Խմբագիրները անուններ են պահանջում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Լրատվական դաշտի կարգավորմանը միտված «ֆեյքերի մասին» օրինագիծը թեժ քննարկումների առիթ հանդիսացավ։ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մարտի 31-ին «Վիրավորանքը եւ զրպարտությունը համացանցում» թեմայով խորհրդարանական լսումներին հայտարարեց, որ օրինագիծը մշակել են` մի շարք թերթերի խմբագիրների եւ լրագրողների խնդրանքին ընդառաջ գնալով, սակայն անուններ չթվեց: ԲՀԿ-ական պատգամավորի այս հայտարարությունն առաջացրեց խմբագիրների զարմանքը:

Առցանց «Առավոտ»-ի խմբագիր Աննա Իսրայելյանն «Ժամանակի» հետ զրույցում նշեց` այդ օրինագծի անհրաժեշտությունը չկա: «Ես կցանկանայի, որ մեր նախկին գործընկերը հրապարակի որեւէ լրագրողի կամ խմբագրի անուն, ով կողմ է այս նախաձեռնությանը, քանի որ այդ ամբողջ ընթացքում, ինչ այս օրինագիծը դրվել է շրջանառության մեջ, լրատվամիջոցների որեւէ կողմ ելույթի ես չեմ հանդիպել»,- ասաց նա:

«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ ուղղակի չի պատկերացնում` ով կարող է այդ հիմար քայլին դիմած լինել, ինքը` Սեյրանյանը, չի դիմել: Նրա կարծիքով` տեղին է լրատվամիջոցների ղեկավարների կոչը ԲՀԿ խմբակցության քարտուղարին, որ` իսկապես, եթե իրեն խմբագիրները դիմել են, այն էլ, ինչպես ինքն է ասում` շատ հայտնի անձինք, ապա թող անուններ հրապարակի:

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի համար եւս անհասկանալի է` ո՞ւմ է անհրաժեշտ այս օրինագիծը, եւ արդյոք ո՞ր խմբագիրը կարող է դիմած լինել նման նախագիծ մշակելու խնդրանքով:

«Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գեւորգյանը կարծում է` ինչքան քիչ կարգավորվի լրատվական դաշտը, այնքան լավ: Նա նշեց` Ամերիկայի Միացյալ Նահանգներում լրատվամիջոցների աշխատանքն ընդամենը Սահմանադրության` մի քանի հարյուր տարի առաջ գրված մի հոդված է կարգավորում:

Իսկ դաշտի կարգավորման ամենաարդյունավետ ու ճիշտ տարբերակը, ըստ Գեւորգյանի, ինքնակարգավորումն է»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս