Խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մի քանի հարց ուղղեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
«Հայաստան» խմբակցության պատգամավորը հարցրել է. «Տիկի՛ն Վարդապետյան, խոսեցիք դատավարությունների ողջամիտ ժամկետների մասին: Այսօր արդեն երկու տարի 45 օր է, ինչ կալանքի տակ է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը: Ամեն անգամ դանդաղ ընթացող դատաքննությանը խափանման միջոցի միջնորդություններին մեղադրողը պատասխանում է, որ վկաների հարցաքննությունը ավարտելուց հետո նոր կարելի է անդրադառնալ խափանման միջոցի փոփոխությանը: Նախաքննության որակին դեռ չեմ անդրադառնում: Մի հատվածով ամբողջությամբ «փլվել» է մեղադրանքը, մյուսն էլ պարզապես զավեշտի է վերածվում, երբ շարքային զինվորը հարցաքննության ժամանակ կարող է գնահատական տալ վերադասի գործողություններին: Դեռ, մոտավորապես, 160 վկա կա, եթե դատաքննությունն այս տեմպերով շարունակվի, ապա 13 տարի էլ պիտի ընթանա, դեռ բարոյական կողմին չեմ անդրադառնում: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի այն հրամանատարը ամենաճակատագրական ու դժվար պահին համաձայնեց ստանձնել այդ պարտականությունը: Որպես իրավաբանի եւ Գլխավոր դատախազի եմ հարցնում՝ իրավաբանորեն որքանո՞վ է բարոյապես նորմալ Հայաստանի զինված ուժերում ծառայություն անցած, 16 տարեկանից արցախյան ազատամարտի մասնակցություն ունեցած, բարձր պաշտոններ զբաղեցրած, ճակատագրական պահին պատասխանատվություն ստանձնած զինվորականին, իմ համոզմամբ, քաղաքական նպատակով եւ լոկ Նիկոլ Փաշինյանի կամքով երկու տարի 45 օր եւ չգիտեմ դեռեւս որքան պահել անազատության մեջ»:
Հարցին ի պատասխան՝ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասել է, որ իրավական համակարգի դիրքորոշումը ներկայացված է մեղադրական եզրակացության մեջ, իսկ պատգամավորի դիրքորոշումը քաղաքական է, որի դեպքում զսպվածություն ունեն համակարգի ներկայացուցիչները:
«Ձեր դիրքորոշումները փաստաբանական կողմի մեկնաբանություններն են, մենք մեղադրանք ենք ներկայացրել դատարանում եւ մեղադրանք ենք պաշտպանում: Ազգային ժողովի ամբիոնը դատարանի դահլիճ չէ, որ ես հիմա, որպես մեղադրող, ներկայացնեմ Արեգասարի դրվագը կամ մյուսները, որոնք ամրագրված են մեղադրական եզրակացության մեջ: Դատավարությունն էլ հրապարակային է, ոչ ոք չի արգելում գնալ, նստել եւ լսել: Ինչ վերաբերում է խափանման միջոցին, ապա քանի դեռ վկաների վրա անօրինական ազդեցություն գործադրելու թեկուզ աննշան վտանգ լինի, դատախազությունը յուրաքանչյուր մեղադրյալի դեպքում դեմ է լինելու խափանման միջոցի փոփոխությանը, քանի որ դա վտանգում է քննությանը: Մենք քաղաքական մեկնաբանություններ չենք մեկնաբանում»:
Ի պատասխան Գլխավոր դատախազի մատնանշմանը, թե դատին կարող են ներկայանալ, Գեղամ Մանուկյանն ասել է, որ Միքայել Արզումանյանի դատական նիստերը ընթանում են դռնփակ:
«Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականներին, ապա ես քաղաքական մարդ եմ եւ քաղաքական գնահատականներ եմ տալիս, նաեւ հասկանալով, թե քրեական գործը ինչ քաղաքական տարր է պարունակում: Դուք կարող եք թաքնվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիկունքում, բայց ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններից ավելի քան հստակ է դառնում, որ գործ ունենք քաղաքական հետապնդման հետ եւ այս ամբողջ իրավաբանությունը մեկ կողմում է եւ գերակա է քաղաքականությունը»:
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ԹԱԹՈՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼՈՆԴՈՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ
Լոնդոնում Արման Թաթոյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկել է`
– Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ու պատանդների ազատ արձակման եւ Հայրենիք վերադարձի պարտադիրությունը:
– Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված մեր հայրենակիցների արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձը:
– 2020 թվականից ի վեր Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի տարածքների ադրբեջանական օկուպացիայի եւ մարդկանց համար աղետալի շարունակվող խախտումները՝ ներկայացնելով մարդկանց նկատմամբ ադրբեջանական ամենօրյա հանցանքների ապացույցներ:
Լոնդոն այցը կազմակերպվել է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի հետ համագործակցությամբ։
Հանդիպմանը ներկա գտնվել նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ինչպես նաեւ առցանց մասնակցել են Արցախի մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպան Արտակ Բեգլարյանը, ինչպես նաեւ միջազգային ատյաններում գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը: