«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանի հետ զրուցել է Սահմանադրական դատարանի կողմից հրապարակված որոշման մասին, որի համաձայն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման պետական հանձնաժողովի կարգը սահմանադրական է:
-Պարո՛ն Մանուկյան, հարցազրույցը կբաժանենք երկու մասի. նախ կխոսենք վերջերս՝ սեպտեմբերի 26-ին, Սահմանադրական դատարանի կողմից հրապարակված որոշումից, որի համաձայն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման պետական հանձնաժողովի կարգը սահմանադրական է: Այսինքն, Սահմանադրական դատարանն այս հարցում որեւէ խնդիր չի տեսել, եւ առաջիկայում իշխանությունը պատրաստվում է կանոնակարգն ուղարկել Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողով: Ձեր դիրքորոշումն է հետաքրքիր. ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ սպասել այդ ամենից առաջիկայում:
-Փորձել ենք տարբեր քաղաքական գործիչների եւ իրավաբանների, ինչպես նաեւ սահմանադրական դատարանի նախկին անդամների ու իրավագետների հետ խոսել: Շատ, թե քիչ արդեն երկար ժամանակ է օրենքների հետ աշխատանքի դաշտում եմ, բայց գլուխ չենք հանել, թե այդ որոշմամբ ինչ են ցանկացել ասել. դրանով անհասկանալի իրավիճակ են ստեղծել: Այն մոտ 30 էջանոց, բարդ տերմիններով լի խուճուճ տեքստ է՝ համադասական, ստորադասական նախադասություններով: Մինչեւ հասնում ես վերջին՝ մոռանում ես, թե սկզբում ինչ էր գրված: Բացարձակ իրավաբանական տեքստ չէ, ոչ էլ իրավական բառապաշարով է գրված: Հիմնական ասելիքը թաքցնելու համար, երեւի թե, պատմական էքսկուրս են արել, եւ դա արել են նաեւ հատուկ կարծիքի հեղինակները, որի կարիքն ամենեւին չկար. ավելորդ շփոթ է առաջացնում: Անդրադառնում են Սահմանադրության ծագմանը, ինչը չեմ հասկանում՝ ինչ կապ ունի որոշման հետ: Ամեն դեպքում, այս փաստաթուղթը իրավաբանական փաստաթուղթը չէ, պատմական խուճուճ ակնարկ է, որի նպատակը ամենեւին դա չէր: Եթե նպատակը կանոնակարգի հաստատումն էր, կանոնակարգին համապատասխանության հարցն էր Սահմանադրությանը, ապա իրենք կարող էին մեկ-երկու էջով, ինչպես սովորաբար լինում են որոշումների դեպքում, ասեին, որ դա համապատասխանում է Սահմանադրությանը:
Բայց այստեղ, բացի հակաիրավաբանական ու խուճուճ մոտեցումից, ուղերձ կա Ադրբեջանին: Այդ ամբողջ տեքստը ուղերձ է ոչ թե Ազգային ժողովին կամ հասարակությանը, այլ Արդբեջանին՝ արդարացնելու, որ այդ հռչակագիրը կարող է Սահմանադրության մաս չլինել, հռչակագիրը չէ, որի հիման վրա պիտի հիմնված լինեն հայ-ադրբեջանական հարաբերությունները: Դա արդարացում էր ի դեմս Ալիեւի պահանջների, եւ մեկ օր չանցած Ադրբեջանն արձագանքեց: Երեւի իրենց առջեւ խնդիր էին դրել, որ Ադրբեջանը հայտնի, որ առանց այդ փաստաթղթի էլ կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել: Իրենք պարզապես փորձել են հիմնավորումներ եւ արդարացումներ ներկայացնել՝ արդարացնելու «Խաղաղության պայմանագիրը»:
Սակայն Ադրբեջանը մեկ օր չանցած արձագանքեց՝ նշելով, որ այդ տարբերակը չի ընդունում եւ Ալիեւի ամբողջական պահանջներն են խաղաղության պայմանագիրը ստորագրելու հիմքում: Հենց այդ հայտարարությամբ էլ հերքվեց իշխանության այդ պարզունակ «բլեֆը»:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