Անահիտ Ավանեսյանը մասնավոր ծննդատուն է բացում՝ համայնքայինը փակելու գնով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Քանաքեռ-Զեյթուն ծննդատունը», որը հիմնադրվել է 1950-ական թվականներին եւ գործում է առ այսօր, կարող է փակվել, եւ շուրջ 60 աշխատակից մնալու է անգործ:

Առաջին հայացքից թվում է, թե մերօրյա Հայաստանում նոր բան չէ գործող բժշկական կենտրոն փակելը՝ առանց հիմնարար վերլուծությունների եւ տեսլականի՝ պարզաբանելով, թե՝ «բժշկական ծառայությունների հասանելիության, որակի, մատչելիության նպատակով է արվում»: Նմանօրինակ աղմուկ էլ Գավառի բժշկական կենտրոնի շուրջ էր ծավալվել, որին «Ժողովուրդ» օրաթերթը օրերս անդրադարձել էր։ Ամեն ինչ այդքան պարզունակ չէ, եւ երբ ավելի հանգամանորեն ենք ուսումնասիրում եղելությունը, նկատում ենք «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ի փակման ե՛ւ պատճառները ե՛ւ շարժառիթները:

Երեւանի քաղաքապետարանը վերջերս իրականացրած ԲԿ-ների, պոլիկլինիկաների օպտիմալացման ծրագրի մեջ հատկապես «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ն որեւէ հիմնարկի հետ չի միավորել, ընդհակառակը՝ գործող ծառայությունը որոշվել է լուծարել՝ փակել: Ավելի հասկանալի կլիներ, եթե Երեւան քաղաքի ավագանու՝ 2022 թվականի հոկտեմբերի 18-ի ««Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունն անվանափոխելու, կանոնադրության փոփոխությունը հաստատելու եւ «Լեւոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ-ին միացման ձեւով վերակազմակերպելու մասին» հ.651-Ա որոշման մեջ ներառված լիներ նաեւ «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ն, իսկ եթե հիշենք, որ ծննդատան տեղակայումը շատ մոտ է, եւ ոչ վաղ անցյալում «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի հետ 8-րդ հիվանդանոցի կազմում է եղել, ապա ծննդատունը փակելը անտրամաբանական է: Իհարկե, այս ամենին եւս կա բացատրություն. «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ մինչեւ 2023 թվականը «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի բացումը տեւական ժամանակ քննարկվում էր. առողջապահական հանրությունը խոսում էր նոր, իր նմանը չունեցող, միջազգային ստանդարտներով մոր եւ մանկան առողջության ծառայությունների կենտրոնի բացման մասին, եւ, բնականաբար, սեփականատերերը նախապատրաստվում էին բոլոր ուղություններով: «Ուիգմորի» մուտքը առողջապահական համակարգ պետք է լիներ անխոչընդոտ,  սակայն այս հիվանդանոցին աննախադեպ շատ՝ 600 մլն դրամի պետական պատվերի տրամադրումը առողջապահության նախարարության կողմից, որը իրականացվել է այլ կլինիկաների գումարները իջեցնելու հաշվին, աննկատ չմնաց ո՛չ լրատվամիջոցների, ո՛չ էլ իրավապահ մարմինների կողմից: Նախնական պլանները ամբողջությամբ չստացվեցին, եւ հենց այդ պատճառով ծննդօգնության համար առողջապահության նախարարը մշակեց այլ մարտավարություն: Որոշեց ռիսկի չգնալ եւ 2023 թվականին իր սիրելի «Ուիգմորին» ծննդօգնության պետական պատվեր չտրամադրել: Բայց դա մեր երկրի որդեգրած մարտավարությանն է հակասում, քանի որ, ստացվում է, որ առաջին անգամ ՀՀ-ում ծավալվում են ծննդօգնության վճարովի ծառայություններ, բայց մենք խթանում ենք անվճար ծննդօգնության ծրագիրը:

Բայց իրականում «Ուիգմոր» բժշկական կենտրոնը դժվար թե վճարովի ծննդօգնություն երկար ժամանակ ցուցաբերի, քանի որ Երեւանի քաղաքապետարանը ոչ թե օպտիմալացնում է, այլ փակում է «Ուիգմորի» ծննդատան հարեւանությամբ մեկ այլ ծննդատունը՝ ճանապարհ հարթելով արտոնյալի կոչում ունեցող այդ կլինիկայի համար:

Իհարկե, պետության, քաղաքային տնտեսության տեսանկյունից տրամաբանական կլիներ, եթե Երեւանի քաղաքապետարանը զարգացներ իր ենթակայության տակ գտնվող բժշկական ծառայությունները եւ 60 աշխատակցի չթողներ առանց աշխատանքի, բայց «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի» բիզնես ծրագիրն ավելի կարեւոր է, եւ թեեւ 2023 թ. ծննդօգնության պետական պատվեր չեն ստացել, ամեն դեպքում նրանք իրականում հող են նախապատրաստում հետագա անխոչընդոտ պետական պատվերով ծննդօգնության համար՝ տարածքից վերացնելով մրցակցին:

Իհարկե, Անահիտ Ավանեսյանի հնարամտությունն ընդունելի կլիներ, եթե նա այդպես վերաբերվեր պետական ծրագրերին՝ էլեկտրոնային դեղատոմս, առաջնային օղակի բարեփոխում, առողջության ապահովագրություն, պայքար վիրուսային հիվանդությունների դեմ եւ այլն:

