ գործարքների միջոցով՝ կարողացան իրենց ձեռքում պահել քաղաքային իշխանությունը: Մեր քաղաքացիները պետք է հիշեն, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «քույրիկ» կազմակերպությունը նախընտրական եւ ընտրական գործընթացների ընթացքում ինքն իրեն հայտարարում էր որպես ընդդիմադիր: Ստացվում է, որ կորզելով քաղաքացիների վստահությունը, իրենք դավեր էին նյութում երեւանցիների թիկունքում եւ ընդդիմադիր էին ձեւանում, որպեսզի կարողանան այդ ձեւով գոնե Տիգրան Ավինյանին նստեցնեն Երեւանի քաղաքապետի աթոռին: Տգեղ իրավիճակ է, երբ ավագանիում ընդդիմադիր տեսակետով հանդես եկած մյուս խմբակցությանը եւս պայթեցրին եւ նույնպես գործիք դարձրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձեռքում: Փոխանակ աչալուրջ լինեն՝ խնդիրներին լուծումներ տալու համար, նրանք փորձում են լռեցնել: Իրենց նպատակը Երեւան համայնքը ծաղկեցնելը եւ զարգացնելը չէ, այլ լռեցնելը բոլոր նրանց, ովքեր փորձում են կապի մեջ լինել քաղաքացիների հետ եւ բարձրաձայնել նրանց խնդիրները: Նրանք կեղտոտ գործողությունների մեջ են, մինչդեռ քաղաքացիները խցանումների մեջ են, քաղաքը բեռնաթափված չէ, աղտոտվածության շեմը թույլատրելին անցել է: Մենք տեսնում ենք, թե ինչպես է գործում հանրային տրանսպորտը՝ թե՛ վերգետնյա, թե՛ ստորգետնյա, թե ինչ վիճակում են կոյուղաջրերն ու ջրահեռացման համակարգերը: Այս ամենի մասին կարող ենք մի քանի ժամ խոսել, սակայն նրանք քաղաքում խնդիրները լուծելու նպատակ չունեն, այլ պարզապես իմիտացիա են ստեղծում խնդիրների լուծման՝ համայնքային բյուջեից իրենց գործուղումների, տարբեր չակերտյալ մշակութային միջոցառումների կազմակերպման համար գումարներ ծախսելով: Սակայն այս ամենի ընթացքում քաղաքացիների խնդիրներն իրապես չեն լուծվում:
Օրինակ՝ քաղաքացիների ընդունելությունները սահմանափակված էին եւ միայն մեր բարձրաձայնելուց հետո, իբր, ընթացակարգ մշակվեց, սակայն նման որեւէ փորձ չի եղել:
Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ
ՈՒՄ ԿԸՆՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ կանի. ՔՊ-ականները պետք է քվեարկությամբ որոշեն՝ ով պետք է փոխարինի Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարարի պաշտոնում։
ՔՊ-ում ի սկզբանե հակված են եղել, որ այդ կարեւոր պաշտոնը պետք է իրենց կուսակցության անդամներից որեւէ մեկը զբաղեցնի։
Իշխող թիմը տարբեր թեկնածուներ է քննարկել՝ Արփի Դավոյան, Արուսյակ Ջուլհակյան, Վլադիմիր Վարդանյան, Հերիքնազ Տիգրանյան, քննարկվել է նաեւ Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։
Թեկնածուների ցանկը, սակայն, գնալով սեղմվել է, քանի որ մեծ մասը՝ Վլադիմիր Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Սիսակ Գաբրիելյանը հրաժարվել են այդ պաշտոնին առաջադրվելուց։
Արդյունքում, երկու թեկնածուների շուրջ է ընթացել քննարկումը՝ Արուսյակ Ջուլհակյան եւ Արփի Դավոյան (թեեւ վերջինս առհասարակ կապ չունի իրավաբանության եւ արդարադատության հետ)։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում երկար քննարկումներից հետո հասկացել են, որ Արփի Դավոյանի թեկնածությունը զավեշտալի է, անգամ Նիկոլ Փաշինյանի սրտով չի եղել դա, չնայած, որ վերջինս ասել է՝ վարչության նիստին՝ քվեարկելիս, կորոշեն։
Ինչպես արդեն «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել է, Արփի Դավոյանի լոբբինգով ՔՊ-ում զբաղվում են հենց ինքը՝ Դավոյանը, որի բաղձալի երազանքն է արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնելը, ինչպես նաեւ նրա մտերիմ Անդրանիկ Քոչարյանը։
Այս պահի դրությամբ ՔՊ-ում արդարադատության նախարարի հավանական թեկնածուն Արուսյակ Ջուլհակյանն է, ով նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է։
Ամեն դեպքում, այս պահի դրությամբ վարչության նիստին կորոշեն արդարադատության նախարարի հարցը։
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 227
2019 թվականի մայիսի 19-ին՝ ՀՀ ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Քննչական կոմիտեն ջանքեր կգործադրի խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը բացահայտելու համար. նման պայմանավորվածություն եղել է»։
Բայց իրականում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը բացահայտված չեն։ Զոհերի հարազատները այս ընթացքում բազմիցս բողոքի ակցիաներ են արել, հավաքվել են եւ ԱԺ-ի եւ կառավարության դիմաց եւ նշել, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո որեւէ արդյունք չկա. ունեցել են մի քանի հանդիպում ՔԿ-ում, դատախազությունում, սակայն՝ անարդյունք։
Միաժամանակ, բանակում խաղաղ պայմաններում զոհերի թիվը, ցավոք, քիչ չէ։ Համաձայն դատախազության՝ News.am-ի հարցման պատասխանի՝ 2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 8-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ եւ ԱՀ ՊԲ-ում արձանագրվել է զինծառայողների մահվան 63 դեպք, որից միայն 5-ը` սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։ 2022-ին գրանցվել է 64 դեպք, սակայն ոչ թե 7 ամիսներին, այլ 12։ Նույն թվականին եւս 224 զինծառայող զոհվել է սեպտեմբերյան հարձակման հետեւանքով։ 2021-ին գրանցվել է մահվան 74 դեպք։
19.01.2023թ. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ բռնկվեց, որի հետեւանքով զոհվեց 15 զինծառայող։ Քննությունն այն մասով է, թե ինչպես պատահեց հրդեհը, ով բենզինը բերեց, ով լցրեց եւ այլն, սակայն պատշաճ բացատրություն չտրվեց, թե ինչու է պաշտպանության նախարարությունը զինվորներին պահում խրճիթային պայմաններում։