Էմմա Միքայելյան

 

 

 

Հայաստանում գործում է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազման եւ կանխարգելման մասին» ՀՀ օրենքը, որը ենթադրում է, որ պետք է ԵԱՏՄ անդամ պետություններում, այդ թվում՝ ՀՀ-ում եւս, ծխախոտները լինեն միանման փաթեթավորմամբ, պարունակեն մարդու առողջությունը վտանգող ահասարսուռ տեսարաններով նկարներ՝ դրանով նպաստելով ծխախոտի օգտագործման դեմ պայքարին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրել է, որ մեր երկրում շարունակվում են (իհարկե փակ ստենդներից) վաճառվել «ոչ սարսափելի տեսարաններով», գեղեցիկ դիզայնով ծխախոտի տարբեր արտադրանքներ: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը հարցում ուղարկեց ՀՀ առողջապահության նախարարություն՝ հետաքրքրվելով՝  ա) հետեւողական եղե՞լ եք արդյոք կառավարության առաջարկով Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի կիրառման արդյունքներին։ Օրինակ՝ տնտեսվարողների քանի՞ տոկոսն է ծխախոտը վաճառում նշված կանոնակարգին համապատասխան, բ) օրենքի կիրառման քանի՞ խախտում է արձանագրվել, գ) ի՞նչ ընթացք են ունեցել բացահայտված դեպքերը, դ) կա՞ն հստակ անձինք, որոնք ենթարկվել են պատասխանատվության՝ օրենքի խախտման համար: Այս հարցերին ՀՀ առողջապահության նախարարությունից 4 էջ պատասխան են գրել՝ տեղեկացնելով, որ գլխավոր քարտուղարի տեղակալ Արմինե Ավոյանը 2023 թվականի հունիսին, ՀՀ ԱՆ նախաձեռնությամբ, ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է ծավալել՝ միատեսակ փաթեթավորման ներդրման վերաբերյալ, սակայն Ղազախստանն ու Ղրղզստանը դեռ դիրքորոշում չեն հայտնել, իսկ ՌԴ-ն եւ Բելառուսը հայտնել են, որ այս պահին նպատակահարմար չէ միատեսակ փաթեթավորման կիրառումը, ու քանի որ կոնսենսուս չկա, հարցը դեռ չի լուծվել: Մյուս հարցերի մասով առողջապահության նախարարությունը պատասխանատու չէ: Ստացվում է, որ առողջապահության ոլորտի թիվ մեկ կազմակերպիչ Անահիտ Ավանեսյանը, որ հաճախ է խոսում ծխախոտի դեմ պայքարի մասին, մեր երկրում ընդունված օրենքի կիրառման բացակայությունը կապում է ՌԴ-ի, Բելառուսի կամ այլ պետությունների հետ:

 

 

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում նոր կռվի թիրախ է հայտնվել: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ ՔՊ-ականները կուլիսային խոսակցություններում դժգոհում են, թե վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը մեծ տեղ է տալիս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, որը, փաստացի, թանգարաններում կամ մշակութային այլ վայրերում լուրջ դեմքով շրջելուց եւ Փաշինյանի ուղարկած փաստաթղթերը դակելուց զատ՝ որեւէ այլ գործառույթ չի կատարում: ՔՊ-ականներին զայրացրել է Փաշինյանի եւ Վահագն Խաչատուրյանի այս մտերմությունը: Ինչպես իշխանականներն են վրդովված պատմում մասնավոր զրույցներում՝ Նիկոլ Փաշինյանը ոչ հրապարակային, առանձին հանդիպումներ է ունենում նախագահի հետ, նրա հետ կարեւոր հարցեր քննարկում, հաճախ նաեւ խորհրդատվության համար է դիմում Խաչատուրյանին, սակայն իր հարազատ խմբակցությանը վերաբերվում է որպես հավաքական անկարողների: Կարճ ասած՝ ակնհայտ ցույց է տալիս թիմակիցներին, որ որքան էլ դժգոհեն Խաչատուրյանից, միեւնույնն է՝ չի հեռացնելու նրան:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը քննելու է Երեւան քաղաքի դատավոր Արման Հովհաննիսյանը։ Դատավոր Հովհաննիսյանը դատական համակարգում աչքի է ընկել իր օբյեկտիվ որոշումներով ու մշտապես, առանց կաշկանդվելու, բարձրաձայնել է դատական համակարգում տիրող իրավիճակը։ Ավելին՝ ԲԴԽ-ի թեթեւ ձեռքով արդեն երկրորդ անգամ դատավոր Արման Հովհաննիսյանի անունը հեռացվում է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից: Նրան հեռացնելով՝ քաղաքական իշխանությունների իրենց ցանկալի դատավորին են առաջ տանում. խոսքը, օրինակ, Հրայր Թովմասյանի գործը քննող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի մասին է։ Հիշեցնենք, որ խնձոր նետելու հայտնի դեպքով  ձերբակալվել էր 71-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը։ Ալբերտ պապիկի բնակության վայրը մանկահասակ երեխաների ներկայությամբ ենթարկվել էր խուզարկության՝ խնձոր գտնելու նպատակով։ Արդյունքում, Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու դեպքով Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու համար. նրա նկատմամբ ընտրվել է «բացակայելու արգելք» խափանման միջոցը։

 

 

 




Լրահոս